HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը դեմ է Ամանորին հանգստյան օրերի քանակի կրճատմանը

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիությունը հայտարարություն է տարածել«Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը Ազգային ժողովի նախագահին, ԱԺ խմբակցություններին, ԱԺ մշտական հանձնաժողովներին է ուղարկել Ամանորյա տոների չեղարկման նախագծի հետ կապված գրություն, որով կոչ է արել ԴԵՄ քվեարկել հակաժողովրդական ու հակապետական նախագծին, փոխարենը ծավալելով լայն քննարկումներ, ինչպես որ հանձնարարել էր ՀՀ վարչապետը։ Օրենսդիրներին հիշեցրել ենք, որ Նախագիծն ընդունվել է ավտորիտար երկրին բնորոշ ոճով՝ խախտելով Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը և սոցիալական երկխոսության ու ժողովրդավարության սկզբունքը։

Ներկայացրել ենք մեր բացասական կարծիքը տվյալ Նախագծի վերաբերյալ, շեշտելով, որ Նախագիծն Էկոնոմիկայի նախարարության կողմից հիմնավորվել է հակասական, մակերեսային և կեղծ պնդումներով։ 

Մասնավորապես, նշել ենք, որ՝

  • Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից մեզ տրամադրված տվյալները փաստում են, որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ տվյալներ, որոնց համաձայն ոչ աշխատանքային օրերին ավելի պակաս ՀՆԱ է գեներացվում, քան աշխատանքային օրերին։ Բոլորին հայտնի է, որ բազում ոլորտներ աշխատում են նաև ոչ աշխատանքային օրերին, և գուցե նույնիսկ ավելի շատ, քան աշխատանքային օրերին։
  • Աշխարհի գրեթե բոլոր երկրներում տարվա առաջին ամիսներն ավելի պակաս ՀՆԱ են ստեղծում, քան տարվա երկրորդ կեսի ամիսները, և դա կապված չէ աշխատանքային օրերի քանակից, կամ այդ պետությունում Նոր Տարի տոնելու ավանդույթից։
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներն անկախ Հայաստանում նպաստել են Հայաստանի՝ Եվրոպական ու քրիստոնեական աշխարհի անցուդարձին ինտեգրմանը, դրանով արժևորվել է հասարակության մշակութային, կրոնական ու քրիստոնեական ինքնությունը, ի տարբերություն սովետական ապամշակութացման քաղաքականության, որին փաստորեն այս Նախագծով փորձ է արվում վերադառնալ։ 
  • Ճշգրիտ չէ այն հիմնավորումը, որ տոների քանակով Հայաստանն առաջատար է։ Կան բազմաթիվ պետություններ, որտեղ տոներն ավելի շատ են Հայաստանն այդ ցուցանիշով գտնվում է ընդամենը միջին հորիզոնականներում։
  • Ճշգրիտ չէ այն պնդումը, որ Նախագիծն ընդունելու դեպքում տարվա մեջ ավելանալու է 5 աշխատանքային օր, քանի որ գոյություն ունեն նաև շաբաթ և կիրակի օրեր, որոնք համընկնելու են Ամանորյա օրերի հետ։ Գործնականում Ամանորից հրաժարվելը տարվա կտրվածքով ավելացնելու է մոտ երեքուկես աշխատանքային օր։ 
  • Նախագծով Հայաստանի ինքնիշխանությունը ստորադասվում է «օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման» կեղծ օրակարգին։ Եվրամիության երկրներում դեկտեմբերին փաստացի տաս օր նշվում են Սուրբ Ծննդյան տոները։ Ռուսաստանում հունվարի 1-ից 8-ը նշվում են Ամանորյա տոները։ Չինաստանում փետրվարին գրեթե 20 օր տևողությամբ նշվում է Չինական Նոր տարին։ Իրանում մարտ ամսին առնվազն մեկ շաբաթ նշվում է Նովրուզը։ Արաբական Էմիրություններում հանգստյան օր է համարվում երկուշաբթին՝ շաբաթ օրվա փոխարեն։ ԱՄՆ-ում աշխատանքային օրերն այն ժամանակ են, երբ աշխարհի այլ երկրներում գիշեր է։ Նշվածներն, ի դեպ, Հայաստանի առևտրային խոշոր գործընկերներն են։ Ինչպես տեսնում ենք, որևէ երկիր իր մշակույթն ու ինքնիշխանությունը չի վաճառել հանուն բիզնեսի և այլ երկրների հետ «պայմանագրերի»։ Ինչո՞ւ է հենց Հայաստանը որոշել բիզնեսի համար հրաժարվել իր մշակույթից՝ այն էլ աշխատողների հաշվին։ 
  • Ինքնին տնտեսության վիճակագրական թվերը, կոնտեքստից կտրված, կապ չունեն մարդու կյանքի որակի հետ, և տնտեսական ժամանակակից գիտությանը դա հայտնի է արդեն վաղուց։ Մարդու կյանքի որակը, հանրության հոգեկան և սոցիալական բարեկեցությունը, մարդկային զարգացումը, հանրային ծառայությունների որակը մեծապես կախված են ոչ թե նրանից, թե ՀՆԱ-ն որքան տոկոս աճ կապահովի, այլ նրանից, թե որքանով է պետությունը ճիշտ կարգավորում ոչ ֆորմալ զբաղվածությունը, ոչ ավանդական զբաղվածությունը, հարկային քաղաքականությունը, նվազագույն աշխատավարձերն ու թոշակները, որքանով են տեսչական ինստիտուտները երաշխավորում աշխատանքային և տնտեսական հարաբերություններում օրենքի գերակայությունը։ Պետության նպատակը մարդու կյանքի որակի բարձրացումն է,  և այն պարտավոր է ապահովել, որ տնտեսությունը ծառայի  հանրությանը, այլ ոչ թե հանրությունը ծառայի տնտեսությանը։ Կառավարությունը մոլորեցնում է հասարակությանը, պնդելով, իբր երեք ու կես օր ավել աշխատելով ավելի լավ կյանք կունենանք»։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter