HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Բակո Սահակյանն ասում է մի բան, որին այլընտրանք չունի»

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որը նաեւ Քարվաճառի բնակիչ է, ասում է, որ ԵԱՀԿ փաստահավաք խմբի` վերջերս ազատագրված տարածքներ կատարած այցելությունից ինքը արել է հետեւյալ եզրակացությունը: Առաջին. Մինսկի խմբի համանախագահները համոզվել են, որ ներկայիս հայկական իշխանությունը չի կարողացել իրականացնել լիարժեք եւ ռազմավարական չափերի հասնող վերաբնակեցում: Երկրորդ, որն ավելի կարեւոր է. նրանք առիթ են ունեցել տեսնելու, որ տարածքը հայ մարդու կողմից այս կամ այն չափով արդեն յուրացված է, որ տարածքում առկա է հողից ամուր կառչած բնակչություն, եւ որ ՀՀ ու ԼՂՀ տարածքներում գնալով աճում է այն համոզմունքը, որ ներկայիս հրադադարի գիծը հայկական կողմը դիտարկում է իբրեւ առավելագույն փոխզիջում, ու բացի այդ` հայկական կողմը ինքնասպան չէ, որ ի հաշիվ իր անվտանգության` որեւէ բան զիջի:

Ըստ Քանանյանի` համանախագահները քաջ գիտեն, թե ինչ կարող է պատահել որեւէ հայ իշխանավորի, որը «մի օր մթագնած գիտակցությամբ պիտի հանդգնի ազատագրված տարածքի որեւէ մասը թուրքին հանձնել ինչ-ինչ սնանկ եւ ի սկզբանե ձախողված «երաշխիքների» դիմաց»: Քաղաքագետի համոզմամբ` փաստահավաք խմբի անդամներն ուղղակի ժամանակ են սպանել, եւ ԼՂ կարգավորման գործընթացը ձգվելու է տարիներ, մինչեւ որ դրան մենք այլ էական փոփոխություն եւ բովանդակություն չհաղորդենք, ինչը, սակայն, հնարավոր կլինի միայն Հայաստանում նորմալ իշխանություն ունենալու պարագայում:

Ա. Քանանյանն ասում է, որ այդ այցին պետք չէ վերաբերվել որպես մեր դիվանագիտության խոշոր պարտության. «Դա, իհարկե, տհաճ միջադեպ էր, մենք թուլություն ենք դրսեւորել, բայց, այնուամենայնիվ, դա շարքային միջոցառում էր: Եթե Սերժ Սարգսյանի պես անձին վիճակված է լինելու եւս որոշ տարիներ կառավարել, կամ եթե նրան կփոխարինի նրանից գաղափարապես եւ հայեցակարգորեն որեւէ տարբերություն չունեցող ներկայիս ընդդիմությունը, այսպիսի այցեր դեռեւս շատ երկար կարող են կրկնվել, բայց դրանից ոչ մեր վճռականությունը կպակասի, ոչ էլ հանձնողը երբեւէ հնարավորություն կունենա իր պետականակործան քայլը իրականացնել»:

Քաղաքագետը համոզված է, որ հայկական կողմի վրա գործադրվող միջազգային ճնշումները այնքան էլ ուժեղ չեն, բայց ցավալին այն է, որ դրանք հիմնականում գործադրվում են «մեր արտաքին քաղաքականության սխալների, անհեթեթությունների պատճառով: Եթե մենք ոտքներս պնդեցնենք եւ ասենք, որ ավելի շատ համաձայն ենք ստատուս-քվոյի այս իրավիճակին, ճնշումները կշատանան Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի նա պատերազմ չսկսի»: Այնինչ ասյօր հայկական կողմը, ճկունություն չդրսեւորելով, թույլ է տալիս, որ իրեն դրդեն տարածքային զիջումների:

Ա. Քանանյանի համար ընդունելի չէ հայկական կողմի դիրքորոշումը ազատագրված տարածքներում փաստահավաք առաքելություն թույլատրելու հարցում: Նա նշում է, որ Բակո Սահակյանը ԼՂՀ նախագահ դառնալուց հետո, նապատակ ունենալով փարատել այն կարծիքները, թե ինքը Սերժ Սարգսյանի նման տարածքներ հանձնող է, Բերձորում ու Քարվաճառում ԶԼՄ-ին ասել է, որ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող 12.000 քառ.կմ տարածքն ինքը դիտարկում է ԼՂՀ սահմանադրական տարածք եւ նշել է, որ վերաբնակեցումն իրենց  քաղաքականության կարեւոր պետական-ռազմավարական բաղադրիչն է: Այդ դեպքում, ըստ քաղաքագետի, ԼՂՀ իշանություններն էլ ինչու՞ չեն խոստովանում փաստահավաք խմբի առաջ, որ ազատագրված տարածքների վերաբնակեցումն առաջնային խնդիր է իրենց համար:

Քաղաքագետը նշում է, որ տարածքները պետականորեն չվերաբնակեցնելու «գլխավոր պատճառներից մեկը կատարյալ անհավատությունն է տարածքների կարագավիճակի վերաբերյալ: Շատ անգամ էլ չեն բնակեցնում, որովհետեւ, օրինակ, Ստեփանակերտում բնակելի տներ կառուցելն ու վաճառելն ավելի եկամտաբեր է, քան ազատագրված տարածքում շենքեր սարքելը: Ավելի եկամտաբեր է հերթական Հյուսիսային պողոտա սարքել Երեւանում, քան այդ գումարների 5 տոկոսով մի 25 փողոց կառուցել Արցախում: Շատ անգամ անմիջական դրդապատճառները ոչ թե քաղաքական, այլ շահադիտական բնույթի են»:

Բակո Սահակյանն ազատագրված տարածքները հայտարարել է ԼՂՀ անքակտելի մաս, ինչն ամրագրված է նաեւ ԼՂՀ Սահմանադրությամբ, իսկ Սերժ Սարգսյանն, օրինակ, ասում է, որ Աղդամը հայկական տարածք չէ, ոչ բացահայտ, բայց լայնորեն խոսվում է նաեւ մի քանի շրջանների հանձնման մասին: Սա արդյոք չի՞ նշանակում, որ պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը, ըստ էության, հակասություններ ունեն: «Հետքի» այս հարցին Ա. Քանանյանը տալիս է հետաքրքիր պատասխան.

«Եթե Բակո Սահակյանը չասի այն, ինչ ասում է, լուրջ իրավիճակում նա խնդիր կունենա անգամ Գորիս հասնել: Սրանից ավել փակագծերը չեմ բացում: Նա, այդ տարածքում գտնվելով, շատ ավելի լավ է պատկերացնում (քան Սերժ Սարգսյանի մթագնած գիտակցությունն է), թե ինչով է հղի նման բան անելու (տարածք հանձնելու) անգամ նվազագույն փորձը: Հետեւաբար, ինքը շատ անկեղծ է, բայց հաշվի առնելով նաեւ վերը նշված նկատառումը` ասում է, որ մենք իսկապես հանձնելու բան չունենք: Ինքը ուրիշ տարբերակ չունի, այդպես պիտի ասի: Այլ բան, որ նա դա հաճախ պիտի ասի ու գործուն քայլեր պիտի ձեռնարկի վերաբնակեցմանը իսկական զարկ տալու առումով: Մինչ այդ չի արել, բայց հույս ունեմ, որ կվերանայի իր վերաբերմունքը»:

Խոսելով տարածքների ենթադրյալ հանձնման ժամանակ ժողովրդի ընդվզման մասին` Ա. Քանանյանը հիշում է անցյալ տարի տեղի ունեցած մի դեպք. «Մի դասախոսության ժամանակ նախագահի աշխատակազմին մոտ անձինք ասացին, որ եթե մարտի 1-ին իշխանությունը կարողացավ իրավիճակին տեր կանգնել, ապա տարածքների հանձնման պարագայում նույնպես կկարողանա տեր կանգնել: Ես ասացի, որ հասկանում եմ, որ իրենք խորապես թքած ունեն Արցախի մերը լինել-չլինելու վրա, բայց նաեւ քաջ պիտի գիտակցեն, որ անգամ ամենավատ սցենարի դեպքում իրենք իշխանազրկվելու են, իսկ մենք մեր անվտանգությունը ռազմի դաշտում կպաշտպանենք: Սովորական հայ մարդը նման բան չի հանդուրժի, իրենք դա չեն մարսելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter