
Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Հարգելի պարոն Մարգարյան,
Դեկտեմբերին մենք մեր զայրութն ու մտահոգությունն էինք հայտնել առ այն, որ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել Քանաքեռ-Զեյթուն բ/կ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Դեռ մինչ այդ` 2011 թ. սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ Նաիրա Բալայանը Քրեական օրենսգրքի 168-րդ հովածի 1-ին կետով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման առնվազն 2 նորածինների վաճառքի համար, սակայն պատժի կրումը հետաձգվել է իր մանկահասակ երեխային խնամելու պատրվակով:
ՀՀ առողջապահության նախարարը նախ խոստացավ խնդիրը քննարկել քաղաքապետարանի հետ, քանի որ նշված բ/կ-ն ձեր ենթակայության ներքո է գործում: Մարտի 19-ին մենք կրկին բաց նամակով դիմեցինք Ձեզ և պարոն Քուշկյանին՝ բժշկուհու աշխատանքային գործությունեությունը կասեցնելու խնդրով, որպեսզի փողի մոլուցքով տարված բժշկուհին հնարավորություն չունենա խաթարելու նաև այլ նորածինների ճակատագիրը:
Առողջապահության նախարարն իր մամլո խոսնակի միջոցով խոստացավ միջնորդություն ներկայացնել քաղաքապետարան, որ Նաիրա Բալայանը փոխի իր աշխատանքի բնույթը («աշխատի ուրիշ պոլիկլինիկայում կամ նույն հիմնարկում, սակայն արխիվի բաժնում, որտեղ կոնկրետ մարդկանց հետ գործ չի ունենա»), եթե նրան դատարանը չի զրկել աշխատանքի իրավունքից: Իսկ մարտի 30-ին մենք ստացանք պաշտոնական պատասխան առողջապահության նախարարությունից, որ համապատասխան միջնորդությունն ուղարկվել է քաղաքապետարան:
Անցել է մոտ մեկ ամիս, սակայն քաղաքապետարանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել, ու որևէ արձագանք չկա: Հուսով ենք, որ քաղաքապետարանը նույնքան հետևողական կգտնվի, որքան առողջապահության նախարարությունը, և բժշկուհու գործունեությանը վերջ կդրվի: Քաղաքապետարանին և անձամբ Ձեզ պատիվ չի բերում, որ իր ենթակայության տակ գործող հիմնարկում նման «բժիշկ» է աշխատում:
«Ոչ երեխաների վաճառքին» քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանել