HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ըստ փորձագետի` իշխանությունները չեն փակի Youtube-ն ու Facebook-ը

Տեղեկատվության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ մեր հասարկությունը լուրջ էվոլյուցիա է ապրել. կենցաղային odnoklassniki.ru-ից անցել է դեպի քաղաքացիական հասարակության զարգացում ինտերնետում: Նա բարձր է գնահատում Youtube կայքի դերը: Մասնավորապես` վերջին շրջանում հայտնված աշակերտներին ծեծելու տեսանյութերը, ըստ նրա, մեծ արձագանք ունեցան, որովհետեւ միանգամից ցանցային մի քանի միջոց գործեցին իրար հետ. Facebook, զանազան բլոգներ, հետո` լրատվամիջոցներ, այնուհետ` կրկին Facebook:

«Ակնհայտ է, որ վերջին մեկ տարում ձեւավորվել է քաղաքացիական հասարակության մի սեգմենտ, որի մասին ոչ մեկ չէր պատկերացնում: Այսօր ԿԳՆ-ի մղձավանջը օտարալեզու դպրոցների դեմ շարժումն է, որը սկսվել եւ  շարունակում է ապրել հենց Facebook-ում»,- ասում է փորձագետը` հավելեով, որ վերոնշյալ կայքերում առաջիկայում ի հայտ կգան բացասական մանիպուլյատիվ երեւույթներ, որոնք բացառապես ընտրական գործընթացի հետ են կապված եւ նեղ շրջանակների շահ են հետապնդում: «Չեմ կարծում, որ բռունցքային մեթոդները կմոռացվեն, բայց կգործեն նաեւ ցանցային մեթոդները»,- նշում է նա: Մարտիրոսյանը կարծում է նաեւ, որ շուտով երեխաները կկարողանան դպրոցի ծեծուջարդը հեռախոսների միջոցով ցուցադրել ինտերնետի ուղիղ եթերում: Դրանով մեր հասարակությունը թափանցիկանում է: Սակայն նա շեշտում է նաեւ, որ ի տարբերություն ԿԳՆ-ի` ինտերնետում շատ ավելի մեծ թիվ կազմող բնապահպանական նյութերին բնապահպանության նախարարը անհաղորդ է:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ասում է, որ ինտերնետի դրական կողմերից է այն, որ, օրինակ, Youtube-ում տեղադրված հոլովակների միջոցով բարձրանում է մարդկանց պատասխանատվությունը: Բացի այդ` ինտերնետը մեծ ինֆորմացիա է փոխանցում: Դա ահռելի ազդեցություն է թողնում մարդու վրա, որի մոտ ուղեղի յուրահատուկ զարգացում է գնում` հարմարվելու ինֆորմացիոն մեծ հոսքերին:

Հոգեբանը ավելացնում է, որ որոշ մարդկանց կյանքում չլուծված խնդիրները դրդում են դրանք լուծել վիրտուալ աշխարհում: Մարդը ձգտում է  ինտերնետային մենակության` աուտիզմի: Սակայն այս հարցով որեւէ մեկն իրենց չի դիմել:

Ս. Մարտիրոսյանը կարծում է, որ երեխան պետք է մինչեւ ինչ-որ տարիք հասնելը չունենա համակարգչից օգտվելու հնարավորություն, քանի որ այժմ երեխաների բջջայիններում կան մահմեդականների գլխատումների, այլ սպանությունների նյութեր, որոնք կարելի էր կանխել համակարգչային ֆիլտրներով, որոնք ծնողները չեն օգտագործում: Իսկ հոգեբանն ասում է, որ ինչքան արգելես երեխային, տաս անգամ ավել է նայելու: Նա ասում է, որ երեխաներին հետաքրքրող հարցերը պետք է հենց մեծերը բարձրացնեն, քննարկեն, ուղղության տան նրանց:

«Հետքի» հարցին, թե հնարավոր է արդյոք, որ մեր իշխանությունները ինչ-որ մի օր արգելափակեն Youtube-ն ու Facebook-ը, ինչպես Թուրքիայում, փորձագետ Ս. Մարտիրոսյանն ասում է, որ նախ` դա շատ թանկ է, հետո` պետք է մի առանձին հաստատություն ունենալ, որը պետք է զբաղվի դրանով. «Ինչքան էլ բոլոր իշխանությունները իրենց դեմոկրատական կոչեն, դա գլխացավանք է իրենց համար: Բայց փորձը ցույց է տվել, որ ամենափակ երկրներում էլ, օրինակ` Չինաստանում, որտեղ մոտ 30.000 կիբերոստիկան կա, էլի մասնակցում են, որովհետեւ անցնելու ձեւեր կան: 2008-ի մարտին ենք տեսել նման բան, բայց դա վատ է ազդել ոչ միայն մեր, այլեւ հենց փակողների վրա, որովհետեւ տեսան, որ չեն կարողանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter