HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Լրագրողին առանց ծանուցագրի ու կարգավիճակի կանչել են հարցաքննության

Օգոստոսի վերջին Թեղուտի խմբի արշավորդները Գուգարքի տարածաշրջանի անտառային գոտում հայտնաբերել էին մեծաթիվ հատված ծառեր ու ահազանգել բնապահպանության նախարարությանը: Վերջինիս բնապահպանական տեսչությունը ուսումնասիրել ու հայտնաբերել էր ընդամենը 11 հատ հատված ծառ: Սակայն Թեղուտի պաշտպանության խումբը «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների եւ մի խումբ լրագրողների հետ սեպտեմբերի 9-ին կրկին ուսումնասիրել էր նույն` Գուգարքի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության տեղանքը եւ ընդամենը 2 ժամում հայտանաբերել 116 հատված ծառ:

Հենց այդ օրն էլ` ուսումնասիրությունն ավարտելուց հետո, որոշակի խոչընդոտներ էին ստեղծվել բնապահպան ակտիվիստների` Երեւան վերադառնալու հետ կապված, ինչպես նաեւ վեճ էր ծագել ոստիկանների, մոնիտորինգի խմբի անդամների, անտառապահների ու «Հրապարակ» օրաթերթի վանաձորցի թղթակից Էդվարդ Արզումանյանի միջեւ:

Վերջինիս փորձել էին ճնշել` ձգտելով, որ լրագրողը հատված ծառերի թիվը պակասեցնի: «Հետքը» ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էդիկ Շարմազանովին խնդրել էր հանդիպում կազմակերպել Է. Արզումանյանի եւ միջադեպին մասնակից երկու ոստիկանների հետ:

Շարմազանովը համաձայնել էր, սակայն հաջորդ օրն իսկ հայտնել էր, որ ոստիկանները ծառայողական հանձնարարությամբ դուրս են եկել:

Չնայած դեռ սեպտեմբերի 10-ին ակտիվիստներն ու լրագրողները հրապարակավ հայտնել էին ապօրինի հատումների մասին, Շարմազանովը ասել էր, թե իրենք հաղորդում չեն ստացել, եւ քրեական գործ չի հարուցվել:

Եվ հետեւաբար, բաժին եկած Է. Արզումանյանին հորդորել էր հաղորդում գրել ապօրինի ծառահատման մասին, ինչը եւ Արզումանյանը արել էր:

Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնից քննիչ Հրաչ Մարգարյանը զանգել է Է. Արզումանյանին եւ հաջորդ օրը կանչել հարցաքննության:

Քննիչը հայտնել է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան Լոռու մարզի դատախազությանը նյութեր է ուղարկել Արզումանյանի հանդեպ գործադրված ճնշումների վերաբերյալ, ու հիմա քննություն է գնում:

«Ես գիտեի, թե այդ ճնշումների մասին պիտի խոսեմ, բայց քննիչը հարցրեց, թե ինչ է կատարվել, ուզում էր, որ անտառում իմ տեսածը մանրամասն պատմեի»,- ասում է Էդվարդ Արզումանյանը:

Ամենահետաքրքիրն այն է, որ նրան հարցաքննության են կանչել բանավոր, առանց ծանուցագրի, ավելին` միայն հարցաքննության վերջում են ասել, որ Արզումանյանը ծառահատումների գործով վկա է:

Սրան քննիչ Հ. Մարգարյանը մեզ հետ զրույցում տվեց հետեւյալ հիմնավորումը. «Օրենքը չի պարտադրում անպայման ծանուցագիր ուղարկել, բանավոր կերպով կարելի է այդ մարդուն կանչել հարցաքննության: Երբ որ հրահանգ է եղել, ես նպակահարմար եղած ժամանակ զանգել, կանչել եմ»:

Քննիչ Մարգարյանին խորհուրդ կտանք կարդալ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի  205 հոդվածը (հարցաքննության կանչելու կարգը). «Վկան, տուժողը, կասկածյալը, մեղադրյալը քննիչի մոտ են կանչվում ծանուցագրով, որն ստորագրությամբ հանձնվում է նրանց, իսկ նրանց բացակայության դեպքում՝ նրանց ընտանիքի չափահաս անդամներից որեւէ մեկին, հարեւաններին, բնակարանային շահագործման կազմակերպությանը կամ նրանց է փոխանցվում իրենց աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով: Նրանք կարող են կանչվել նաեւ հեռագրով, հեռախոսագրով կամ ֆաքսով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, ինչ դատավարական վիճակով, ինչպես նաեւ ուր եւ երբ (ներկայանալու օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը»:

Երբ քննիչից հետաքրքրվեցինք, թե ինչու է հենց միայն Արզումանյանը կանչվել որպես վկա, երբ տեղանքի ուսումնասիրությանը մասնակցել են բնապահպաններ ու մոնիտորինգի խմբի անդամներ, նա պատասխանեց. «Չեմ հասկանում` խնդիրն ինչու՞մն է: Այդ մարդու հետ ի՞նչ պրոբլեմ կա կոնկրետ: Երեւի դուք ինձնից լավ գիտեք, թե գործը ոնց կարելի է քննել: Երբ որ գործը կավարտվի, ու կտեսնեք, որ ինչ-որ բան չի արվել, ինչ-որ բան թերի է, այդ ժամանակ այդ հարցն ինձ կտաք: Վկաների թիվը կախված է գործի անհրաժեշտությունից: Ինչքան վկա է եղել, այնքան պիտի հարցաքննվի»:

«Ուրեմն բոլորն էլ հարցաքննվելու՞ են» հարցին ի պատասխան` Մարգարյանը նետեց. «Դա ձեր արտոնությունները չի, դա մենք ենք որոշում, այսինքն` գործի անհրաժեշտությունն ա որոշում` ում հարցաքննենք, ում չէ: Դա արդեն գործի անհրաժեշտությունից ելնելով: Ես ձեզ դրա մասին ինֆորմացիա չեմ տրամադրի»:

Է. Արզումանյանի փոխանցմամբ` իրեն ասել են, որ նորից պիտի կանչեն բաժին` առերեսման համար: Սակայն դժվարացավ ասել, թե ում հետ պիտի առարեսեն. «Առերեսում ոստիկանների հետ դժվար լինի, որովհետեւ գրել եմ, որ որեւէ մեկից բողոք, պահանջ չունեմ: Հարցաքննության կեսից ավելին վերաբերում էր զուտ ծառահատումներին: Խոսակցությունն այնպես ստացվեց, որ առերեսում պիտի լինի անտառահատների հետ: Բայց չգիտեմ, թե ինչ առերեսում պիտի արվի, երբ որեւէ ծառահատի չեմ տեսել ու որեւէ մեկի անուն չեմ տվել»:

Լրագրողը շեշտեց նաեւ, որ անտառում ոստիկանների ու մոնիտորինգի խմբի անդամների հետ որեւէ քաշքշուկ չի եղել, սակայն որոշ մարդիկ փորձել են շահարկել, Facebook սոցիալական ցանցում մեծ աղմուկ են բարձրացրել, երբ իրականում իր վրա ուղղակի հոգեբանական ճնշում է եղել:

Ոստիկանության Գուգարքի բաժնում ապօրինի ծառահատումների վերաբերյալ հարուցվել է քրեկան գործ` ՀՀ Քր.օր.-ի 296 հոդվածի 2-րդ մասին 3-րդ կետով. «Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, որոնք կատարվել են խոշոր վնաս պատճառելով, պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter