HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հայկ Մարությանի խորհրդականի՝ գլխացավանք դարձած կառուցապատման ծրագիրը

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդականի մոր անունով իրականացվող կառուցապատման ծրագիրը գլխացավանք է դարձել հարևան տան բնակիչների համար։

Քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թ․-ի ապրիլի 20-ին իր խորհրդական Արթուր Սարգսյանի մորը՝ Անաիդա Օդաբաշյանին նախագծման թույլտվություն է տրամադրել (ճարտարապետահատակագծային առաջադրանք)։ Անաիդա Օդաբաշյանն այդ թույլտվությունը ստանալուց հետո Երևան քաղաքի Սունդուկյան 22 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողակտորի համար բնակելի շենքի նախագիծ պետք է կազմեր։ Նախագծման առաջադրանքի համաձայն` 577 քմ հողակտորի վրա առկա է եղել քանդման ենթակա տուն և օժանդակ շինություն։

Կառուցապատող Անիդա Օդաբաշյանի գույքի անմիջական հարևանությամբ՝ Սունդուկյան 24ա հասցեում բնակվող ընտանիքը 2019 թ.-ից չի կարողանում կառուցապատման նախագծի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ։ Իսկ քաղաքաշինական նորմերի խախտումների վերաբերյալ նրանց բազմաթիվ բողոքները հետևանք չեն ունենում։ 

Մշտապես Սունդուկյան 24ա հասցեում բնակված Գայանե Պետրոսյանը Հայկ Մարությանի խորհրդականի մոր՝ կառուցապատման խնդրահարույց ծրագրի առնչությամբ դիմել է մի շարք պաշտոնատար անձանց և գերատեսչությունների։ Դրանց թվում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի ավագանու անդամները, ավագանու 2 հանձնաժողով, ԱԺ նախագահը, արդարադատության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, վարչապետի ենթակայության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, դատախազությունը։

Բոլոր կառույցների դռները թակելուց հետո Գայանե Պետրոսյանը դիմել է «Հետք»-ի խմբագրություն:

Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվելուց 2 ամիս անց Հարվարդի համալսարանում «տարածքային և քաղաքաշինության զարգացման» որակավորում ստացած Արթուր Սարգսյանին նշանակել է իր խորհրդական։ Պետական կառավարման համակարգում նա մոտ 10-ամյա աշխատանքային փորձ ունի։ Արթուր Սարգսյանի մայրը՝ Անաիդա Օդաբաշյանը, 2019 թ.-ին գնել է Սունդուկյան 22 հասցեի տունը։ Մեկ տարի անց Անաիդա Օդաբաշյանը ստացել է նախագծման թույլտվություն, ամիսներ անց՝ քանդման թույլտվություն։ 

Սունդուկյան 24ա հասցեի բնակիչներն ապագա կառուցապատման ծրագրի մասին իմացել են այն ժամանակ, երբ արդեն նախկին հարևանը հայտնել է իր տունը վաճառելու մտադրության մասին։ Միևնույն ժամանակ խնդրել է, որ Գայանե Պետրոսյանը տա իր համաձայնությունը, որ գնորդը կարողանա կառուցապատում իրականացնել։ Չիմանալով նույնիսկ, թե ով է գնորդը, կառուցապատողը և ինչ է կառուցվելու իրենց տան հարևանությամբ, Գայանե Պետրոսյանը մերժել է հարևանին։ Շատ չանցած՝ տունը և հողակտորը վաճառվել է, որից հետո տարածք են եկել երկու տղամարդ։ Մեկը ճարտարապետ է եղել, մյուսը՝ քաղաքապետի խորհրդականը՝ Արթուր Սարգսյանը։

«Ասեց՝ քաղաքապետի խորհրդականն եմ, իմ մայրն է սեփականատերը, մենք այստեղ պատրաստվում ենք շենք կառուցել, ձեզ էլ ուզում ենք առաջարկություն անել»,- պատմեց Գայանե Պետրոսյանը։

Արթուր Սարգսյանը հարևաններին առաջարկել է որոշակի տարածք հատկացնել կառուցվելիք շենքում, որի դիմաց Սունդուկյան 24ա հասցեի տունն էլ պետք է դառնա կառուցապատողի սեփականությունը։ Ոչ շահավետ առաջարկի վերաբերյալ մերժում ստանալուց հետո Արթուր Սարգսյանը մեկ անգամ էլ է Գայանե Պետրոսյանի հետ հաղորդակցվել, երբ քանդվում էր Սունդուկյան 22 հասցեում առկա տունը։ Քանդման աշխատանքներն իրականացվել են պատերազմի ժամանակ։ Գայանե Պետրոսյանը պատերազմում զոհված հորաքրոջ որդու հոգեհանգստին գնալիս ձայներ է լսել, պարզվել է, որ նոր հարևանը քանդման աշխատանքներ է իրականացնում։ Մի շարք կառույցների ահազանգելուց հետո նրան զանգահարել է քաղաքապետի խորհրդականը։

«Երբ ես ասեցի դատախազություն կդիմեմ, ինքը զանգեց, ասեց՝ ոչ գեղեցիկ բնույթի նամակներ եք գրում քաղաքապետարան։ Ասեցի՝ չհասկացա՞։ Կամ բնույթը ինքը որտեղի՞ց գիտեի, ինքն իրավունք չունի, չէ՞, դրան ծանոթանալու, օրենքով այդպես չի՞»,- զարմացած ասում է Գայանե Պետրոսյանը։

Երևանի քաղաքապետարանից մեզ են տրամադրել նախագծման թույլտվությունը, դրա համար հիմք հանդիսացած էսքիզային նախագիծը, որը երևում է ստորև: Իհարկե, համաձայնեցման փուլերում բոլորովին այլ տեսք է ստացել նախագիծը, սակայն հարկ է տեսնել, թե ինչ էր ի սկզբանե ցանկանում կառուցել կառուցապատողը։

Քաղաքապետարանի խորհրդականի կողմից հայտարարությունների տեղադրման հայաստանյան կայքերից մեկում աշխատանքային նախագծերից մի քանի նկար է հրապարակվել։ 

Նախագծման թույլտվության վիճահարույց դրվագները

Սունդուկյան 22 հասցեի կառուցապատողին տրված նախագծման թույլտվության 9.4 կետում բացակայում է կառուցապատման խտության գործակիցը։ Դա կառույցի ընդհանուր մակերեսի հարաբերությունն է հողամասի մակերեսին։

Թույլտվության 9.5 կետում նշված է, որ կառուցապատման տոկոսը 60 է (ներառյալ սալվածքներն ու ճանապարհները)։ «Դա թույլ է տալիս, որ մեր հարևանությամբ մինչև հողամասի վերջը կառուցապատում անեն և այդ 15-16 մետրանոց պատով փակեն մեր լուսավորությունը։ Այդ պատի տակ մենք ապրենք։ Մեր ամբողջ բակը մնում է ստվերի տակ, խոնավ տարածքի է վերածվում»,- մտահոգված նշում է Գայանե Պետրոսյանը։

Այդ ամենից բացի, կառուցապատողն իրավունք է ստացել նախագծել ստորգետնյա/կիսաստորգետնյա, մինչև 3 լիարժեք և 1 մանսարդային հարկերով կառույց՝ առավելագույն բարձրության նիշը համապատասխանեցնելով արևմտյան հարևանությամբ գոյություն ունեցող բնակելի տան բարձրության նիշին: Բնակելի լիարժեք հարկերի բարձրությունը հարկից հարկ ընդունել մինչև 3․3 մ։

«Նախագծման թույլտվությունով թույլ են տվել ստորգետնյա և կիսաստորգետնյա ավտոկայանատեղի կառուցի։ 5-7մետր պետք է խորանա։ Եթե քանդման ժամանակ մեր տունը խարխլվում էր, ապա այդ դեպքում մեր տունը կփլուզվի։ Ճարտարապետի հետ էի խոսում, ասում է՝ կարող է ձեր տունը փլուզվի»,- նշում է Գայանե Պետրոսյանը՝ շարունակելով, որ նույն թույլտվության մեջ պայման կա՝ «դեպի հարևան հողամասեր դիտահայաց կողաճակատները նախատեսել խուլ՝ առանց լուսային բացվածքների կամ կահավորել վերնափեղկերով։ Գայանե Պետրոսյանն արդեն 5 ամիս է չի կարողանում Արմեն Ղուլարյանի ղեկավարած Քաղաքաշինության կոմիտեից ստանալ մի պարզ հարցի պատասխան, թե ո՞րն է վերնափեղկի և պատուհանի տարբերությունը։ Օրենքի խախտմամբ քաղաքացու գրավոր հարցմանը մինչ օրս չեն պատասխանում։

«Բանավոր ասում են՝ վերնափեղկը պատուհանն է, բառարանով պատուհանի բացվածք է, պատուհանից չի տարբերվում»,-ասում է մեր զրուցակիցը։ Քաղաքաշինական նորմերով հարևանի հողամաս դիտահայաց պատուհան տեղադրելն արգելվում է։

Տեսչական մարմինը խախտումներ է գտել 

Վարչապետի ենթակայությամբ գործող քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ուսումնասիրել են Անահիտ Օդաբաշյանին տրված նախագծման թույլտվությունը, համաձայնեցման ենթակա նախագիծը։ Երևանի քաղաքապետարանից տեղկացրեցին, որ քաղաքապետի տեղակալ Հրաչ Սարգսյանը բերված նախագծի համապատասխանությունը ստուգելու համար ն 2020 թ-ի նոյեմբերին գրություն է ուղարկել տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին, որին ի պատասխան տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է խախտումները։ Տեսչական մարմինը մի շարք խախտումներ է հայտնաբերել։ 

Նախ՝ աշխատանքային նախագծում առկա կանաչապատման և կառուցապատման տոկոսները գերազանցել են նախագծման թույլտվության մեջ ամրագրված տոկոսները։ Գլխավոր հատակագծում հողամասի առկա չափերը չեն համապատասխանել կառույցի հատակագծային չափերին։ Աշխատանքային նախագծից բացակայել են հարևան կառույցներից հեռավորության սխեմատիկ նախագիծը, կից շինությունների արտացոլումը և կից կառույցների բարձրությունների նիշերը։ Եվ, որ ամենակարևորն է․ «Դեպի հարևան հողամասեր հարող ճակատներում արտացոլվել են պատուհաններ, որը չի համապատասխանում նախագծման թույլտվությունով նախատեսված վերնափեղկերի իրականացման պահանջին։ Ինչպես նաև՝ հարևան շինություններից չեն պահպանվել նվազագույն հակահրդեհային միջտարածությունները»։ 

Քաղաքապետի խորհրդականի դիրքորոշումը

Պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեցինք զրուցել քաղաքապետի խորհրդական Արթուր Սարգսյանի հետ։ Նա մեզ ընդունեց, սակայն հարցազրույցից հրաժարվեց՝ առաջարկելով մինչ այդ պարզապես զրուցել։ Այդ ժամանակ նա բանավոր, մանրամասն ներկայացրեց իր անհամաձայնությունները հարևանների հետ։ Հետագայում մեր հարցերը գրավոր ուղղեցինք Արթուր Սարգսյանին։ Թեև մեր հանդիպման ժամանակ Սարգսյանը ցույց տվեց նախագծի գրեթե վերջնական տարբերակը, սակայն մեր գրավոր խնդրանիքին ի պատասխան հրաժարվեց այն տրամադրելուց։ Արթուր Սարգսյանն իր պատասխանում նշել է, որ իր ունեցած տեղեկության համաձայն՝ նախագծում չկան այնպիսի լուծումներ, որոնք նվազեցնում են երրորդ անձանց իրավունքներն ու հնարավորությունները։

«Իմ շատ սուբյեկտիվ կարծիքով՝ հավանաբար, տեղ է գտել չհիմնավորված անտեղի բողոք, որը միգուցե նպատակ ունի ժամանակ ձգձգել՝ դրանով փորձելով կառուցապատողին պարտադրել ինչ-որ համաձայնությունների ձեռքբերում՝ նպաստելով անհիմն ուշացումներին՝ հավելյալ ուսումնասիրությունների և փորձաքննությունների առաջացմամբ»,- իր պատասխանում նշել է Հայկ Մարությանի խորհրդականը։ Նա նաև ընդգծել է, որ իր զբաղեցրած պաշտոնի բերումով չի առնչվում քաղաքաշինական բնագավառին և որևէ ազդեցություն չի կարող ունենալ կառուցապատման գործընթացի վրա։ Ավելին, կարծում է, որ մոտ 2 տարի տևող և քաղաքաշինական անհրաժեշտ փաստաթղթերի ստացման դեռ չավարտված գործընթացը ևս վկայում է այն մասին, որ իր զբաղեցրած պաշտոնը չի նպաստել գործընթացն արագացնելուն կամ հեշտացնելուն։

Հ․Գ․Նյութի հրապարակումից առաջ տեղեկացանք, որ դատախազության ցուցումով, Գայանե Պետրոսյանի բողոքի հիման վրա Քննչական կոմիտեում ուսումնասիրություն է սկսվել։ Դրա հիմա վրա կամ քրեական գործ պետք է հարուցվի, կամ քրեական գործի հարուցումը մերժվի։

Սունդուկյան 24 հասցեի տան սեփականատերերի ամբողջական առարկություններին ու փաստարկներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter