HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ֆեյք էջի միջոցով վիրավորանք ու զրպարտություն արտատպած ԶԼՄ-ն կարող է պատասխանատվության ենթարկվել

Խորհրդարանի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց իշխանական պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար` կեղծ էջերից արտատպած վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկատվության համար: Նշենք, որ գործող օրենքով տեղեկատվության համար պատասխանատվություն կրում է սկզբնաղբյուր կայքը:

Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել նոր դրույթ` չնույնականացվող աղբյուր, որը սահմանվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ (այսուհետ՝ աղբյուր), որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին:

Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը:

Նախագծերի փաթեթը ներկայացրեց նախագծի համահեղինակ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորներն առաջարկում են նույնականացման տվյալների առկայությունը սահմանել նաև առցանց տիրույթում գործող ԶԼՄ-ների պարագայում: Չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում, եթե դրանք պարունակում են վիրավորանք կամ զրպարտություն, ապա լրատվամիջոցները չեն ազատվելու պատասխանատվությունից:

Նախագծով առաջարկվում է սահմանել ֆինանսական թափանցիկության պահանջ, այդ հաշվետվության և նույնականացման տվյալների բացակայության դեպքում` ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները կարող են մերժվել:

Զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (300 հազարից 500 հազար դրամ):

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով (500 հազարից 700 հազար դրամ):

Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որի թողարկումը չի պարունակում օրենքով սահմանված թողարկման տվյալները, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով` (200 հազարից 400 հազար դրամ):

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով( 300 հազարից մինչև 600 հազար դրամ):

Արթուր Հովհաննիսյանն իր խոսքում հիշեցրեց, որ ԶԼՄ օրենքն ընդունվել է 2003 թվականին և ամենևին չի արտացոլում այն իրավիճակը, որն այժմ կա: Նրա խոսքով` այժմ կան շատ տելեգրամյան ալիքներ, սոցցանցի էջեր, որոնց հնարավոր չէ նույնականացնել: ԶԼՄ-ներն այդ էջերից վերցնում են տարատեսակ տեղեկատվություններ, հղում անում վերջիններիս և ազատվում պատասխանատվությունից:

«Մենք առաջարկում ենք պատասխանատվություն սահմանել չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, թե հղումը չեն արգելում, պարզապես պատասխանատվություն են սահմանում արտատպած բովանդակության համար:

Արթուր Հովհաննիսյանը նաև ընդգծեց` այս նախագծով որևէ կերպ չեն արգելում ԶԼՄ-ներին օգտվել անանուն աղբյուրներին հղում անելու իրենց իրավունքից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ելույթում հայտարարեց` սկզբից պետք է պայքարել ֆեյքերի, անանուն դոմեյնների դեմ, նոր դրանից հետո ասել` ԶԼՄ-ն ինչ պետք է անի:

«ԶԼՄ-ն ոնց պետք է հասկանա` որն է ի վերջո չնույնականացվող աղբյուր, այսինքն ինչ վարժություն պետք է կատարի ԶԼՄ-ն և առհասարակ ինչի ԶԼՄ-ն նման վարժություն կատարի: Թող պետությունը նման վարժությունը կատարի ու պայքարի նման դոմեյնների դեմ»,- ասաց Վարդևանյանը:

Պատգամավորը խոսեց նաև Վարչական իրավախախտումների օրենսգրքով առաջարկվող փոփոխությունների մասին, որը վերաբերում է Զանգվածային լրատվության միջոցի թողարկման տվյալները չներառելու հոդվածին: Վարդևանյանի խոսքով` նախկին իշխանությունների ժամանակ այդ տվյալները չլրացնելու համար Արդարադատության նախարարությունը կարող էր տուգանել տաս հազար դրամով: Սակայն այս իշխանություններն առաջարկում են տուգանքի չափը դարձնել 300 հազարից վեց հարյուր հազար դրամի սահմանում:

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում չնույնականացվող աղբյուրներից տարբեր վերնագրեր ցիտեց, ինչպես` «ոստիկանապետը հրաժարական է տվել», «ՔՊ-ն հրատապ նիստ է հրավիրել ու վարչապետի հրաժարականը պահանջել», «վարչապետը Կանադայում տուն է գնել» և այլն: Նրա համոզմամբ, եթե ԶԼՄ-ն չի կարողանում պարզել աղբյուրի նույնականացման տվյալները, չի կարողանում հասկանալ այն անանուն է, թե ոչ, ուրեմն շատ ավելի լավ է, որ նման ԶԼՄ-ն հնարավորինս քիչ տեղեկություն մատուցի հասարակությանը:

Անմիջապես հետո ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և կրկին վերնագրեր ցիտեց.

«Երկու օրից հայերի երկիրը հինգ անգամ կմեծանա», «Հազար ազերու գերի են վերցրել Շուշիում», «Ծովից ծով ենք սարքելու հայերի երկիրը», «վայրկյաններ առաջ բռնեցին Նիկոլի սարսափելի թշնամուն», սրանք էլ ձեր սիրելի Փերֆեքթ թիվիի վերնագրերն են, նման ապուշություններ են հրապարակում ու որևէ պատասխանատվության չեն ենթարկվում: Իսկ դուք պայքարում եք գրանցված ԶԼՄ-ների դեմ, որոնք ձեզ հաճո չեն»,- ասաց նա:

Այնուհետև նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց` որքան էլ նախկին լրագրող, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, ինչպես այսօր, փաստ է, որ գործող իշխանությունների ժամանակ է ամենաշատը սահմանափակվում ԶԼՄ-ների գործունեությունը:

«Այդ թվում նաև այս դահլիճին կից միջանցքներում: Ձեր իշխանության օրոք են ամենաշատ դատական հայցեր ԶԼՄ-ների դեմ հայտնվել, ահռելի տուգանքներ սահմանվել: Եւ այս նախաձեռնությունը իշխանական լծակները քաղաքական շահերին ծառայեցնելու դասական դրսևորում է»,- ասաց նա:

Խամոյանի համոզմամբ` սա ոչ թե չնույնականացվող աղբյուրների դեմ պայքար է, այլ` անանուն աղբյուրների դեմ: Այսպիսով՝ նախագծի քննարկումներն ավարտվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter