HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոռուպցիոն գործարքների են դիմել. ԱԱԾ

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողներն 2020-2021 թվականների ընթացքում մեկ տասնյակից ավելի պարտապաններից պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

«Վերոգրյալից բացի, քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է նաև, որ հարկադիր կատարողներից մեկը, տեղյակ լինելով երկու քաղաքացիների կողմից մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում ունեցած 6.000.000 դրամ և 3.900.000 դրամ վարկային պարտավորությունների մասին, հիշյալ քաղաքացիներին համոզելու եղանակով դրդել է կեղծ սնանկության:

Ընդ որում, հարկադիր կատարողը վերը հիշատակված ակնհայտ ապօրինի գործողությունների, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության համար քաղաքացիներից մեկից 2021 թվականի մարտ և ապրիլ ամիսներին պահանջել և առձեռն ստացել է ընդհանուր խոշոր չափերի՝ 500.000 դրամ գումար կաշառք, իսկ մյուսից՝ 350.000 դրամ գումար կաշառք:

Վերոգրյալ գործողությունների արդյունքում քաղաքացիական գործով մասնակից անձի կողմից դատարան է ներկայացվել բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ապացույցներ, բավարարվել է քաղաքացու՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը, իսկ  պարտատերերին պատճառվել է  խոշոր չափերի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս:

Քրեական գործի քննության ընթացքում, ի թիվս ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների, կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ,  առգրավվել են խնդրո առարկա կատարողական վարույթները, որոնց արդյունքում ձեռք են բերվել մեղսագրվող արարքներում հարկադիր կատարողների ներգրավվածությունը վկայող ակնհայտ տվյալներ:

Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 10 անձի, հարկադիր կատարողներից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են  հարուցվել դատարան, որոնք բավարարվել են:

Քննության ներկա փուլի համատեքստում ազգային անվտանգության մարմինները շարունակում են ձեռնարկել ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն հանցապատկերի բոլոր հնարավոր դրվագները հայտնաբերելու, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև հարկադիր կատարողների կողմից համակարգային կոռուպցիոն չարաշահումների կատարման հնարավոր դրսևորումները կանխելու ու խափանելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter