HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորներին հորդորել է պայքարել հակապատվաստումային քարոզչության դեմ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։

Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել վերոնշյալ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակը բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումն է: 

Նշվել է, որ նախագիծն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է 2021 թվականի մարտի 24-ին, սակայն ՀՀ նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 2-ի համապատասխան որոշմամբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի մասով այն ճանաչվել է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Նախագիծը համապատասխանեցվել է ՍԴ որոշման պահանջներին և ներկայացվել հանրային քննարկման: 

Ըստ հաղորդագրության՝ օրենքի նախագծի քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման և ռեկտորների ընտրության հարցերին: 

Հանդիպման հաջորդ հարցը վերաբերել է բուհերում առցանց ուսուցման անցնելու գործընթացով պայմանավորված հնարավոր խնդիրների քննարկմանը: Նախարարը բուհական և գիտական հանրությանը՝ ի դեմս ռեկտորների, հորդորել է անմասն չմնալ և պայքարել հակապատվաստումային քարոզչության և հակագիտական երևույթների դեմ:

Հանդիպմանն արծարծվել են նաև ասպիրանտուրայի ընդունելությանը, բուհերի միասնական քննություններին վերաբերող և հարակից այլ հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter