HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ական Վահան Կոստանյանն ազատվել է պարտադիր զինծառայությունից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար, այժմ Արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Կոստանյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

ԱԺ նիստում այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` ընթերցելով ՊՆ-ից ստացված իր հարցման պատասխանը: Մանուկյանը հիշեցրեց, որ Վահան Կոստանյանը 2018-ին ասպիրանտուրա ընդունվելու համար երեք տարի ժամկետով տարկետման իրավունք էր ստացել, այդ ընթացքում եղել է խորհրդարանի նախագահի օգնականն ու խորհրդականը:

«Երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո մայիսին դիմումով դուրս է գրվել ասպիրանտուրայից: Ես նախարարությանը հարցրել էի՝ արդյոք այս տարվա ամառային զորակոչին Կոստանյանը զորակոչվել է զինված ուժեր, թե ոչ, որովհետև հիմա արդեն աշխատում է որպես ԱԳ նախարարի խորհրդական: ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ազատվել է զինծառայությունից օրենքով սահմանված հիմքով: Մանրամասները չգիտեմ` ինչ պատճառով, բայց Վահան Կոստանյանն ազատվել է զինծառայությունից»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Իշխանական պատգամավորներից մեկն արձագանքեց` ազատվել է հիվանդության հիմքով:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ ասաց, թե պատգամավորը կարող է դիմել այդ քաղաքացուն և նրա թույլտվության պարագայում տեղեկանալ ազատման մանրամասներին:

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 2017-ին արված փոփոխություններից հետո ուսումնառության նպատակով տարկետման իրավունք կարող էին ստանալ միայն գիտության և կրթության մեջ նշանակալի ներդրումներ ունեցող անձինք` համապատասխան մրցութային հանձնաժողովի պահանջներին համապատասխանելուց հետո: Մրցույթի պահանջները բավարարելուց հետո Կառավարության որոշմամբ նշված անձինք տարկետման իրավունք են ստանում:

Կոստանյանն առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2018-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր, որպեսզի գիտությամբ զբաղվելու համար դիմի մասնագիտական հանձնաժողովին ու տարկետում ստանա: Կառավարությունը հուլիսի 19-ին 42 քաղաքացու, այդ թվում Վահան Կոստանյանին տարկետման իրավունք էր տվել` ասպիրանտուրայում ուսանելու համար:

Գիտության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար տարկետում ստացած Կոստանյանը օգոստոսի 14-ին նշանակվել էր իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, այնուհետև Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նախ նրա օգնական, ապա` խորհրդական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter