
ԱԺ-ն հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծախսերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը
Խորհրդարանը հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Այն ընդունվեց 83 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: Հանձնաժողովը կնախագահի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով` ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքով:
«Պետք է արձանագրել` անհրաժեշտ է այս համահայկական կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը հավուր պատշաճի բերել: Մեր գլխավոր խնդիրը լինելու է բացահայտել՝ եթե եղել են ապօրինություններ, անօրինականություններ, մեղավորներին առաջադրել պատասխանատվություն, վերականգնել միջոցները, ու որ հայ ժողովրդի մոտ վերականգնվի Հայաստանի, Արցախի ու հայոց պետականության նկատմամբ, այս կարևոր գործիքի նկատմամբ վստահությունը»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ նշեց, թե իշխող ուժը բավարար քաղաքական կամք ունի ցանկացած հարցին տալ սպառիչ պատասխան, սակայն այդ ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի:
Հանձնաժողովը կունենա 11 անդամ, գերակշիռ մասն իշխանական խմբակցությունից կլինի:
Մեկնաբանել