HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ազատագրված տարածքներն ադրբեջանահայերի համար լավագույն վայրն են

Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանն ասում է, որ «1988-1992 թթ. ցեղասպանությանը եւ հետագա  պատերազմական գործողություններին լուրջ գնահատական տալու» հարց են բարձրացնելու միջազգային հանրության առաջ: Նա հավաստիացնում է, որ առ այսօր ոչ մի միջազգային փաստաթղթում չի նշված ադրբեջանահայության խնդրի մասին:Այնինչ ի տրաբերություն Հայաստանից հեռացած ադրբեջանցիների, որոնք կարողացել են վաճառել իրենց տները, շարժական գույքն ու անասունը, Ադրբեջանից շուրջ կես միլիոն հայեր ուղղակի բռնի կերպով գաղթել են իրենց բնօրրանից: Եվ հիմա միջազգային կազմակերպությունները այս երկու խմբերին դնում են միեւնույն նժարի վրա` ոտնահարելով իրենց` ադրբեջանահայերի իրավունքները:

Ռ. Գյուլբանդյանը 1994-ից զբաղվել է փախստականների` ազատագրված տարածքներում վերաբնակեցմամբ: Նա, սակայն, ասում է, որ միջազգային հանրությունը միակողմանի է մոտենում վերաբնակեցման հարցին. մոնիտորինգ է անցկացվում միայն հայկական ուժերի կողմից ազատագրված տարածքներում, այնինչ նույնը պետք է արվեր նաեւ ադրբեջանահայերի լքած վայրերում: Ըստ բանախոսի` սա Ադրբեջանի եւ արտաքին ուժերի պատվերն է, որի հիմքում ընկած են էներգետիկ ընդհանուր շահերը:

«Ինչքան էլ արձանագրեն, թե այդ տարածքներում այսինչ քանակի բնակչություն կա, մենք գտնում ենք, որ դա 500.000 ադրբեջանահայության բնակության վայրն է»,- նշում է Գյուլբանդյանն ու ավելացնում, որ շուտով հրավիրելու են ադրբեջանահայության համագումար, որի նպատակներից մեկն էլ լինելու է ազատագրված տարածքներում ադրբեջանահայության իրավաքաղաքական միավորման ստեղծումը, որը զբաղվելու է վերջիններիս խնդիրներով ու համագործակցելու է ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների հետ: Բացի այդ` իրենք պահանջելու են պատժել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությանը:

Լիազոր ներկայացուցիչների կազմկոմիտեի անդամներից Արարատ Ծատուրյանը ավելացնում է, որ նախորդ դարավերջին Ադրբեջանի էթնիկական զտումների արդյունքում այսօր Աբովյանում, Չարենցավանում, Հրազդանում, Բյուրեղավանում, Մասիսի, Արարատի, Վարդենիսի, Աշոցքի շրջաններում ադրբեջանահայերի ստվար հատվածներ կան: «Անհասկանալի է, թե փախստականներին հովանավորող միջազգային կառույցներն ինչպես են երաշխավորելու մեր անվտանգ վերադարձը մեր հայրենի բնօրրրան»,- շեշտում է Ա. Ծատուրյանը` բացատրելով, որ այսօր էլ շարունակում ենք գործ ունենալ Ադրբեջանի ցեղասպան իշխանությունների հետ:

«Փախստականների համար միակ տեղն ազատագրված տարածքներն են, որոնք իրենց բնօրրանի մի մասն են: Ուրեմն իրավունք ունե՞ն 700-800 հազար ադրբեջանահայերը պատսպարվել այդ տարածքներում,- հռետորական հարց է տալիս Ծատուրյանն ու շարունակում,- հիմա ԵԱՀԿ-ի ջանքերով շարունակվում է նույն ցեղասպանությունն ու դավադրությունը հայ ժողովրդի հանդեպ, քանի որ այդ տարածքների վերաբնակ փախստականներին փորձում են արտաքսել այնտեղից»:

Նա նշում է, որ 1994-ից իրենց հաջողվել է այդ վայրերում բնակեցնել մոտ 30.000 մարդու, սակայն այսօր վերաբնակների թիվը հասել է 15.000-ի, ավելին` ԵԱՀԿ փաստահավաք խմբի վերջին այցի արդյունքներով արձանագրվել է շուրջ 9000-ոց բնակչություն: Ծատուրյանն ասում է, որ նվազման պատճառներից մեկը սոցիալական խնդիրներն են, սակայն դա արդարացում չէ: Նա շեշտը դնում է հետեւյալի վրա. միջազգային հանրության աջակցությամբ փախստականները արտոնություններ պետք է ունենային վերաբնակեցման հարցում, բայց դա չի եղել, ավելին` ադրբեջանահայ փախստականները, ըստ բանախոսների, այդպիսի կարգավիճակ չունեն միջազգային փաստաթղթերում:

Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները պետականորեն մշակված ծրագրով վերաբնակեցում չեն իրականացնում ազատագրված տարածքներում: «Հետքի» այս հարցին Ռոման Գյուլբանդյանը պատասխանում է, որ հիմնական պատճառը արտաքին ճնշումներ են. «Ի սկզբանե փախստականների հարցը ՄԱԿ-ի կողմից պիտի երկկողմանի (հայ եւ ադրբեջանցի փաստականների մասով) լուծվեր: ՀՀ-ն ու ԼՂՀ-ն չունեին պետական ծրագիր, բայց աջակցություն կար: Միջազգային կառույցներին այն ժամանակ եւ հիմա էլ պետք չէ, որ այս տարածքները բնակեցվեն փախստականներով: Ես չգիտեմ` ինչ էներգետիկ ծրագրեր ունեն Ադրբեջանի հետ: Ամեն ինչ արվեց, որ ադրբեջանահայությունը կոմպակտ չմնա ինչ-որ տեղում, ինչը գլխացավանք կլինի Ադրբեջանի ու միջազգային հանրության  համար: Ցավում եմ, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները պասիվ քաղաքականություն են վարում այդ հարցում»:

Լուս.՝ Հակբերի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter