
Վայոց Ձորի մարզպետարանը շտապօգնության մեքենաների մասին տեղեկությունը համարում է «ազգային անվտանգության սպառնալիք»
«Հետք»-ն ուսումնասիրել է Հայաստանում շտապօգնության մեքենաների թիվը, դրանց բաշխվածությունն ու հագեցվածությունը։ Բոլոր մարզերից, ինչպես նաև՝ Երևանից, առողջապահության նախարարությունից մենք ստացել ենք տվյալներ և պահանջված մնացած տեղեկությունները, բացի Վայոց Ձորի մարզից։
Մարզպետարանը հրաժարվում է որևէ տեղեկություն տրամադրել մարզում առկա շտապօգնության մեքենաների թվի վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե տեղեկությունը «ռազմավարական գաղտնիք» է, և որ մարզում կա «բավարար թվով» շտապօգնության մեքենա։
Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ մենք նորից դիմեցինք մարզպետարան՝ նշելով, որ բոլոր մարզերը տրամադրել են պահանջված տեղեկությունը և խնդրեցինք պատշաճ կերպով պատասխանել հարցմանը։ Մարզպետարանը դարձյալ չհայտնեց իր տնօրինության տակ առկա տեղեկությունը՝ այն համարելով հրապարակման ոչ ենթակա, քանի որ «սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը»։
Ըստ մարզպետարանի՝ տեղեկատվության հարցման պատասխանը տրվել է «թույլատրելիի սահմաններում»։
«Մեր բժշկական հաստատություններում առկա շտապօգնության մեքենաների վերաբերյալ Ձեր հարցմամբ պահանջվող տեղեկատվության տրամադրումը կարող է վտանգել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը»,-նշված է մարզպետարանի պատասխանում։
Տեղեկությունը կարող է վնասել երկրի ազգային անվտանգությանը, եթե այն պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք։
Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:
Ծառայողական գաղտնիքը վերը նշված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:
Մարզպետարանի մերժումը մենք բողոքարկեցինք՝ դիմելով վերադաս մարմնին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։ Գնել Սանոսյանին խնդրեցինք պատշաճ պատասխանելու և տեղեկություն տրամադրելու միջնորդությամբ դիմել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին։
Սակայն, Վայոց Ձորի մարզպետարանից ՏԿԵ նախարարությանը նույնպես հայտնել են, թե հարցման պատասխանը պարունակում է «ռազմավարական տեղեկություն», որը հայտնի չէ՝ ինչ նպատակներով կարող է օգտագործվել «ընդդեմ Հայաստանի Հանրապետության»։
Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե «ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը»։
Հետևաբար, «Հետք»-ը պատրաստվում է տեղեկություն ստանալու իր իրավունքը իրացնել դատական կարգով։
Հայաստանի՝ շտապօգնության մեքենաներով հագեցվածության և դրանց բաշխվածության մասին նյութը՝ շուտով։
Մեկնաբանել