
Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը
Հայաստանի միգրացիոն ծառայության աշխատակազմը` ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, այսօր ընդունեց Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությանը` քննարկելու Հայաստանի` դիտորդի կարգավիճակով ցանցին միանալու հնարավորությունը: Այս մասին հայտնում են միգրացիոն ծառայությունից։
Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008-ին, միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելն է և ապահովելը անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն` Եվրոպական միությունում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով: Ցանցը կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու նաև հանրության լայն շերտերի համար:
ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, պատրաստակամություն հայտնեց կիսվելու հայաստանյան միգրացիոն փորձառությամբ, գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ և համապատասխանաբար ստանալու նաև տեղեկություններ ցանցի գործունեության, կառուցվածքի և փորձառության մասին:
«Այս հանդիպումը կարևոր է և՛ մեզ համար` հասկանալու Եվրոպական միգրացիայի ցանցին միանալու առավելությունները, դիտորդի կարգավիճակի առանձնահատկությունները, և՛ ձեզ համար` ծանոթանալու հայաստանյան փորձին, պատկերացում կազմելու մեր միգրացիայի և ապաստանի համակարգի վերաբերյալ»,- ասաց նա:
Եվրոպական միգրացիոն ցանցը անհրաժեշտության դեպքում արդյունավետ համագործակցային կապեր է ստեղծում ԵՄ անդամ երկրների և Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ այլ երկրների միջև:
Եվրոպական միգրացիայի ցանցի ներկայացուցիչ Ադոլֆո Սոմմարիբասը իր հերթին պատրաստակամություն հայտնեց անմիջական և թափանցիկ համագործակցություն հիմնելու համար:
«Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ որքան սերտ, անմիջական և արագ են գործընկերների միջև շփումները, այնքան արդյունավետ է ստացվում համագործակցությունը: Ուստի մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերն ու փոխանակվելու փորձով, որպեսզի կայուն աշխատանքային կապեր ստեղծենք»,- ասաց նա:
Հանդիպումը կազմակերպվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Գրասենյակի ղեկավար Քարել Հոֆթրան ևս կարևորեց դետալային քննարկումը՝ փորձի երկկողմ փոխանակման և անհրաժեշտ փաստերի արձանագրման համատեքստում:
2021 թ-ին Վրաստանն ու Մոլդովան ցանցին միացել են որպես դիտորդներ:
Մեկնաբանել