
Դատարան՝ Հարկադիր կատարման ծառայության շենքում
Ստորև ներկայացված նկարում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրն է, ավելի ճիշտ՝ արդեն Աջափնյակ 1: Հոկտեմբերի 28-ի երեկոյան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ հետախուզաման միջոցառումներ իրականացնելու միջնորդություններ քննելու համար ընտրված դատավորները երդվել են, ապա եկել, տեղավորվել իրենց աշխատասենյակներում, որ այսօրվանից աշխատեն: Առավոտվա դրությամբ՝ դեռևս միջնորդություններ չէին ստացվել, բայց երբ մենք կեսօրին դատարանում էինք, Քննչական կոմիտեի քննիչներից մեկը թղթապանակով ներս մտավ, ամենայն հավանականությամբ՝ միջնորդությունն էր բերել:
Այս դատարանում շուրջ երկու շաբաթ է՝ նիստեր չէին կայանում: Քաղաքացիական գործեր քննող դատավորները, որոնք Աջափնյակի նստավայրում էին աշխատում, իրերը հավաքել ու տեղափոխվել են «Աջափնյակ 2» նստավայր, ավելի կոնկրետ՝ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության շենք: Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) է այդպես որոշել: Շենքի 10, 11, 12-րդ հարկերում է այսուհետ գործելու Աջափնյակի քաղաքացիական գործերով դատարանը:
Հարկադիր կատարման ծառայության շենքի տեսքից որևէ կերպ հնարավոր չէ կռահել, որ այստեղ դատարան կա: Շենքի վրա փակցված է «Արդարադատությա նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»: Շենքի առաջին հարկի մի հատվածում խցիկ է, որը պատրաստվում են դարձնել դատարանի ընդունարանը: Այստեղ կարգադրիչները ժամը մեկ հերթափոխ են իրականացնում, այսինքն՝ կանգնում են, որովհետև դեռևս ընդունարանը պատրաստ չէ:
Դատարանի գրասենյակը 10-րդ հարկում է: Մի քանի օր է` քաղաքացիներն այստեղ արդեն հայցադիմումներ են ներկայացնում և դատարանին առնչվող այլ հարցերով դիմում:
Շենքի այն հարկերում, որտեղ դատարանն է գործելու, շինարարություն է: Մի սենյակում դատարանի սեղանը դատավարության մանակիցների սեղաններից ավելի բարձր դիրքում դնելու համար բեմահարթակն են սարքում, երկրորդ սենյակն արդեն կահավորում են, մի հարկում լույսերն են կարգի բերում, մեկ այլ հարկում՝ դռներ տեղադրում: Շենքում նախատեսվում է 10 նիստերի դահլիճ պատրաստել ու կահավորել: Այս պահին դրանցից միայն 3-ն է պատրաստ: Դահլիճներին կից սպասասրահներ են: Այստեղ պատուհանները փակված են և դրանց վրայից փականները հանված, ամենայն հավանականությամբ՝ անվտանգության նկատառումներով, քանի որ դատարանը, փաստորեն, շենքի բարձր հարկերում է:
Այս դատարանում, սակայն, վերջին օրերին գրեթե նիստեր չեն կայացել: Եթե մինչև տեղափոխվելը Աջափնյակի դատարանի դատավորները օրական տասը կամ ավելի քաղաքացիական գործով նիստ էին նշանակում, ապա տեղափոխվելուց հետո այստեղ մի քանի նիստ է կայացել՝ նրանք, որոնք հրատապ են: Այսպիսով՝ շուրջ կես ամիս է Աջափնյակի դատարանում քննվող՝ քաղաքացիական գործերի քննությունը պատշաճ չի կատարվում: Հաշվի առնելով այս հանգամանքը` հոկտեմբերի 19-ին հարցում ենք ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ՝ փորձելով պարզել՝
- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դատավորները շարունակելու՞ են իրենց գործունեությունն իրականացնել նույն նստավայրում,
- բացասական պատասխանի դեպքում խնդրում ենք հայտնել, թե դատավորներից ո՞վ որտե՞ղ է իրականացնելու իր մասնագիտական գործունեությունը,
- այս պահին որտե՞ղ են աշխատում Աջափնյակի նստավայրի դատավորները, ի՞նչ հեռախոսահամարներով է հնարավոր կապ հաատատել նրանց աշխատակազմերի հետ:
Մեր հարցմանը պատասխանել են հոկտեմբերի 25-ին՝ մինչ այդ` հոկտեմբերի 22-ին, court.am կայքում տարածելով հաղորդագրություն այն մասին, որ «կապված քաղաքացիական գործեր քննող դատավորների նոր նստավայր տեղափոխվելու հանգամանքով՝ Աջափնյակ-1 և Աջափնյակ-2 նստավայրերի աշխատանքներում կարող են առաջանալ որոշ ժամանակավոր տեխնիկական խնդիրներ, որոնք հնարավորինս արագ կկարգավորվեն և ներկայումս կարգավորվում են»։
«Տեղեկացվում է, որ սույն թվականի հունիսի 28-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված առանձին դատավորների պաշտոնավարումը սկսելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվել են որոշումներ, որոնցով փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում:
Մասնավորապես, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Աջափնյակ նստավայրը 27.09.2021թ. թիվ ԲԴԽ-76-Ո-185 որոշմամբ սահմանվել է որպես Աջափնյակ-1 նստավայր: Նույն որոշմամբ սահմանվել է նաև ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում գտնվող Աջափնյակ-2 նստավայրը:
Վերոգրյալից բացի, Բարձրագույն դատական խորհրդի 21.10.2021թ. թիվ ԲԴԽ-86-Ն-23 որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ:
Արդյունքում, որոշվել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործեր քննող բոլոր դատավորները գործելու են ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում գտնվող Աջափնյակ-2 նստավայրում, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննող քրեական մասնագիտացման առանձին դատավորները գործելու են ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Աջափնյակ-1 նստավայրում:
Կապված քաղաքացիական գործեր քննող դատավորների նոր նստավայր տեղափոխվելու հանգամանքով՝ Աջափնյակ-1 և Աջափնյակ-2 նստավայրերի աշխատանքներում կարող են առաջանալ որոշ ժամանակավոր տեխնիկական խնդիրներ, որոնք հնարավորինս արագ կկարգավորվեն և ներկայումս կարգավորվում են»,- ասված է ԲԴԽ հաղորդագրության մեջ, որն էլ հաղորդագրությունը տարածելուց երեք օր անց ուղարկվել է՝ որպես «Հետք»-ի հարցման պատասխան:
Մեկնաբանել