HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անհետացող քանդակների քաղաքը- 4

Վերջին 2 տարում քաղաքի բանուկ հատվածներից` հենց փողոցից, ու աչքից ավելի հեռու գտնվող գերեզմանոցներից գրեթե ամեն օր անհետանում է գունավոր մետաղի մեծ զանգված. արվեստի գործ համարվող քանդակներ, կիսանդրիներ, արձանների կտորներ, նաեւ գերեզմանները եզերող երկաթե ճաղավանդակներ, պղնձե, ալյումինե ու բրոնզե այլ դետալներ: Լայն թափ ստացած մետաղագողության հետքերը տանում են գունավոր մետաղների ընդունման կետ-կրպակներ:

Այդ մասին շատ լավ գիտեն նաեւ իրավապահները, բայց առնվազն զարմանալի է, որ 2008-ից մինչեւ այս տարվա հոկտեմբեր ամիսը, ոստիկանության տվյալներով, արձանագրվել է առանձնակի արժեք ունեցող առարկաների հափշտակման, վնասման ու ոչնչացման ընդամենը 7 դեպք:

Ոստիկանությունը չի հայտնում, թե այդ 7-ից քանիսն է կարողացել բացահայտել, սակայն առանց այդ էլ ակնհայտ է, որ բացառությամբ հատուկենտ դեպքերի` բազմաթիվ մյուսները մնում են չպարզված, քանի որ մետաղագողերը իրենց արժեքավոր գողոնը անմիջապես ջարդոնի են վերածում` հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:

Մյուս կողմից, սակայն, դժվար է պատկերացնել, որ եթե անհրաժեշտ վերահսկողություն լինի ընդունման կետերի նկատմամբ, չարագործներին բացահայտելու աշխատանքները դրական արդյունք չեն տա:

Ակտիվացած գողերին բռնելու նման միջոցներ են կարծես փորձում ձեռնարկել ոստիկանները վերջին ամիսներին, ինչը պարզ դարձավ Ջրվեժ թաղամասի գունավոր մետաղի ընդունման կետերից մեկի աշխատողի հետ զրույցում: Վերջինիս փորձելու համար հարցրինք, թե կընդունի արդյոք գեղարվեստական գործեր, ասենք` բրոնզե քանդակի գլուխ:

Տղամարդը նախ ասաց, որ պետք է տեսնի, հետո ավելացրեց, որ դրա համար պիտի անձնագիր ներկայացնենք, թե չէ ի՞նչ իմանա, որ քանդակը գողացված չէ: Ասաց` վերջին շրջանում գերեզմաններից ու այլ տեղերից մետաղի գողությունների հետքերով իրավապահները գալիս, նայում են նման կրպակները:

Գնացուցակի վրայի գները ջնջված էին. տղամարդը դա բացատրեց նրանով, որ գները փոխվել են, ինքն էլ ջնջել է ու պետք է նորը գրի: Ըստ նոր գնացուցակի` 1 կգ պղինձը նա ընդունում էր 1700 դրամով, ալյումինը` 200, լատունը (պղնձի եւ ցինկի համաձուլվածքից ստացված բրոնզ)` 700:

Համեմատության համար ասենք, որ Վանաձորի այսպիսի կետերում պղինձն ընդունվում է միջինը 1450-1550, ալյումինը` 200, լատունը` 750 դրամով:

Ընդունման կետերից մեկում աշխատող վանաձորցի մեր զրուցակիցը պատմեց, որ մի ժամանակ պղինձը 1000-1200 դրամ արժեր, իսկ հետո, պայմանավորված համաշխարհային շուկայով, գինը բարձրացավ:

Նա ասաց, որ մեր «հանձնելիք» պղնձե քանդակը կընդունի ոչ թե արվեստի գործի, այլ սովորական ջարդոնի գնով: Ըստ նրա` նախկինում ինքը փորձել է ընդունած այդպիսի իրերը որպես արվեստի գործ վաճառել, բայց չի կարողացել։

Եթե այս մեկն առանց փաստաթղթերի պատրաստ էր ընդունել գոյություն չունեցող մեր պղնձե քանդակը, ապա մեկ ուրիշը, որը նույնպես քանդակը պատրաստ էր ընդունել միայն որպես ջարդոն, նշեց, որ հատուկ մատյան ունեն, որտեղ պարտադիր գրանցում են հանձնողի տվյալները, մետաղի տեսակը, քաշն ու գինը։

Ընդ որում` մեծ քանակությամբ մետաղ հանձնելու դեպքում ընդունողները պատրաստ են մի փոքր շատ վճարել:

Գունավոր մետաղի շուկան բավականին հետաքրքիր ոլորտ է: Ընդունող կրպակները կարելի է նմանեցնել տարադրամի փոխանակման կետերին, որտեղ գները պարբերաբար փոխվում են:

Մասնավորապես` վանաձորցի զրուցակիցներից մեկը խոստովանեց, որ իրենց ղեկավարը երեւանցի է, ու գները թելադրվում են Երեւանից: Պարզվում է` ինչպես այլ շուկաներում, այստեղ էլ մրցակցություն կա:

Աշտարակում այսօր գործում է գունավոր մետաղների ընդունման ընդամենը 2 կետ: 3-4 տարի առաջ դրանց թիվը մի քանի անգամ ավելի շատ է եղել, սակայն մրցակցությանը չդիմացողները դուրս են մղվել շուկայից:

Այսօր գործող կրպակներից մեկի աշխատողը` Կարենը, պատմում է, որ մոտ 10 տարի գունավոր մետաղներ է ընդունում, նրա հաճախորդների զգալի մասը գյուղաբնակներ են, հիմնականում` դպրոցահասակ երեխաներ:

Աշտարակի 2 կետերում գները նույնն են. ամենաթանկը պղինձն է` 1 կգ-ը ընդունվում է 1700-1900 դրամով, ալյումինը` 330-350, լատունը` 200-220: Առավելագույն գին առաջարկվում է, եթե որպես ջարդոն հանձնվում է, ասենք, կաթսա կամ այլ պատրաստի իր:

Արվեստի գործեր ընդունելու վերաբերյալ Կարենն ասում է. «Եթե թանկարժեք ապրանքներ առաջարկեն, կնայեմ բերողի երեսին. եթե բարի դեմք ունենա կամ կասկածելի չլինի, միգուցե ընդունեմ»:

Նա ընդունում է նաեւ սեւ մետաղ` չուգուն, երկաթ: Ջեռուցման չուգունե մարտկոցի մեկ սեկցիայի գինը 170-200 դրամ է, վաննան` 500-600: Երեւանում էլ սեւ մետաղ հավաքողներից մեկն, օրինակ, նույն մարտկոցի մեկ սեկցիան գնում է 150, վաննան` 1500, իսկ ջրատաքացուցիչը` 4000 դրամով:

Կարենն ասում է, որ Երեւանի Ավան թաղամասում տեղ կա, այնտեղ էլ հանձնում է ընդունած մետաղը: Իսկ վանաձորցի ընդունողները նշում են, որ Երեւանից են գալիս տանում իրենց հավաքած ջարդոնը:

Նրանցից մեկը նկատեց, որ հետո երկաթը ծախում են իրանցիներին, իսկ գունավոր մետաղը` եվրոպացիներին: Ջրվեժի ընդունման կետի մեր զրուցակիցն էլ նշում է, որ հավաքած ջարդոնը նույն ձեւով (առանց ձուլելու, քանի որ նման հնարավորություն չունի) տանում հանձնում է Մասիսում գտնվող «պարսիկների բազա»:

Հենց այս «բազան» է հանրապետության տարածքում հավաքվող մետաղի ջարդոնի գլխավոր հավաքակետը, որտեղից էլ հսկա զանգվածն ուղարկվում է Իրան:

Որպեսզի ավելի հստակ լինի, թե մետաղի որքան ջարդոն է ամեն տարի դուրս գալիս ՀՀ-ից, ներկայացնենք Ազգային վիճակագրական ծառայության տվյալները` 2007-2009 թթ. Հայաստանից արտահանված ու մեր երկիր ներկրված սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնների ու թափոնների վերաբերյալ:

Ինչպես երեւում է աղյուսակից, 2008-ին սկսված տնտեսական ճգնաժամը իր ազդեցությունն է ունեցել նաեւ այս ոլորտի վրա, եւ նախորդ տարվա համեմատ` արտահանումը նվազել է, սակայն արդեն 2008-ի համեմատ` 2009-ին քանակական որոշակի աճ է գրանցվել:

Մյուս կողմից` Հայաստանն այստեղ բացարձակապես արտահանող երկիր է: Սակայն պատրաստի արտադրանքի պարագայում պատկերը լրիվ հակառակն է:

Հ.Գ. Առաջիկայում կանդրադառնանք մեր երկրից Իրան արտահանվող մետաղի ջարդոնի ծավալներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter