
Փաշինյանը հայտարարում է` 2020-ի տավուշյան դեպքերից հետո բանակը բերված է եղել ուժեղացված ծառայության
2020 թվականի հուլիսի տավուշյան դեպքերից հետո ամբողջ բանակը բերված է եղել ուժեղացված ծառայության: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին նման պնդում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին:
Պատգամավորը, վկայակոչելով վարչապետի խոսքը, հետաքրքրվեց, թե սեպտեմբերի 25-ին պատերազմի վտանգը կանխազգացող տեղեկություններ ստանալուց հետո, ի՞նչ է արվել այդ տեղեկության հետ:
«Ինձ զեկուցվել է, որ, ընդհանուր առմամբ, առաջնագծի մոտ Ադրբեջանն ունի այնքան ուժեր կուտակած, որ ցանկացած պահի կարող է իրականացնել հարձակում, գործնականում այդ հարվածները հասցնելու համար մեծ զորաշարժեր անելու անհրաժեշտություն չկա»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` ստացած տեղեկությունները միշտ են եղել, և դրանք ֆիլտրվել են: Փաշինյանը հայտնեց, որ լսել է թե՛ ՊՆ-ի և զինված ուժերի գլխավոր շտաբի գնահատականները, թե՛ ինչպես պետք է վերաբերվել այդ տեղեկություններին:
Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև Արցախը բանակցություններից դուրս թողնելու ընդդիմության մեղադրանքներին` վստահեցնելով, որ դա իրականացվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում:
Վարդևանյանը հետաքրքրվեց, թե տեղեկության ֆիլտրման գործընթացում բացի ԳՇ-ից այլ պաշտոնատար անձինք ևս մասնակցել են, թե ոչ:
«Ինչպե՞ս է ստացվել, որ ՊԲ-ում թիվ մեկ տագնապ, ամենաինտենսիվ վիճակ սեպտեմբերիկ 25-ից հետո չի եղել»,- հարցրեց Արամ Վարդևանյանը:
Վարչապետն արձագանքեց, թե այդ կերպ պատգամավորը փորձում է խորհրդավորության տպավորություն ստեղծել, թե իբր գաղտնի տեղեկությունների է տիրապետում: Նա կոչ արեց հարցերը ուղիղ հնչեցնել:
«Ո՞ւր է հինգ միլիարդանոցը, խի՞ չի գալիս նիստերին»,- ասաց Փաշինյանը` հավանաբար նկատի ունենալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, որը դահլիճում չէր:
«Բան ունե՞ք ասելու` ասեք, թե չէ ստեղ-ընդեղ ասում եք` հինգ միլիարդ, ես էլ ասում եմ՝ ծախողն էլ եք դուք, դավաճանն էլ, կապիտուլյանտն էլ»,- եզրափակեց Փաշինյանը:
Մեկնաբանել