HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը

Ապրիլի 28-ից մայիսի 26-ը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը:

Փառատոնի հանդիսավոր բացումը «Վիվա Իտալիա» համերգային ծրագրով տեղի կունենա ապրիլի 28-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ծրագրին մասնակցում են երիտասարդ տաղանդաշատ երգիչներ Մերի Մովսիսյանը (սոպրանո), Ռիմա Խաչատրյանը (մեցցո-սոպրանո), Արշակ Կուզիկյանը (բարիտոն), փառատոնային նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ:

«Ազգային պատկերասրահը» կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով, որի շրջանակում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերմանը (ԱՄՆ), «Ակլարդիոն» դուետը (Ռուսաստան)՝ Եվգենի Վարավկոն (կլարնետ) և Մարիա Վլասովան (ակորդեոն), ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի ազգային օպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» համույթը (Վրաստան):

Փառատոնի հանդիսավոր փակման համերգը կրում է «Նվիրում Հենդելին» խորագիրը: Համերգին կմասնակցեն երիտասարդ սերնդի ճանաչված երաժիշտներ Մանե Գալոյանը (սոպրանո), Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Կարեն Հակոբյանը (կոնտրտենոր, ԱՄՆ), Ջուլիետա Վարդանյանը (կլավեսին), Արմեն Մայիլյանը (շեփոր), փառատոնային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արամ Թալալյան):

Փառատոնն այս տարի կհյուրընկալվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, քանի որ Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում, որտեղ ավանդաբար անցկացվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, Երևանը՝ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առթիվ բացվել է «Գրի հավերժություն» խորագրով բացառիկ ցուցահանդեսը:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը հովանավորում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: 2008 թ.-ից փառատոնն ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter