
«Այգ–1» ծրագրով Արագածոտնի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կկառուցվի 200 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը` ԱՆԻՖ-ը տեղեկացնում է, որ Կառավարության հոկտեմբերի 28-ի նիստում որոշվել է «Այգ-1» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը ներդնել ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։
Կառավարության կողմից հաստատված «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայան:
Ծրագիրը վերահաստատում է Կառավարության հանձնառությունն՝ ուղղված վերականգվող էներգետիկայի զարգացմանը, ըստ որի նախատեսվում է կառուցել մինչև 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները՝ նպատակ ունենալով մինչև 2030թ․ արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի:
Ծրագիրն ունի կարևոր ռազմավարական նշանակություն, թե՛ ներդրումային, թե՛ նաեւ Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացման, էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման տեսանկյունից:
«Այգ-1» ծրագիրն իրականացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության և «ԱՆԻՖ» կողմից ստեղծված համատեղ ընկերությունը։ «Մասդար» ընկերությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է։
Մեկնաբանել