HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով իրանցի ամբաստանյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշել է հետախուզում հայտարարել թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով մեղադրյալ Նասրին Հասսանի Արաբի Կարչեգանիի նկատմամբ: Գործը դատավոր Պապոյանին մակագրվել է, երբ այն քննող դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի լիազորությունները տարիքը լրանալու կապակցությամբ դադարել են:

Նասրին Կաչեգանին և ամուսինը՝ Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհին տևական ժամանակ Հայաստանում կալանքի տակ են գտնվել, ապա դատավոր Վարդան Գրիգորյանը Կարչեգանիի խափանման միջոց կալանավորումը փոխել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով: Երբ դատավոր Ռոբերտ Պապոյանը գործը ստացել է, Կարչեգանին արդեն ազատության մեջ է եղել և, պաշտպանի խոսքով,  պարտաճանաչ կերպով ներկայացել է նիստերին: Այժմ հետախուզման մեջ գտնվող կնոջ՝ Նասրին Կարչեգանիի գտնվելու վայրի մասին ամուսինը տեղեկություն չունի:

Նշենք, որ ըստ Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհ մեղադրանքի՝ վերջինս ՀՀ Մաքսային սահմանով Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ դեղամիջոցներ է ներմուծել Հայաստան՝ դրանք իրացնելու համար։

Նասրին Հասսանի Արաբի Կարչեգանիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ և հոգեմետ դեղամիջոցներ իրացնելու նպատակով կազմակերպված կայուն խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու դիտավորությամբ իրենց ընտանիքի բնակության վայրում իրացման նպատակով ապօրինի պահել է թմրամիջոցներ և հոգեմետ դեղամիջոցներ։

Այս գործով աբաստանյալի աթոռին են հայտնվել նաև Հայաստանի քաղաքացիներ: Արա Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպված կայուն խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջցներ մաքսանենգ ճանապարհով իրացնելու նպատակով ապօրինի մաքսանենգ եղանակով ստացել է թմրամիջոցի խմբաքանակներ: Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ և հոգեմետ դեղամիջոցներ է իրացրել։ Սարգիս Օհանջանյանը ևս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ և հոգեմետ դեղամիջոցներ տարբեր անձանց իրացնելու մեջ:

Ամբատանյալ Էդգար Մխոյանին մոտ թեև թմրանյութ հայտնաբերվել է` նրան թմրանյութերի գործով  մեղադրանք առաջադրված չէ. Մխոյանը մեղադրվում է  2012թ մինչև 2018թ փետրվարն ընկած ժամանակահատվածում՝ ռուսական արտադրության թվով 2 հատ 9 մմ տրամաչափի՝ համապատասխան տրամաչափի ակոսափող զենքեր կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ձեռք բերելու և պահելու մեջ:

Երբ դատավոր Վարդան Գրիգորյանը քննելիս է եղել Մաջիթ Սաֆարալիի Էսմայիլզադեհի խափանման միջոց կալանավորման հարցը, վերջինս դատարանին հայտնել է, որ իրեն բոլոր ճանաչողները գիտեն, որ ինքը հիվանդ է, պատերազմի մասնակից և առողջական խնդիրների պատճառով օգտագործում է թմրամիջոցներ

Իրավապահ մարմինների կողմից իր տանից հայտնաբերված թմրամիջոցների վերաբերյալ ինքը հայտնել է, որ թմրամիջոցն իրեն է պատկանում, ինքը դրանք անձամբ է օգտագործում, չկա որևէ մեկը, որը կարող է ասել, թե ինքը թմրամիջոց է իրացրել: Բացի այդ, ինքը նման գործունեությամբ զբաղվելու կարիք չունի, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ունի հյուրանոց և կաթի արտադրամաս, ուստի նման քայլի գնալու կարիք չունի: Ինքն առաջին անգամ է եկել Հայաստան և չէր էլ կարող նման գործունեությամբ  զբաղվել: Միաժամանակ մեղադրյալ Էսմայիլզադեհն հայտնել է, որ ունի երկու անչափահաս երեխա, սակայն իր և կնոջ կալանքի տակ գտնվելու պայմաններում զրկված է նրանց խնամելու հնարավորությունիցդատարանին խնդրել է մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց իրեն թողնել ազատության մեջ՝ խոստանալով, որ վարույթն իրականացնող մարմնի առաջին իսկ կանչով կներկայանա քննության:

Մեղադրյալ Նասրին Հասսանի Արաբի Կարչեգանին դատարանին հայտնել է, որ նախաքննության ընթացքում իր դեմ որևէ ապացույց ձեռք չի բերվել, ինքը որևէ առնչություն չունի թմրամիջոցների շրջանառության հետ, ունի երկու անչափահաս երեխա՝ աղջիկ և տղա, որոնք մնացել են առանց ծնողի խնամքի, դուստրը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, իսկ որդին՝ Հայաստանում, ուստի խնդրում է մինչև դատաքննության ավարտն իրեն կալանքից ազատել և հնարավորություն տալ դստերը բերել Հայաստան, իրականացնել երեխաների խնամքը: Նասրիմ Կարչեգանին  ևս դատարանին խնդրել է իրեն մինչև 5 մլն  դրամ գրավի դիմաց ազատ արձակել: 

Դատախազ Արթուր Սմբատյանը միջնորդություններիր դեմ առարկել է, և ի թիվս այլնի նշել, որ, օրինակ՝ Կաչերգանիի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց կիրառված է եղել ստորագրություն չհեռանալու մասին, սակայն նա փորձ է կատարել հատել ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանը, որպիսի պայմաններում նրա խափանման միջոցը փոխվել է: Բացի այդ, դատախազը նշել է, որ գործի  շրջանակներում առկա է հետախուզման մեջ գտնվող անձ Մոհամմադռեզա Քելիշադին, ում նկատմամբ որպես կալանք կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննարկելիս դատարանը մերժել է այն և վերջինս հայտնվելով ազատության մեջ՝ թաքնվել է քննությունից:

Դատարանը ամուսինների, ինչպես նաև մյուս ամբաստայալների կալանավորումը վերացնելու միջնորդությունները մերժել է և նրանք շարունակել են մնալ կալանքի տակ: Սակայն հետագայում Նասրիմ Կարչեգանիի մոտ առողջական որոշ խնդիրներ են առաջացել, և դատարանը նորից նրան ազատել է կալանքից:

Ըստ գործի`Դավիթ Մանուկյանը մեղադրվում է այն բանում, որ  Նասրին Հասսանի Արաբի Կարչեգանիի, Սարգիս Օհանջանյանի և Արա Ազիզյանի հետ ընդգրկված լինելով Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհի և վերջինիս հայրենակից Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադիի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ և հոգեմետ դեղամիջոցներ իրացնելու նպատակով կազմված կազմակերպված կայուն խմբի կազմում, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դիտավորությամբ Սարգիս  Օհանջանյանի և Արա  Ազիզյանի հետ նախնական համաձայնությամբ, 2017թ. հունիս ամսից մինչև 2018թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում իրացման նպատակով ապօրինի ստացել է Մաջիդ Սաֆարալիի էսմայիլզադեհի և Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադիի կողմից ապօրինի, մաքսանենգ եղանակով Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված «մեթամֆետամին»  տեսակի թմրամիջոցի խմբաքանակներ, որոնք իրացրել է ինքնությունները դեռևս չպարզված տարբեր անձանց, ինչպես նաև Էդգար Մխոյանին։

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհը 2015 թվականին իր ընտանիքը տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն և վարձակալական հիմունքներով բնակվել Երևան քաղաքի  բնակարաններից մեկում։ Այդ ընթացքում հաճախակի այցելելով իր հայրենիք, որոշել է զբաղվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ եղանակով ապօրինի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և հոգեմետ դեղամիջոցներ ներմուծելով և ՀՀ-ում դրանք իրացնելով, ինչի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել իր հայրենակից Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադիի հետ, ում հետ համատեղ կազմել է պարբերաբար հանցանքներ կատարելու նպատակ ունեցող կայուն հանցավոր խումբ, որի մեջ միավորվել են ինչպես իր կինը՝ Նասրին Հասսանի Արաբի Կարչեգանին, այնպես էլ Արա  Ազիզյանը, Սարգիս Օհանջանյանը և Դավիթ  Մանուկյանը:

Կազմակերպված խմբի կազմում նախապես կատարված դերաբաշխման համաձայն՝ 2017թ. հունիս ամսից, քննությամբ դեռևս չպարզված օրվանից սկսած, Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադին ինքնությունը դեռևս չպարզված անձից ԻԻՀ-ում մատչելի գնով՝ 1 գրամը 5-6 ԱՄՆ դոլարին համարժեք 22.000-23.000 ԻԻՀ թումանով, ձեռք է բերել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի առանձնապես խոշոր չափերի խմբաքանակներ և դրանք թաքցնելով կենցաղային իրերի՝ փոշեկուլի, բանջարեղեն աղալու սարքի մեջ, ԻԻՀ-ից ավտոբուսով առաքել ՀՀ։ Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհը, իրականացնելով կազմակերպված խմբի հանցավոր գործունեության մեջ իր ստանձնած դերակատարումը, ստացել է Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադիի կողմից ուղարկված առաքանին և կազմակերպել դրա մեջ թաքցված թմրամիջոցի՝ ՀՀ-ում իրացման գործընթացը։ ԻԻՀ-ից մաքսանենգ եղանակով ՀՀ առաքվող «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արագ և մեծածախ իրացումը կազմակերպելու նպատակով, Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհը նույն ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել Արա  Ազիզյանի հետ, ով Դավիթ  Մանուկյանի և Սարգիս  Օհանջանյանի հետ նախնական համաձայնությամբ ստանձնել է թմրամիջոցի մանրածախ իրացման պարտականությունը տարբեր անձանց, այդ թվում՝ նաև Էդգար Մանվելի Մխոյանին ապօրինի իրացնելով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի խմբաքանակները։

Արա  Ազիզյանի և Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհի միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության շրջանակներում իրացումն ավելի ապահով և արագ կազմակերպելու նպատակով նախապես որոշվել է թմրամիջոցի առաքման համապատասխան մեխանիզմ, ըստ որի՝ 2017թ. հունիս ամսից սկսած մինչև 2018թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում, շաբաթական մի քանի անգամ, քննությամբ դեռևս չպարզված օրերին հեռախոսազանգով կամ կապի այլ միջոցներով պահանջված քանակության մասին Արա  Ազիզյանի կողմից քողարկված ձևով իրազեկում ստանալուց հետո, Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհը համապատասխան քանակությամբ թմրամիջոցը լցնելով ծխախոտի տուփի մեջ, տարել է նույն թաղամասում գտնվող, Արա Ազիզյանի ընկերուհու վարձակալած բնակարան, որտեղ ժամանակավորապես բնակվել են նաև Արա  Ազիզյանը և Սարգիս Օհանջանյանը։ Նույն բնակարանում թմրամիջոցը փոխանցելով Արա Ազիզյանին, նրա հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեկ գրամի դիմաց ստացել է 20.000 ՀՀ դրամ գումար՝ յուրաքանչյուր անգամ Արա Ազիզյանին փոխանցելով նվազագույնը 10 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցի իրացումից ստացված գումարի 10 տոկոսը Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհը պահել է իրեն, իսկ մյուս մասը, քննությամբ դեռևս չպարզված եղանակով փոխանցել Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադիին:

Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհից և Նասրին Հասսանի Արաբի Կարչեգանիից իրացման նպատակով Արա  Ազիզյանի և Սարգիս Ալեքսան Օհանջանյանի հետ ապօրինի ստացած թմրամիջոցի մանրածախ իրացումն ավելի արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով Դավիթ Աղասու Մանուկյանը վարձակալել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50 հասցեում գործող «Baker street 221b» գիշերային ակումբը, ապա «մեթամֆետամին» տեսակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի 1 գրամը 100.000 ՀՀ դրամով իրացրել ինքնությունները դեռևս չպարզված տարբեր, այդ թվում՝ թմրամիջոցի ձեռք բերման նպատակով նրա հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն ակումբ այցելած անձանց։ Թմրամիջոցի հերթական խմբաքանակի մի մասն իրացնելու դիտավորությամբ 2018թ. փետրվարի 15-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Դավիթ  Մանուկյանն, Էդգար Մանվելի Մխոյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, հիշյալ գիշերային ակումբի մոտ «Նաիրի» կինոթատրոնի առջևի հատվածում 50.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս է իրացրել խոշոր չափի՝ 0.5 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի մի մասը նույն օրն Էդգար Մանվելի Մխոյանն ապակյա լամպի միջոցով ծխելու եղանակով գործածել է իր ընկերոջ՝ Վիրաբ Իվանի Սարգսյանի ավտոմեքենայի մեջ, իսկ մյուս մասը՝ զգալի չափերի 0.069 գրամը, նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ Էդգար Մանվելի Մխոյանին և Վիրաբ Իվանի Սարգսյանին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունք բերման ենթարկելուց հետո Էդգար Մխոյանի մասնակցությամբ Վիրաբ  Սարգսյանի ավտոմեքենայի զննությամբ։

Կազմակերպված խմբի անդամներ Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհի և Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադիի կողմից վերը նկարագրված եղանակով ապօրինի, մաքսանենգ ճանապարհով իրացման նպատակով քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում ԻԻՀ-ից ՀՀ է ներմուծվել նվազագույնը 337.428 գրամ քաշով «մեթամֆետամին», 4.0188 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ և 0.01483 գրամ ընդհանուր քաշով «ալպրազոլամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց պարունակող դեղահաբեր։ 

Լուսանկարը՝ Deutsche Welle-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter