
Covid-19-ից մահվան դեպքերի վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի և ԱՆ-ի թվերը տարբերվում են
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց կորոնավիրուսի պատճառով մահացած անձանց թվերի` գերատեսչությունների միջև եղած տարբերության մասին: Պատգամավորը հարցրեց, թե քանի անձ է մինչ այժմ մահացել կորոնավիրուսից:
Նրա խոսքով` Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2020-ին մահացել է 3545 անձ, իսկ ըստ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի` 2828 մարդ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց` ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է Առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգ մուտք արված դեպքերի և մահվան վկայականները տրամադրող կառույցների` զագսերի միջև եղած տարբերությունները:
«Ամբողջական պատկերը և դրանց բովանդակային ստուգման աշխատանքները երբ ամփոփվեն, լրացուցիչ պատասխան կտրվի Ձեզ»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը նաև ասաց, որ «ԱՐՄԵԴ» համակարգը էլեկտրոնային կառավարման համակարգ անցել է փուլ առ փուլ, հետևաբար հանձնաժողովը ուսումնասիրում է այդ փուլերը` հասկանալու, թե որ փուլում ինչ վիճակագրական տվյալներ են դուրս մնացել նախարարության համակարգից:
Պատգամավորը խոսեց նաև այն մասին, որ նախարարության հրապարակած մահվան թվերը միայն Covid բաժանմունքների հավաքագրած տվյալներն են, և դուրս են մնացել այլ հիվանդանոցներում կամ տներում արձանագրված մահվան դեպքերը:
Մեկնաբանել