
Էրեբունու հանրային սննդի 42 օբյեկտներում Covid19-ի կանոնների խախտման 9 արձանագրություն է կազմվել
Երեքշաբթի երեկոյան Covid19-ի հաղթահարմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողությունը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում:
42 տնտեսավարողի մոտ իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել է 9 արձանագրություն՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր:
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Մեկնաբանել