HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն մտադիր է Սոթքի ոսկու հանքավայրը նաև ստորգետնյա շահագործել

«Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն մտադիր է Սոթքի ոսկու հանքավայրը մինչև 2025թ․ շահագործել բաց եղանակով, որից հետո մշակումը շարունակել ստորգետնյա եղանակով: Ընկերությունն այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել շրջակա միջավայրի անվտանգության գնահատման նախագիծը: 

Սոթքի հանքավայրի բաց եղանակով մշակման համար իրավունքը տրամադրվել է մինչև 2023թ. սեպտեմբերի 10-ը: Ըստ էության, նախագծով այն ևս երկու տարի երկարաձգվում է, իսկ դրանից հետո անցում է կատարվում ստորգետնյա մշակման: Թե քանի տարի է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն ստորգետնյա եղանակով շահագործելու, նախագծում չի նշվում:

Սոթքի բացահանքի հզորությունը ներկայումս կազմում է տարեկան 1 մլն տ: Այս նախագծով նախատեսվում է բացահանքի արտադրողականությունը հասցնել տարեկան մինչև 1.75 մլն տ, այնուհետև անցնել ստորգետնյա եղանակով մշակմանը, որի հզորությունը կկազմի տարեկան 400 հազար տ։  

Բաց եղանակով շահագործման պարագայում հիմնականում օդն ու ջրային ռեսուրսներն են ազդեցության ենթարկվում: Օդի վրա ազդեցությունը, ըստ նախագծի, մեծ չի լինելու, իսկ լինելու դեպքում մեղմացման միջոցառումներ են նախատեսված: Օրինակ` բացահանքում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու, իսկ դրանից առաջացած փոշին մեղմելու նպատակով ջրցանում է իրականացվելու, փոշենստեցման համար օգտագործվելու են բացահանքի ջրերը:

Նախագծային լուծումներն ուղղված են լինելու նաև ջրային ռեսուրսների վրա ազդեցության մեղմացմանը՝ հնարավորին չափ կրճատելով Սոթք գետ թափվող հոսքաջրերի քանակը և դրանցում ապահովելով նորմատիվ որակ:

Նախատեսվում է կառուցել բացահանքի ջրահեռացման նոր համակարգ: Դրա շնորհիվ Սոթք գետ թափվելու են միայն նորմատիվ մաքուր հոսքաջրեր, որոնց կազմը ամբողջությամբ համապատասխանելու է Սոթք գետի ջրերի որակին: Սոթք գետ թափվող հանքաջրերը ենթարկվելու են նախնական քիմիական և եռափուլ մեխանիկական մաքրման, որն էլ ապահովելու է գետ թափվող հոսքաջրերի նորմատիվ որակը։

Ստորգետնյա մշակումը

ՇՄԱԳ նախագծում նշվում է, որ բաց մշակումից հետո անցում է կատարվելու ստորգետնյա եղանակով մշակման։ Արտադրողականությունն ըստ հանքաքարի, ինչպես նշեցինք, կազմելու է 400 000 տ։ «Դա թույլ կտա շարունակել հանքավայրի մշակումը՝ ստեղծված իրավիճակում»,- նշված է նախագծում։ Ստեղծված իրավիճակը, ըստ ամենայնի, հանքավայրի մի մասը Ադրբեջանի վերահսկողությանն անցնելն է: Հենց դա էլ ստիպել է ընկերությանը մշակել ստորգետնյա եղանակով արդյունահանման նախագիծ:

Քանի որ ստորգետնյա եղանակով մշակման անցնելիս արտադրողականությունը նվազելու է, նախատեսվում է հանույթին զուգահեռ իրականացնել հետախուզական աշխատանքներ։ Անցկացվելու է նոր տրանսպորտային հանքուղի, որով արդյունահանված հանքաքարը տեղափոխվելու է հանքաքարի բաց պահեստ:

Ստորգետնյա եղանակով մշակման համար նախատեսվում է նոր ստորգետնյա փորվածքների անցկացում, որի ժամանակ գոյացած դատարկ ապարները նախատեսվում է կուտակել բացահանքի մարված տարածքում։

Սոթքը Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրն է: Այն շահագործվում է 1976 թվականից: Մինչև 1996 թվականը հանքավայրը շահագործել է «Հայոսկի» արտադրական միավորումը: Դրա կազմում ընդգրկված էին Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, Սոթքի և Մեղրաձորի հանքերը: 1996 թվականին «Հայոսկի» ու կանադական FDM ընկերությունների մասնակցությամբ ստեղծվել է համատեղ ձեռնարկություն: 2007թ․ վերջին ձեռնարկության ակտիվներն անցել են ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը: Ներկայումս հանքավայրի շահագործումը իրականացվում է միայն բաց եղանակով: Ընկերության խոշոր սեփականատերը` 95%, հիշեցնենք, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է: 

Այսօր Սոթքի հանքում աշխատում է շուրջ 870 մարդ, որոնց մեծ մասը (98.2%)` Գեղարքունիքի մարզի բնակավայրերից են: Համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը 2019-2020 թվականներին ամսական վճարել է համապատասխանաբար 1,5 մլն-ից 1,6 մլն դրամ: Այսինքն` ուներ 1500-1600 աշխատող: Աշխատողների թիվը զգալի կրճատվել է հայ-ադրբեջանական 44-oրյա պատերազմից հետո, քանի որ հանքավայրի տարածքի մի հատվածն անցել է ադրբեջանական կողմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter