HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց ընդդիմության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանման նախագիծը

Խորհրդարանը հերթական նիստում քննարկեց «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը: Այն հեղինակել են ընդդիմադիր պատգամավորները: Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իրավունքի ուժով` պատգամավորների ստորագրությունների հիման վրա:

Այն ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որի խոսքով հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթում է լինելու քրեական գործերի բաշխման խախտված համակարգչային ծրագիրը և դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելը:

Վարդևանյանի խոսքով` հանրության կողմից ճանաչված դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ երբեք կարգապահական վարույթ չի հարուցվում, նույնը նաև՝ դատավորներ Արման Դանիելյանի, Գագիկ Պողոսյանի, Արմեն Դանիելյանի, բայց հարուցվում է, օրինակ՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ:

Վարդևանյանը հիշեցրեց, որ քրեական գործերի` համակարգի միջոցով մակագրման համակարգը չի գործում 2021-ի հուլիսից:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ասաց, թե նման հարցն ընդհանրապես ԱԺ իրավասության տիրույթից դուրս է:

Նրա խոսքով` չի կարող լինել իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողով այն պատճառով, քանի որ հանձնաժողովի ստեղծման համար պետք է լինի երկու փոխկապակցված պայման:

«Առաջինը՝ հարցը պետք է վերաբերվի խորհրդարանի լիազորություններին: Իսկ այստեղ մենք ակնհայտորեն մխրճվում ենք դատական իշխանության ոլորտ: Երկրորդ՝ հարցը պետք է ունենա հանրային հետաքրքրություն: Այն, որ հարցն ունի հանրային հետաքրքրություն, չեմ կարող ժխտել, բայց այն, որ սա ԱԺ-ի իրավասության ոլորտից դուրս է և ակնհայտորեն միջամտություն է դատական իշխանության ոլորտին, ակնհայտ է»,-ասաց նա: Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց գործընկերներին ձեռնպահ մնալ նման հարցից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter