HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Միակ իրավական հիմք ունեցող հիմնական քարտեզը 1920-ականներինն է»․ Արմեն Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին

«Պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, Ադրբեջանից սպասում ենք դրական ազդակ այդ մասով։ Կարծես թե սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց՝ չի կարող ասել՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի սկսում դեմարկացիայի և դելիմտացիայի գործընթացը։

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում Խորհրդային Միության քարտեզներով առաջնորդվելուն՝ նա ասաց․ «Խորհրդային տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 1920-ականներին է սկսվել՝ 1926-1927-ին, որն ավարտվել է 1929-ին, հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը»։

Ըստ ԱԽ քարտուղարի՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքային խումբը քննարկում է թե ինչպես գործընթացը սկսել, որ քարտեզը հիմք ընդունել, այս պահին հստակ չէ, եթե այդ մասով որևէ հստակություն լինի, հանրությունը դրա մասին կիմանա։

«Միակ իրավական հիմք ունեցող հիմնական քարտեզը 1920-ականների քարտեզն է, որը, մի մասն ասում է՝ 1926 թվականի է, մի մասը՝ 1929-ը, այդ հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է»։

Նրա խոսքով՝ այն քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկման առարակա են դարձել աշխատանքային խմբում։

Խոսելով Արցախում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետների մասին՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար։

«Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում խաղաղապահ ուժերի համար, հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը առավել երկար կմնան»:

Լրագրողի հարցին՝ արդյոք առանց Ռուսաստանի Հայաստանը կարող է Արցախը պաշտպանել, ԱԽ ղեկավարն ասաց․ «Այս պահին քննարկում ենք համատեղ անվտանգության հարցը»։

Գրիգորյանն անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերություններին։

«Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող ենք առաջ գնալ այս գործընթացում։

Առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել ենք, որ կան դրական ազդակներ, և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը»։

Արմեն Գրիգորյանը վստահեցրեց՝ փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբում արձանագրված է՝ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը։

Լրագրողի այն հարցին՝ արդյոք ԱԽ քարտուղարը կարող է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Գրիգորյանն ասաց․ «Միանշանակ դրա մասին բազմիցս ասել ենք։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային ժողովում հնչեցրած այն հայտարարությանը, որ Հայաստանի զինված ուժերը հետ են քաշվել դիրքերից իր հրամանով՝ ԱԽ քարտուղարն ասաց․«Բոլոր գործոնները հաշվի առնելով է այդ որոշումը կայացվել, քննարկմանը մասնակցել են և՛ ՊՆ-ն, և՛ Գլխավոր շտաբը: Եզրահանգումը հիմնված է եղել բազմակողմանի քննարկման վրա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter