
Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով
«ՀայՓոստ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հոկտեմբերի 27-ից շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով:
Գեղաթերթիկի մարումը կիրականացնեն Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ գերաշնորհ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 630 դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի ձախ նամականիշի վրա պատկերված է Հովհաննես Պողոս II Պապը, ով այցելել էր Հայաստան 2001 թվականին, իսկ գեղաթերթիկի աջ նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը, ով այցելել էր Հայաստան 2016 թվականին:
Գեղաթերթիկի վերին և ստորին հատվածներում նշված են «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան» և «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված է Խոր Վիրապի վանքը և Արարատ լեռը:
Մեկնաբանել