HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանգստյան գոտու փոխարեն բնակելի համալիր է կառուցվում․ հարակից շենքի բնակիչները դատարան են դիմել

Երեւանի Րաֆֆու 28 հասցեում գտնվող 7630 քմ մակերեսով հողամասը 2004 թ․-ին Երևանի քաղաքապետարանն աճուրդով օտարել է Գեղամ Բարսեղյանին։ Նա Երկրապահ կամավորականների միության վարչության նախկին փոխնախագահ Սուրեն Բարսեղյանի եղբայրն է։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում՝ 2020թ․ հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահի որոշմամբ՝ Սուրեն Բարսեղյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհվել։

Տարածքի բնակիչների համար այստեղ պետք է հանգստի գոտի կառուցվեր, այնինչ 2021 թ․-ին քաղաքապետարանը, տարածքում բնակելի համալիր կառուցելու շինթույլտվություն է տրամադրել։

Հողամասի գործառնական նշանակության փոփոխվել է՝ առանց Քաղաքաշինության կոմիտեի լիարժեք կարծիքի

«Բասիս գրուպ» ՍՊ ընկերությունը Րաֆֆու 28 հասցեում արդեն սկսել է մինչև 18 հարկանի բնակելի համալիրի կառուցապատման աշխատանքները։ 

Հողամասի գործառանական նշանակությունն ի սկզբանե եղել է հասարակական կառուցապատման, քանի որ այն օտարվել էր հանգստյան գոտու կառուցման համար, իսկ բնակելի համալիրի կառուցման համար գործառնական նշանակությունը պետք է փոփոխվեր բնակելի կառուցապատման։

Ըստ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի՝ բնակելի կառուցապատման հողեր են համարվում անհատական բնակելի տների, դրանց կից օժանդակ շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, այգեգործական, բնակելի նշանակության առանձին շենքերի ու շինությունների կառուցման և սպասարկման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը:

Իսկ հասարակական կառուցապատման հողեր են բնակչության սոցիալական սպասարկման, վարչական ու հասարակական կազմակերպությունների և այլ հասարակական նշանակության շենքերի, շինությունների կառուցման և սպասարկման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը:

Կառավարության 2011 թվականի որոշմամբ՝ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխվում է համայնքների ղեկավարների կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նշանակությունը կարող է փոխվել միայն լիազոր մարմնի համաձայնությամբ: Այդ բացառություններից մեկն էլ 4-րդ և 5-րդ կատեգորիայի ռիսկայնության շինարարական օբյեկտների կառուցումն է։ Քանի որ Րաֆֆու 28 հասցեում կառուցվող շինարարական օբյեկտը 4-րդ կատեգորիայի ռիսկայնության է, քաղաքապետարանը գործառնական նշանակությունը փոխելու առաջարկությամբ դիմել է Քաղաքաշինության կոմիտեին։

Կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը 2020 թ․-ի փետրվարի 20-ին գրությամբ Երևանի քաղաքապետին հայտնել է, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխության առաջարկության վերաբերյալ կոմիտեն «սկզբունքային առարկություն» չունի, սակայն հավելել է, որ լիարժեք կարծիք տրամադրելու համար անհրաժեշտ է ներկայացված իրավիճակային հատկագծերում նշել հողամասում առկա շենք-շինությունները (առկայության դեպքում) և դրանց կարգավիճակը, հարակից տարածքները, նրանց վրա գոյություն ունեցող շենք-շինությունները, դրանց բնույթը, նրանց միջև եղած հեռավորությունները, ճանապարհները (ըստ դասակարգման), ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները։

Ղուլարյանը շեշտել է, որ քաղաքապետարանի տրամադրած փաթեթում բացակայում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, հողամասին առնչվող սահմանափակումների մասին տեղեկանքը և կառուցապատողի կողմից ներկայացված դիմում-հայտը։

Կառավարության որոշումը միաժամանակ սահմանում է, որ այն դեպքերում, երբ գործառնական նշանակությունը փոփոխվում է լիազոր մարմնի համաձայնությամբ, վերջինիս նախաձեռնությամբ հարցը կարող է ներկայացվել միջգերատեսչական հանձնաժողովի նիստի քննարկմանը կամ համաձայնեցվել խնդրին առնչվող շահագրգիռ մարմնի հետ: 

Բայց քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թ․-ի ապրիլի 10-ին «Բասիս գրուպ» ՍՊԸ-ին տրամադրել է նախագծման թույլտվություն, որտեղ նշել է՝ «հողամասի գործառնական նշանակությունը փոփոխվում է բնակելի կառուցապատման»: Թույլտվության համար հիմք է ծառայել Արմեն Ղուլարյանի վերոնշյալ գրությունը, որը իրականում եղել է ոչ լիարժեք կարծիք կամ սկզբունքային առարկություն չունենալու արձանագրում: 

Կադաստրի կոմիտեն «Բասիս գրուպ» ընկերությանը չճշտված տվյալներով վկայական է տվել

Բնակելի համալիրի կապալառու «Պրոմ գրուպ» ընկերության տնօրեն, «Բասիս գրուպ»-ի լիազորված անձ և տարածքի սեփականատիրոջ ընկեր Հայկ Հունանյանը մեզ հայտնել է, որ հողամասի գործառնական նշանակությունը խառը կառուցապատման է։ 

«Հաստատ, համոզված ասում եմ՝ հողամասի նպատակայինը բնակավայրերի է, գործառնականը՝ խառը կառուցապատման»,- ասել է նա։

Հայկ Հունանյանին խնդրեցինք ցույց տալ սեփականության վկայականը, որտեղ, ըստ նրա, հողամասի գործառնական նշանակությունը փոփոխված է, բայց նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ իրենք մեկնաբանելու բան չունեն։

«Հետք»-ն ուսումնասիրել է Կադաստրի կոմիտեի` «Բասիս գրուպ» ՍՊԸ-ին 2021 թ.-ի հուլիսի 20-ին տրված հողամասի սեփականության վկայականը։ Այդ վկայականում հողամասի գործառնական նշանակությունը նշված է հասարակական կառուցապատման, այնինչ մինչ այդ՝ 2020-ի ապրիլին քաղաքապետի տրամադրած նախագծման թույլտվության մեջ գործառնական նշանակությունը նշվել էր բնակելի կառուցապատման: 

Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով՝ բազմաբնակարան բնակելի շենքերի գործառնական նշանակությունը պետք է լինի բնակելի կառուցապատման։ 

«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել էր Կադաստրի կոմիտե, որտեղից պարզաբանել են, որ 2021 թ․-ի հուլիսի 20-ին անշարժ գույքի նկատմամբ կատարվել է իրավունքների պետական գրանցում և հողամասի գործառնական նշանակությունը գրանցվել է որպես հասարակական կառուցապատման։ Այնուհետև, ըստ Կոմիտեի պատասխանի՝ սեփականատիրոջ ներկայացուցչի կողմից սեպտեմբերի 15-ին Կադաստրի կոմիտե է ներկայացվել սխալների ուղղման դիմում։ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կատարվել է հողամասի գործառնական նշանակության ուղղում և ամսի 16-ին տրամադրվել է պետական վկայականի ուղղված տարբերակը։

Այս փոփոխությունը արվել է ընկերության լիազորված անձ Հայկ Հունանյանի հետ մեր զրույցից 4 օր անց։

Հարակից Սվաճյան 62 շենքի բնակիչները դեմ են բնակելի համալիրի խախտումներով կառուցմանը

Արտակ Գաբոյանը Սվաճյան 62 շենքի բնակիչ է։ Բնակելի համալիրի՝ Սվաճյան փողոցին հարող հատվածը կառուցվելու է 62 շենքի դիմաց։ Արտակը նշում է, որ 2004-ին հողամասն օտարվել է, որպեսզի այդտեղ հանգստի գոտի կառուցվի, իսկ այժմ Երևանի քաղաքապետարանը բնակելի համալիրի կառուցման շինթույլտվություն է տրամադրել։

«Շենքի կառուցմանը դեմ չենք, սակայն պարզեցինք, որ այն քաղաքաշինական նորմերի խախտումներով է, դրա դեմ ենք»,- նշում է Արտակը։ Բնակիչների հիմնական բողոքն այն է, որ բնակելի համալիրի շենքերից մեկն իրենց շենքին շատ մոտ է: 

2020 թ. սեպտեմբերին Արտակը դիմել էր Քաղաքաշինության կոմիտե՝ հետաքրքրվելով, թե 4 հարկից բարձր շենքերի միջև հեռավորության ի՞նչ նվազագույն նորմ կա: Կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը պատասխանել է, որ «4 հարկից բարձր մեկ կամ մի քանի սեկցիաներով բնակելի շենքերի, բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև հեռավորությունները պետք է ընդունել ինսոլյացիայի ու լուսավորվածության հաշվարկների հիման վրա»: Քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ Րաֆֆու 28 հասցեում 2021 թ. ապրիլի 6-ին շինթույլտվություն տալու համար, ի թիվս այլ փաստաթղթերի, հիմք է ծառայել ինսոլյացիոն ռեժիմի վրա ազդեցության վերաբերյալ «ՄԱՌՔ» ՍՊ ընկերության կողմից 10.12.2020թ. տրամադրված փորձագիտական դրական եզրակացությունը: 

Ովքեր են սեփականատերերը

Րաֆֆու 28 հասցեում գտնվող հողամասի սեփականատեր է «Բասիս գրուպ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնվել է 2019 թվականին։ Ընկերության 100 % սեփականատեր է Գեղամ Միշայի Բարսեղյանը։ Նա Երկրապահ կամավորների միության վարչության նախկին փոխնախագահ, «Աշխարհազորային կամավորական ջոկատներ» հասարակական կազմակերպության հիմնադիր Սուրեն Բարսեղյանի եղբայրն է։ 

Օտարվելուց հետո հողամասի գինը մի քանի անգամ աճել է

2004 թվականին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ՝ Րաֆֆու, Շերամի և Սվաճյան փողոցներին հարող տարածքը աճուրդով օտարվել է 37,9 մլն դրամով։ 

Մեկ տարի անց՝ 2005 թվականի օգոստոսի 29-ին հողամասը գրավադրվել է «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ում։ Հողամասը գնահատվել է 135,8 մլն դրամ, այսինքն՝ օտարվածից մոտ 3․5 անգամ ավելի թանկ։

Հողամասը նույն բանկում գրավադրվել է նաև 2007 թվականի հոկտեմբերի 31-ին, այս անգամ արդեն՝ 300 մլն դրամով, աճուրդով օտարված գնից մոտ 8 անգամ ավելի թանկ։

«Հետք»-ը գրավոր հարցմամբ դիմել է Կադաստրի կոմիտե՝ պարզելու, թե որքան է եղել նշված հողամասի շուկայական արժեքը 2004 թվականին։

Կոմիտեից հայտնել են, որ օտարման կամ վարձակալության դեպքում նշված  հողամասի մեկնարկային գինը 34,5 մլն դրամ էր։

Հողամասի ցածր գնով օտարման փաստի առթիվ բնակիչները հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Շենքի բնակիչները նաև բողոքներ և հարցումներ են ուղարկել տարբեր գերատեսչությունների։

Շենքի բնակիչների հայցադիմումը Երևան համայնքի դեմ ներկայումս գտնվում է վարչական դատարանի վարույթում, որով վիճարկվում է շինթույլտվության տրամադրումը։

Գլխավոր լուսանկարը՝ «Բասիս գրուպ» ՍՊ ընկերության ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter