Անտոնիո Մոնտալտո. «Հայերեն արտահայտությունը, որ ամենից շատն եմ սիրում, ազիզ ջանն է»
-Buongiorno, սինյոր Մոնտալտո,- ժպտալով մեկնում եմ ձեռքս:
-Բարեւ ձեզ, համեցեք,- լսում եմ հարազատ մայրենիով՝ ի պատասխան իտալերեն ողջույնիս:
Այսքանով ավարտվում է լրագրողիս եւ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի միջեւ անմիջական շփման հայ-իտալական ձեւաչափը: Զրույցի շարունակությունն օգնականի՝ Լուսինե Ղազարյանի օգնությամբ է ընթանում: Գյումրիում հայտնի Վիլլա Կարս հյուրատանն ենք, որի մի հատվածը պարոն Մոնտալտոյի համար ծառայում է որպես բնակարան: Աշնան արեւի պարգեւած ջերմությունը թույլ է, եւ պաղ օդի հոսանքները ստիպում են զրույցի համար ներս մտնել՝ բակի գեղեցկությունը վայելելու հաճույքը թողնելով մեկ ուրիշ անգամվա:
Միահարկ շինության ներսն ու դուրսն անխաթար են եւ շարունակում են կրել 19-րդ դարավերջի 20-րդ դարասկզբի շունչը: Սենյակները բաժանող փոքրիկ նախամուտքում դրված սեղանին կերամիկայի դպրոցի սաների աշխատանքներն են: Ամենուր գրքեր, թերթեր եւ լրագրեր են՝ պահարաններում, հարմարեցված դարակներում, բազմոցներին ու սեղանին: Շարժվում ենք զգուշորեն՝ շրջանցելով հատակին դասավորած թղթերի ու գրքերի կույտը:
-Նստեք որտեղ հարմար է,- առաջարկում է տանտերը:
-Իսկ կարելի՞ է ա՛յս բազմոցին նստել,- հարցնում եմ:
-Օ՜, իհարկե՛, ճիշտն ասած, վերջին շրջանում հյուրերիս հենց այդ բազմոցն եմ առաջարկում, քանի որ մյուսը կարող է անակնկալ փլվել, ինչպես որ եղավ մի շատ կարեւոր հանդիպման ժամանակ,- ծիծաղելով նկատում է Մոնտալտոն՝ տեղավորվելով իր իսկ բնորոշմամբ «վտանգավոր» բազմոցին՝ գեղեցիկն ու անվտանգը թողնելով երկու կանանց:
«Հայաստան եկել եմ 1989թ.-ին՝ երկրաշարժից երկու ամիս անց, պիտի համակարգեի Իտալիայից ուղարկվող բժշկական օգնությունը, նաեւ սոցիալական ծրագրերը, որոնք հետագայում իրականացվեցին Հայաստանում ու Արցախում: Առաջին վայրը, որտեղ եղել եմ՝ Սպիտակն էր: Ամենուր փլատակներ էին, որոնց վրա ձյան բարակ շերտ կար նստած, ու դա ավելի անկենդան էր դարձնում շրջապատը: Անչափ տխուր էր: Ես այս մասին շատ եմ խոսել, գուցե այսքանով բավարարվենք, որովհետեւ կյանքը բավական առաջ է գնացել, ու հետ նայել պետք է միայն նախկին սխալները չկրկնելու համար,-զրուցակիցս ձեռքով թեթեւ կիսաշրջան է գծում օդում՝ կարծես ցանկանալով ամփոփել ասածը,- սկզբի 10-15 տարիներս անցել են տարբեր ծրագրեր ղեկավարելով՝ կառուցեցինք Ստեփանակերտի, Հադրութի, Գորիսի ծննդատները եւ այլն: Ես եկա աշխատանքի բերումով, սակայն ճակատագիրն ինձ կապեց հայերի, Հայաստանի ու Գյումրու հետ»:
Ծնվել է 1952թ.-ին, Պալերմոյում, ավանդական, իտալական ընտանիքում, որտեղ 7 երեխա էր մեծանում. ինքը՝ երկրորդն էր: «Ես մեծացել եմ շատ առողջ ընտանիքում՝ շատ հոգատար մամայով եւ պապայով, որ վախենում էր ցույց տալ, թե որքան լավն է մեր մաման: Հայրս ֆերմեր էր, ինքը մի շատ պարզ գաղափարախոսություն ուներ կյանքի վերաբերյալ՝ աշխատանքն ամեն ինչի աղբյուրն է: Ասում էր՝ 9 ամիս դպրոցում հանգստացել եք, դե հիմա 3 ամիս պիտի աշխատեք դաշտում,- Մոնտալտոն ծիծաղում է,- իմ ընտանիքը զբաղվում էր նարնջի, մանդարինի, կիտրոնի, ինչպես նաեւ տարբեր տեսակի բանջարեղենների մշակմամբ: Այս ամենի մեջ ինձ համար ամենատրավմատիկն այն էր, որ առավոտ շուտ՝ ժամը 7-ին, հայրս արթնացնում էր մեզ, ամեն մեկիս մի-մի կոնֆետ էր տալիս ու ասում՝ օրը պրծավ, ե՞րբ եք վեր կենալու: Համոզված եմ, եթե հայրս տեղափոխվեր մի վայր, որտեղ ժամը 11-ին կյանքը նոր է սկսվում՝ կմեռներ»:
Իսկ ահա ինքը սիրեց հայերին, եւ որպես ապրելատեղ ընտրեց Գյումրին: Ասում է՝ նման են սիցիլիացիներին՝ տաքարյուն, արագ բռնկվող, ընտանիքասեր, դժվար պահերին միմյանց օգնող, խոսելիս էլ շատ հաճախ ձեռքերը թափահարում են, ինչպես իտալացիք: Գյումրին իր հինավուրց տներով ու բակերով հիշեցնում է Պալերմոն:
-Ես այստեղ շատ դրական բաներ եմ տեսել՝ հարգանք մեծերի, ընտանիքի, երեխաների նկատմամբ: Մարդիկ առատաձեռն են ու սրտաբաց: Ճիշտ է, այստեղ էլ կա աղքատություն, բայց հայերը չեն պատկերացնում իրական աղքատությունը, որ գոյություն ունի աշխարհում: Այստեղ դու երբեք ամենավերջին չես հասնում, որովետեւ քո շրջապատում հաստատ կգտնվի ինչ-որ մեկն, ով քեզ ձեռք կմեկնի, կգտնվի մի տեղ, որտեղ դու կգնաս հաց կուտես ու կպատսպարվես: Հայաստանում մարդիկ իրենց արժանապատվությունը պահում են, պատվախնդիր են, ու շատ դժվար է պատկերացնել, թե դա ինչքան կարեւոր է: Այստեղ մարդիկ կողքից նայում են, թե դու ոնց ես ապրում քո կյանքը, ինչ արժեքներ ես կրում: Ես այստեղ արթնանում եմ ժամը 6-ին, մաքրում եմ բակը, ու գիտեմ, որ դա ընդունված է Գյումրիում, սեփական տներում ապրողները պարտադիր մաքրում են իրենց տան դիմացը: Հայերը մեծ մասամբ շատ բարի են: Իտալացիները մտածում են, որ բարի լինելը երբեմն գալիս է հիմարությունից, իսկ ես մտածում եմ, որ պետք է ուժեղ լինես բարության համար:
-Կա՞ հայերեն արտահայտություն, որ ամենաշատն եք սիրում,- հարցնում եմ:
-Ազիզ ջան...,- Մոնտալտոյի անակնկալ խոստովանությունը ծիծաղ է հարուցում:
-Ազիզ ջա՞ն...իրո՞ք, մեր ջան-ը սիրում են շատ ազգերի ներկայացուցիչներ, բայց ազիզ-ը...,-զարմանքս չեմ թաքցնում:
-Օ՜, դա իր պատճառն ունի: Սիցիլիան որոշ ժամանակահատված եղել է արաբական տիրապետության ներքո, որն ազդեցություն է ունեցել նաեւ այդ շրջանի ճարտարապետության վրա: Պալերմոյում մի դղյակ կա, որ կոչվում է Պալացցո դելա Ցիզա՝ արաբերեն Ալ Ազիզ, թարգմանաբար նշանակում է՝ հրաշալի: Կառուցվել է 12-րդ դարում, արաբ շինարարների կողմից, պատվիրատուն եղել է սիցիլիացի թագավոր Վիլհելմ 1-ինը, բայց այն ավարտին է հասցրել որդին՝ Վիլհելմ 2-րդը: Դղյակը նախատեսված է եղել որպես ամառային հանգստավայր, սակայն ասում են, որ կառուցվել է թագավորի ֆավորիտուհիներից մեկի պատվին: Շատ գեղեցիկ շինություն է, իրոք որ հրաշալիք: Ահա թե որտեղից է իմ սերն այդ բառի նկատմամբ: Այն ինձ մշտապես հիշեցնում է Պալերմոն: Երբ լսում եմ, թե ինչպես է հայ մաման երեխային ասում՝ ազիզ ջան, ոնց որ սիրտս տեղից դուրս գա: Այդ բառը հայերը շատ են գործածում, եւ իհարկե ամեն մեկին չէ, որ ասում են: Ես կցանկանայի ավելացնել այն մարդկանց թիվը, որոնց կկարողանայի քնքշանքով ասել՝ ազիզ, բայց իհարկե նաեւ հարգանքով եւ միաժամանակ ընդգծելով հատուկ, ջերմ վերաբերմունքս:
Մասնագիտությամբ բժիշկ Անտոնիո Մոնտալտոն 2001թ.-ից, որպես Իտալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, բնակվում է Գյումրիում: Երեւանում կար բացված Իտալիայի դեսպանատուն, եւ որոշում ընդունվեց հյուպատոսարանը հիմնել մեծությամբ երկրորդ քաղաքում: 20 տարի Գյումրու եւ գյումրեցիների հետ՝ ապրել, շնչել, պայքարել, վիճել, սիրել, զարմանալ, հիասթափվել ու կրկին համոզվել, որ աշխարհի կենտրոնն այստեղ է՝ պարզապես շատերը չտեսնելու են տալիս:
-Պարոն Մոնտալտո, դրականից խոսեցինք, իսկ ինչ բացասական գծեր եք նկատել հայերի մոտ:
-Շատ էմոցիոնալ են ու էդ առումով նման են իտալացիներին, երբեմն ավիրում են այն, ինչ անում են: Երբեմն դժվար է համագործակցելը, որովետեւ մենք բոլորս մեզ անհատականություններ ենք համարում: Եթե հարցնեք, թե ինչն է ինձ ցավեցնում եւ ինչը ինձ դուր չի գալիս, այն, որ տեսնում եմ, թե ինչպես է քաղաքը դատարկվում բնակիչներից: Ի՞նչ կարելի է անել սակավ ուժերով, շատ չնչին բան: Երբ տնտեսական առումով թթվածինը պակասում է, մարդիկ շտապում են լքել տարածքը: Էսպիսի դեպքերում անգամ փողի շատությունը չի կարողանալու իրավիճակը փրկել, քանի որ մարդիկ պարզապես չեն ուզենա իրենց երեխաներին մեծացնել նման միջավայրում: Կա փող, բայց չկա հույս, ծիծաղի պակաս կա, կյանքի հաճույքները վայելելու չկամություն, մարդիկ լիաթոք չեն ուրախանում, կասկածամիտ են, որովհետեւ արտոնություններով օժտված խավ կա, որ որոշում է մնացածի ճակատագիրն ու դեռ հարց է, արդյո՞ք այն անում են արդարացիորեն:
Անտոնիո Մոնտալտոյի համոզմամբ Գյումրու զարգացումը կապված է պատմական միջուկում իրականացվող ծրագրերի հետ: Զրուցակիցս առաջարկում է հրավիրել օտար երկրներում բնակվող հայազգի ճարտարապետների, որ գան ու կազմեն քաղաքի ուրբանիստիկ պլանը, կատարեն ճիշտ շեշտադրումներ, օգնեն մասնավորին չսխալվել: Կլինե՞ն ճիշտ ծրագրեր՝ կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, չեն կարողանա զարգացման ճիշտ քաղաքականություն մշակել՝ կավիրեն եղածն էլ:
-Դուք Գյումրիում երկու-երեք շինության հիմնանորոգմամբ եք զբաղվում եւ իհարկե հասցրել եք նաեւ որոշակի վեճեր, անհամաձայնություններ ունենալ տեղական իշխանություների հետ:
-Ես չէի ուզենա քննարկել մի թեմա, որի երկրորդ կողմը ներկա չէ: Ես չեմ սիրում խոսել մարդկանց հետեւից, դրա համար պատասխանիս մեջ կոնկրետ անուններ չեն հնչի: Պրոբլեմը շատ հաճախ առաջանում է, որովհետեւ չկա հստակ տարանջատում մասնավորի ու պետականի միջեւ, որտեղ ամեն մեկը կիմանա իր գործառույթն այնքան լավ, որ մեկը մյուսին չխանգարի եւ մեկը մյուսի ֆունկցիան չվերցնի իր վրա: Եթե ես սխալվեմ, ես մեկն եմ, մասնավոր եմ ու հնարավոր է միայն ինքս ինձ վնասեմ, եթե պետականը սխալվի՝ դա ազդում է հազարավոր անհատների կյանքի վրա: Ուստի նույնը չեն այս երկու սխալի հետեւանքները: Պետականի գործունեությունը պետք է ուղղված լինի ժողովրդի շահերին: Տեղի են ունենում իրադարձություններ, որ երբեմն սկսում ես կասկածել, թե պետական սեկտորը մասնավորն է, այսինքն իր քայլերով ու պահվածքով չի տարբերվում մասնավորից, այ թե ինչն է հանգեցնում ցավալի սխալների: Իրենք պետական ինստիտուտ են եւ իրենց գործառույթն այնպես պետք է իրականացնեն, որ մենք կարողանանք նրանց հարգել: Բոլորս էլ կարող ենք սխալվել, մասնավորն՝ ավելի շատ: Մասնավորը փորձելու է միշտ էլ ինչ-որ ձեւով շեղվել, շրջանցել, որովհետեւ իր գրպանի մասին է մտածում, բայց օրենքը չի կարող ընկնել մեկի հետեւից, որովետեւ այդ մարդն իրեն դուր չի գալիս: Օրենքը պետք է վեր լինի ամեն ինչից ու հավասար բոլորի համար: Երբ ասում են՝ սա օրենքով չի թույլատրվում, բայց նայում ես, որ այդ նույն օրենքով մեկ ուրիշին նույն բանը թույլատրվել է, ակամայից ուզում ես հասկանալ օրենքն իր տեղում է, թե՞ չէ, թե դու ընդհանրապես ոչինչ չես հասկանում: Պետական մակարդակում պետք է իշխի պրոֆեսիոնալիզմը, ոչ թե բարեկամական ու ընկերական կապերը:
-20 տարի է՝ հեռու եք ծննդավայրից, դժվար չէ՞
-Իհարկե շատ դժվար է, բայց ես աշխատում եմ չկենտրոնանալ այդ մտքի վրա, այլապես անտանելի կլիներ: Ես փորձում եմ ստեղծել ընտանեկան միջավայր այնտեղ, որտեղ ապրում եմ, իհարկե դա չի փոխարինում արյունակցական կապերին, ուղղակի արժեւորում եմ: Ես այստեղից իմ աղջկան ավելի շատ եմ սիրում, քան թե Իտալիայում եղած ժամանակ, եւ ինքն էլ՝ ինձ: Նա Հայաստանը սիրում է իմ միջոցով եւ այդ վիրտուալ սերն ավելի ուժեղ է: Երբեմն խնդիրը ֆիզիկական մոտիկությունը չէ, այլ հարաբերությունների ինտենսիվությունը: Հայաստանն ինձ օգնում է աղջկաս ավելի շատ սիրել, իմ աղջիկն էլ օգնում է, որ Հայաստանն ավելի սիրեմ, քանի որ նրան դուր է գալիս այն, ինչ ես անում եմ այստեղ: Նա հպարտանում է իմ արածով:
Մենք խոսում ենք հայ եւ իտալացի տղամարդկանց ու կանանց նմանությունների եւ տարբերությունների մասին: Պարոն Մոնտալտոն հաստատում է տարածված կարծիքը, որ հայերս նման ենք Իտալիայի հարավում բնակվողներին՝ բնավորությամբ, կյանքի նկատմամբ ունեցած հայացքներով: Իհարկե կան նաեւ տարբերություններ, որոնք ավելի շատ բուն ազգային դրոշմ ունեն: Զրուցակցիս համոզմամբ հայ կանայք Հայաստանի հարստությունն են եւ նրանց պետք է արժեւորել:
-Դե, իսկ ինչ կասեք մեր ճաշատեսակների մասին, պարոն Մոնտալտո, կա՞ ինչ-որ մի բան, որ գերադասում եք:
-Հարիսա եմ սիրում, գիտեմ, որ երկար եփվող կերակուր է: Այն ինձ համար խորհրդանշական կերակուր է: Ես հարիսան նմանեցնում եմ կյանքի ընթացքին, որովհետեւ կյանքում լավ բանի համար դու պետք է սպասես, համբերես, որ հասնես դրան կամ ստանաս: Այն ամենն, ինչ արվում է էմոցիոնալ հողի վրա՝ կարճ է տեւում: Հարիսան ինձ համար մենակ կերակուր չէ, ինքը որակի նշան է: Երբ պիտի առաջին անգամ հարիսա ուտեի ու ինձ ասացին, որ հարիսա պատրաստելը ժամեր է պահանջում, ես ասացի շատ լավ, դա նշանակում է, որ այն պիտի յուրահատուկ մի բան լինի: Իմ կարծիքով հարիսան հենց Հայաստանն է խորհրդանշում:
Զրույցի երկու ժամն անցնում է աննկատելի: Հրաժեշտ եմ տալիս Անտոնիո Մոնտալտոյին՝ վերջին պահին շեշտելով, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում ստացած անձը շատ տարիներ առաջ, հասարակ գյումրեցու կողմից, ավելի մեծ տիտղոսի է արժանացել՝ «ամենագյումրեցի իտալացին»: Ժպիտը կրկին տարածվում է բարեհամբույր իտալացու դեմքին, ու նա մի թեթեւ խոնարհվում է. «Դա ամենամեծ գնահատականն է ինձ համար, որին կաշխատեմ մինչեւ վերջ արժանի լինել»:
Լուսանկարները՝ Գուրգեն Գինոսյանի
Մեկնաբանել