HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ․ գերեզմանատան վարիչը բարեկարգված տարածք տրամադրելու դիմաց հուղարկավորվող անձանց հարազատներից ստացել է 1 մլն 420 հազ․ դրամ կաշառք

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները պարզել են, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող անձը՝ նույն գերեզմանատան հսկիչի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով սահմանված համապատասխան ծառայությունների արժեքը վճարված լինելու պայմաններում գերեզմանատանը բարեկարգված տարածք տրամադրելու, ինչպես նաև գերեզմանափոսը փորելու դիմաց հուղարկավորվող անձանց հարազատներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլն 420 հազ․ դրամ կաշառք:

Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780 000 դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին և օրինական շահերին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պաշտոնատար անձանց կողմից կատարված նույնաբնույթ այլ դեպքերը հայտնաբերելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Փաստի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանքների կատարման անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են գերեզմանատան վարիչը և հսկիչը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է: 

ԱԱԾ-ն հայտնում է, որ միայն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար որպես պատիժ օրենսդիրը նախատեսել է ազատազրկում յոթից տասներկու տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter