
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հէկը տուգանվել է. շրջակա միջավայրին հասցրել է 6.3 մլն դրամի վնաս
Նախկին վարչապետ Կարեն Կրապետյանին պատկանող հէկը չի կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված քանակից 3.141.369 խմ. ավել ջրառ։ Հէկը շահագործող «էլենէքս» ընկերությունը սահմանված կարգով չի իրականացրել առաջացող բոլոր վտանգավոր թափոնների անձնագրավորում, ինչպես նաև համաձայնեցում լիազորված մարմնի հետ։
Այս խախտումները հայտնաբերել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որի աշխատակիցները ընկերությանը պատկանող «Աղստև-1» փոքր հէկում պլանային ստուգումներ են իրականացրել:
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 250 000 դրամի չափով վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 6 մլն 282 հազար 739 դրամ։
«Աղստև-1»-ը Աղստև գետի վրա գործող ամենահզոր հէկն է՝ 2885 կՎտ հզորություն ունի: Գործում է 2010 թվականից և տարեկան արտադրում է 9 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:
Ընկերության ամենամեծ բաժնետերը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի շուրջ 32 տոկոսը:
Մեկնաբանել