HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Իշխանությունն ու ընդդիմությունն ԱԺ նիստին ՏԻՄ ընտրությունների քարոզարշավ իրականացրին

Խորհրդարանական ընդդիմությունն ու իշխանությունը ԱԺ հերթական նիստին սկսեցին առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ քարոզարշավ` կոչ անելով ընտրել կամ չընտրել այս կամ այն ուժին:

Ամեն ինչ սկսվեց դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթից, երբ վերջինս կոչ արեց քաղաքացիներին առաջիկա ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

«Ձեր չմասնակցությամբ նպաստում եք ներկա իշխանությունների վերարտադրմանը, կոչ եմ անում անպայման գնալ, ու երբևէ ձայնը չտալ գործող իշաննությունների թեկնածուներին»,-ասաց Կյուրեղյանը:

Արմենուհի Կյուրեղյանի ելույթին պատասխանեց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` ասելով, թե բացված Պանդորայի արկղը ինքը կփակի:

«Տիկին Կյուրեղյան, երբ կոչ եք անում չընտրել իշխող ուժին, բայց չեք առաջարկում օրինակ ընտրել ձեր ուժին, դա շատ լավ մատնանշում է այն քաղաքականությունը, որը վարում եք այս ընտրություններում: Նրանց PR մասնագետները մի խորհուրդ են տվել` ասել են՝ ինչ թեկնածու ուզում եք, առաջադրեք, ում ուզում եք, բերեք, մենակ դուք մի գնացեք, թող ձեզ հետ չասոցացնեն, նույնը եղել է Առուշ Առուշանյանի դեպքում Գորիսում»,- ասաց Ալեքսանյանը:

Նրա խոսքով` չնայած «Հայաստան» դաշինքը փորձում էր ամեն կերպ զերծ մնալ ակտիվ քարոզարշավից, սակայն այժմ Գորիսի ընտրությունների արդյունքները փորձում են իրենց վերագրել:

«Սիրելի կապանցիներ, նույնը տեղի է ունենում ձեզ մոտ, Քոչարյանի թիմն ամեն կերպ փորձում է իրեն հեռու պահել Գևորգ Փարսյանից, բայց նույն կերպ սատարում է Գևորգ Փարսյանին: Ընտրելով Փարսյանին՝ դուք ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին և նրա թիմին: Մի տեղ եք ձեր դեմքով մասնակցում` Իջևանում, այնտեղ ՀՅԴ-ն մրցում է ՔՊ-ի հետ, էդ ընտրությունների արդյունքները ես խոստանում եմ կհրապարակեմ այս ամբիոնից»,- ասաց նա:

Այնուհետև խոսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` ասելով, թե մեկ իշխանական պատգամավոր այնքան հաճախ է մտահոգություններ հայտնում «Հայաստան» դաշինքի վերաբերյալ, որ արդեն մտածում է ընտրություններին այդ դաշինքի օգտին է քվեարկել:

«Բայց դուք ձեր դարդը լացեք, մեզ ասում եք՝ ինչի Գորիսի ընտրություններին չեք գնացել, էդ որ դուք գնացիք, ԱԺ փոխնախագահ էր եկել, խմբակցության ղեկավար, մի մեծ շքախմբով գնացիք, հաղթեցիք, չհաղթեցիք, որովհետև գորիսեցին գիտի՝ ում է իր ձայնը տալիս, ում է վստահում: Մարդու, ով ամբողջ կյանքում նվիրումով է ծառայել իր քաղաքին և ոչ թե բարձրագոչ հայտարարություններ արել»,- ասաց նա:

Չնայած նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը փորձում էր զերծ պահել պատգամավորներին քարոզարշավ իրականացնելուց, սակայն նրա հորդորներն անտեսում էին թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորները:

Կապանյան քարոզարշավը շարունակեց իշխանական պատգամավոր Մարինա Ղազարյանը` կոչ անելով ընտրել ՔՊ-ի թեկնածուներին: Նրա խոսքով` տարբեր մարզերում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր, որոնց մեծամասնությունը` Կառավարության միջոցներով: Պատգամավորը սակայն ասաց, թե Սյունիքի շատ համայնքապետեր այդ ծրագրերը վերագրում են իրենց:

Նա ասաց, թե որպես կապանցի իրավունք ունի կապանցիներին կոչ անել ընտրել ՔՊ-ական Դավիթ Դանիելյանին:

Այնուհետև կրկին ելույթով հանդես եկավ Վահագն Ալեքսանյանը` ասելով, թե Աննա Գրիգորյանի ակնարկը իրեն է ուղղված, ապա վստահեցրեց` «Հայաստան» դաշինքին որևէ կերպ ընտրել չէր կարող:

«Խոսվեց, թե ում է ընտրել գորիսեցին: Առուշ Առուշանյանի հայրը գնացել, ծեծել է ամեն մի դուռ, ասել՝ սա քաղաքականության հետ կապ չունի, ընտրեք Առուշին, որ նա ազատ արձակվի: Կապ չունի` Նիկոլին եք ընտրել, թե Քոչարյանին: Հիմա ընտրությունների արդյունքները բերել եք այս ամբիոն, փորձում եք կապիտալացնել որպես Քոչարյանի քաղաքական դիվիդենտ»,- ասաց նա: Իշխանական պատգամավորը պարզեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարը և հավատացրեց` նկարը նույնիսկ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային թիմի շապիկին հայտնվելու դեպքում էլ վերջինս որևէ դեպքում չի հաղթի:

Նա նաև անդրադարձավ Աննա Գրիգորյանի այն խոսքերին, թե շատերը պարզապես իրավունք չունեն Կապանի անունից խոսել:

«Երևի Դուք ու Ձեր ամուսինն իրավունք ունեք խոսել Կապանի անունից, ով կարծեմ կապանցի է ու Կապանն էնքան է սիրում, որ Կապանում է ծառայել, սիրո մի բարձրագույն դրսևորում»,- ասաց նա:

Նշենք, որ այդ ժամանակ խորհրդարանում քննարկվում էր երկու միջազգային համաձայնագիր, մեկը Սինգապուրին առնչվող, մյուսը` Մալթային: Ամփոփելով քարոզարշավը՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց, թե քննարկումը կարելի է անվանել Մալթան, Սինգապուրը, Կապանն ու Գորիսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter