HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պաշտոնական Երեւանն անողնաշար է, իսկ Ստեփանակերտը` ոչ ինքնուրույն

Սա քարվաճառցի քաղաքագետի կարծիքն է

Քաղաքագետ, պատմաբան, Քարվաճառի (նախկին Քելբաջար) բնակիչ Ալեքսանդր Քանանյանն ասում է, որ Երեւանն ու Ստեփանակերտը չպետք է թույլատրեին ԵԱՀԿ հատուկ հանձնախմբի այցը ազատագրված տարածքներ, որի նպատակը դրանցում վերաբնակեցման հանգամանքների ուսումնասիրումն էր: Բանն այն է, որ սա արդեն երկրորդ այցն է (առաջինը եղել է 2005-ի սկզբին) հայկական ուժերի կողմից ազատագրված տարածքներ, սակայն նույն փաստահավաք հանձնախումբը չի այցելել ադրբեջանցիների բռնազավթած հայկական բնակավայրեր, այնինչ դեռ 2005-ին Մինսկի խմբի համանախագահները շատ վերացական ասել էին, որ այցելելու են նաեւ Շահումյանի շրջան ու Գետաշենի ենթաշրջան:

«Արցախում քաղաքական ղեկավարությունը որպես հակակշիռ խոսում է միայն այդ տարածքների (Շահումյան, Գետաշեն) մասին, մինչդեռ ես գտնում եմ, որ մենք հարցն ավելի հիմնավոր պիտի դնենք: Հյուսիսային Արցախում (այժմյան Աղստաֆայի, Դաշքեսանի, Գյանջայի, Գեդաբեկի շրջաններում) կային շուրջ 30 գյուղեր, որոնք ունեցել են հոծ հայկական բնակչություն, որոնց ճակատագրի մասին խոսք չկա,- շեշտում է քաղաքագետը:- Այս այցի թույլտվությունը վկայում է Երեւանի անողնաշարության եւ Ստեփանակերտի ոչ բավարար ու մեզ համար ակնկալելի ինքնուրույնության կամ սեփական կարծիքի արտահայտման բացակայության մասին: Հերթական անգամ մեր հարգելի Դավիթ Բաբայանը (ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը) վերացական հույս է հայտնում, որ 2011-ին կթույլատրվի համանախագահների նման այցելություն կազմակերպել Հյուսիսային Արցախի բռնազավթված հայկական բնակավայրեր»:

Քաղաքագետ ու պատմաբան Քանանյանը բավականին կոշտ վերաբերմունք ունի ԵԱՀԿ հանձնախմբի ու Միսկի խմբի համանախագահների այցելություններին. «Որպես 10 տարի այդ տարածքում ապրող մարդ, այդ հասարակության ակտիվ ներկայացուցիչ` ես ինձ իրավունք եմ վերապահում ասել համանախագահներին. պարոնայք, դուք կարող եք հաճախ գալ մեր հողն ու մեր տները որպես հյուր, բայց այս տարածքի նկատմամբ մեր ինքնիշխանությունն անվիճալի է` անկախ Երեւանում ձեզ տրվող թյուրիմացական խոստումներից: Այդ տարածքը լքելու որեւէ ցանկություն մենք չունենք, այդ տարածքը մենք պահելու ենք մինչեւ վերջ, բոլոր հնարավորություններով: Ողջ հայությունը այդ հարցում մեծապես աջակցելու է մեզ եւ ձախողելու է ցանկացած ոտնձգություն, ազատագրված տարածքների թեկուզ մի մասը հանձնելու հանցավոր ամեն մի փորձ»:

Ա. Քանանյանը ներկա է եղել 2005-ի փաստահավաք առքելությանը: Հիշում է, որ երբ այդ ժամանակ խմբի անդամները ժամանել էին Քարվաճառ, ուկրաինացի դիվանագետը վարչակազմի շենքի առաջ սկսել էր բարձրաձայն մեղադրանքներ տեղալ հայերի հասցեին, թե նրանք ինչ իրավունք ունեն խոսել ցեղասպանությունից, երբ իրականացրել են ադրբեջանցիների լայնածավալ տեղահանում, ցեղասպանական այլ արարքներ եւ այլն: Ա. Քանանյանը արձագանքել է այդ ռեպլիկներին` ասելով, որ ուկրաինացի հյուրը գտնվում է Արցախի տարածքում ու պարտավոր է հարգել ոչ միայն մեր պատմությունն ու զոհերի հիշատակը, այլեւ մեր բարցարձակ անվիճարկելի ինքնիշխանությունը տվյալ տարածքի նկատմամբ:

2005-ին կատարված ընդհանուր եզրակացությունն այն էր, որ պետությունը վերաբնակեցում չի իրականացնում, եւ մարդիկ հիմնականում փախստականներ են: Քաղաքագետը հաստատում է, որ, իրոք, ազատագրված տարածքների բնակչության նկատելի հատվածը փախստականներ են Բաքվից, Գանձակից, Շահումյանի, Մարտակերտի բռնազավթված գյուղերից, սահմանամերձ շրջաններից: Ու այսօր էլ ԼՂՀ եւ ՀՀ ԱԳՆ-ների պաշտոնական դիրքրոշումն այն է, որ պետությունը վերաբնակեցում չի իրականացնում, եւ որ տարածքի բնակչությունը գերազանցապես բաղկացած է փախստականներից եւ ռազմական գործողություններից տուժած մարդկանցից:

«Ասել, որ ծրագրված վերաբնակեցում չի եղել, առանձնապես չի նշանակում մեղանչել ճշմարտության դեմ,- նշում է քաղաքագետը,- իհարկե, ի պատիվ (շատ չափավոր կերպով) ինչ-ինչ ժամանակահատվածի մեր վարչակարգերի` կարելի է հիշատակել որոշակի տարածքների վերաբնակեցման նկատմամբ աջակցության առկայություն: Սակայն ի սկզբանե վերաբնակեցումը ռազմավարական չափեր ու բովանդակություն չի ընդունել: Այսինքն` մի քանի տասնյակ տներ եւ փոքր թվով բնակավայրեր մասնակի վերականգնելով, ինչպես եւ ասվել է ԵԱՀԿ-ին, իշխանությունները կատարել են իրենց մարդասիրական պարտականությունների ընդամենը մի փոքր եւ, կարելի է ասել, աննշան բաժինը»:

Ալեքսանդր Քանանյանը Մինսկի խմբի համանախագահներին յուրօրինակ բնութագիր տվեց. «Նրանք, չասեմ շարքային, բայց ոչ էլ խիստ բարձրաստիճան դիվանագետներ են, որոնք պարզապես իրենց լավ են զգում, որ այդ գործով են զբաղվում, որովհետեւ այս առաքելությունը իրենց թույլ է տալիս տարիներ շարունակ պարբերաբար այցելել տարբեր մայրաքաղաքներ, ընդունվել այս կամ այն ղեկավարության կողմից, այդ թվում` որոշ գերտերությունների կարեւոր անձանց հետ պարբերական շփումներ ունենալ եւ, առհասարակ, վայելել կյանքը: Այս մարդիկ շատ քաջ են գիտակցում իրենց կողմից մշակվող նախագծերի անիրականանալի լինելը»:

Քարվաճառի բնակիչը հիշում է հատկապես ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի եւ ռուսաստանցի նախկին համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ շփումը 2005-ի առաքելության օրերին: Իր այն դիտարկմանը, թե անկախ Երեւանի որեւէ հայտարարությունից` հայ ժողովուրդը չի հանդուրժելու ազատագրված տարածքի հանձնում, քանզի դա ուղղակիորեն մահաբեր է մեր պետականության եւ անվտանգության հիմքերի համար, Մերզլյակովը «շատ ցինիկ» պատասխան է տվել. «Նա ասաց. ի վերջո, դուք` հայերդ, որքան էլ խելացի լինեք, հրեաներից ավելի զորեղ չեք: Եթե հրեաները ստիպված են դատարկել իրենց որոշ վերաբնակեցրած բնակավայրեր (այդ ժամանակ Գազայի շրջանում տեղի էր ունենում հրեական բնակավայրերի բռնի ապաբնակեցում), ապա հայ ժողովուրդը առավելեւս չի կարողանա դիմակայել եւ ստիպված կլինի տարածքներ հանձնել: Ես նշեցի, որ երբ 1967-ին հրեաները դուրս եկան Հորդանանի ափ, իրենց մեջքի հետեւում թողել էին որոշակի գործոն, դա արաբական բնակչությունն էր, իսկ այստեղ` Քարվաճառում, այդ գործոնը (ադրբեջանցիները) չկա: Նա տարօրինակ կերպով ինձ նայեց, ինչին էլ ի պատասխան ասացի, որ դա, այնուամենայնիվ, խնդիր չէ, չէ՞ որ միջազգային հանրությունը տերիտորիալ համաձայնագրերով նույն Բոսնիայում, օրինակ, ճանաչել է էթնիկական խմբերի վերատեղաբաշխման անխուսափելիությունը` ըստ իրենց վերահսկողության գոտիների: Բացի այդ` ես Մերզլյակովին ասացի, որ նա նկատի ունի 1967-ի պատերազմի արդյունքները, որն Իսրայելի համար առաջին պատերազմը չէ: Ու ինքն էլ ստիպված խոստովանեց, որ եթե Ադրբեջանը եւս մեկ անգամ պատերազմ սկսի եւ ձախողվի, ապա հակամարտության լուծման ժամանակ խոսք կգնա միայն երկրորդ պատերազմի օրոք ազատագրվելիք տարածքների վերադարձի մասին»:

Քաղաքագետ պատմաբանը կարեւորում է, որ միջազգային ներկայիս նախադեպային իրավունքը ձեւավորվել է 1945-ին հաստատված իրողությունների եւ պայմանավորվածությունների հիման վրա: Այդ նախադեպային իրավունքով եղել են հակամարտությունների այնպիսի կարգավորումներ, որոնք հիմնված են բնակչության պարտադիր տեղաշարժերով ձեւավորված վերահսկողության նոր գոտիների վրա: ԼՂՀ-Ադրբեջան ներկայիս ճակատային գիծն արտացոլում է հենց այդպիսի փոխզիջումային երեւույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter