HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թե ինչպես է աշխատանքային ծանրաբեռնվածությունն ազդում կանաչ տարածքների ապօրինի վաճառքի վրա

Երեւանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի մի խումբ բնակիչներ 2008 գարնանից մինչ օրս պայքարում են ավելի քան 500 քառ.մ տարածք ունեցող եղեւնիների պուրակի համար, որը 2008-ի սեպտեմբերին վաճառվել է քաղաքացի Ցոլակ Թանգամյանին: Բնակիչների պատմելով` Ղափանցյան փողոցի այդ պուրակը 30-40 տարվա ընթացքում ստեղծել են իրենք, տնկել 30-ից ավելի եղեւնի, տարածքն էլ դարձել է հանգստի ու երեխաների խաղալու վայր:

2008-ի մարտին քաղաքացի Ցոլակ Թանգամյանը, որը, բնակիչների ասելով, գործարար է, պուրակում առանց թույլտվության տեղադրել է մետաղյա փոքր կրպակ: Բնակիչները բողոքել են Արաբկիրի թաղապետարան, որը շուտով կրպակը ապամոնտաժել է:

Սակայն բնակիչների այս փոքր հաղթանակը նույն 2008-ի սեպտեմբերին փոխակերպվել է մեծ հիասթափության. Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը 506 քառ.մ տարածքը օտարել է Ցոլակ Թանգամյանին:

Այս որոշման հիմքում ընկած են եղել, մասնավորապես, Արաբկիրի թաղապետի տեղակալ Տարոն Խուրշուդյանի եւ համայնքի համատիրության թիվ 20 տեղամասի լիազոր Գոհար Սահակյանի գրություններն ու տարածքի հարեւանությամբ ապրող մի շարք բնակիչների ստորագրությամբ հավաստիացումը, թե իբր Թանգամյանը 1997-ից օգտագործում է այդ տարածքը:

Պուրակի օտարման դեմ պայքարող բնակիչները, սակայն, հայտարարում են, որ այն երբեւիցե չի տնօրինվել որեւէ անհատի կողմից եւ եղել է հանրային տարածք: Տիեզերքից արված լուսանկարներով «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն 2001 եւ 2006 թթ. երկու անգամ ֆիքսել է, որ պուրակի տարածքում շինություն չի եղել:

Այնինչ, ինչպես պատմում է ակտիվիստ բնակիչներից Հովիկ Հարությունյանը, Թանգամյանը մետաղե կրպակը տեղադրելուց հետո այն շրջապատել էր «բլոկներով»` փորձելով տպավորություն ստեղծել, թե դա կառույց կամ շինություն է, ընդ որում` հին:

Որպես սրա տրամաբանական շարունակություն` քաղաքապետարանի մի շարք փաստաթղթերում Ց. Թանգամյանը ներկայացվել է որպես տարածքի ինքնակամ կառուցապատող: Այս «հանգամանքն» էլ նպաստել է, որ հետագայում պուրակն ուղղակի վաճառքով օտարվի երկար տարիներ այն ինքնակամ ՙզբաղեցրած՚ գործարարին:

Այս ամբողջ պատմության գլխավոր մեխը, սակայն, այն ուսումնասիրություններն են, որ կատարվել են Ե. Զախարյանի` օտարման մասին որոշումից առաջ: Առաջին. ըստ «Երեւան Ջուր» ընկերության` վեճի առարկա 506 քառ.մ հողատարածքով անցնում են մեկ ջրատար եւ կոյուղատար:

Ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` մայրուղային եւ միջհամայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի անօտարելի գոտիները մասնավորեցման ենթակա չեն, իսկ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով` նման հողաշերտերը քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր են:

Երկրորդ. առողջապահության նախարարի 2002 թ. հրամանով` ջրատարի երկու կողմերում առնվազն 10 մ լայնությամբ պետք է սանիտարական շերտագիծ պահպանվի:

Օրենսդրությանը հավատարիմ մնալու դեպքում ծառաշատ տարածքը, անշուշտ, չպետք է վաճառվեր: Եվ ուրեմն ո՞վ է հանդգնել բացահայտ ոտնահարել ՀՀ օրենսդրության միանգամից մի քանի կետ, որի արդյունքում 2010-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Գեւորգ Խուրշուդյանը ցուցմունքում գրել է, որ 2008-ի ամռանը քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Քաղաքաշինություն» ընկերության նախկին աշխատակից, ճարտարապետ Արմենակ Հարությունյանին հանձնարարել է ուսումնասիրել Ղափանցյան փողոցի 506 քառ.մ տարածքը, պարզել, թե արդյոք դրա վրա տարածվո՞ւմ են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումները:

Ճարտարապետ Հարությունյանը խոստովանել է, որ ուսումնասիրություն չի կատարել ու խողովակաշարերի առկայությունը տեղում չի ստուգել, այլ ղեկավարության հանձնարարությամբ` առկա փաստաթղթերի հիման վրա իրականացրել է միայն գլխավոր հատակագիծը կազմելու աշխատանքները:

Սակայն առերեսման ժամանակ Խուրշուդյանը պնդել է, որ ուսումնասիրությունը հանձնարարված է եղել հենց Հարությունյանին:

Վերջինս ասել է, որ մասնագիտական եզրակացություն ինքը չի կազմել: Այնուամենայնիվ, օդից վարչության պետ Գ. Խուրշուդյանի սեղանին է ընկել մի մասնագիտական եզրակացություն, որում նշվել է, թե Ղափանցյան փողոցի պուրակում ՀՕ 60-րդ հոդվածի սահմանափակումները չեն գործում:

Այդ եզրակացության տակ գրված է եղել Հարությունյանի անունը, սակայն վերջինս, իր իսկ ասելով, չի էլ իմացել դրա մասին ու, բնականաբար, չի ստորագրել: Բայց ահա Խուրշուդյանը ստորագրել է կեղծ եզրակացությունը, ինչի կապակցությամբ քննիչին իրավամբ ցնցող ցուցմունք է տվել. «Այն (եզրակացությունը) հաստատելու ժամանակ ուշադրությունից վրիպել է, որ վերջինս (Հարությունյանը) չի ստորագրել փաստաթուղթը, որտեղ նշվել է սահմանափակումների բացակայության մասին»:

Այսպիսով` կեղծ եզրակացությունը հայտնվել է քաղաքապետի սեղանին, որի որոշմամբ էլ 2008-ի օգոստոսին Ցոլակ Թանգամյանի ՙզբաղեցրած՚ տարածքը ճանաչվել է քաղաքի սեփականություն:

Այնուհետեւ կազմվել է տարածքի գլխավոր հատակագիծը, որտեղ նշվել են նաեւ ջրատարն ու կոյուղատարը, սակայն դրանց տրամագծերի ու մայրուղատար լինելու մասին նշում չի եղել, ինչն էլ բացառել է Ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի եւ առողջապահության նախարարի 2002 թ. հրամանի կիրառումը:

Ու կրկին իր ցուցմունքով ապշեցրել է քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Գեւորգ Խուրշուդյանը, որի հավաստմամբ` «իրենց ուշադրությունից այդ հանգամանքը վրիպել է մեծ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»:

Կարելի է միայն պատկերացնել, թե իր պաշտոնավարման ընթացքում ծանրաբեռնվածության պատճառով որքան նման «վրիպումներ» է արել սույն անձը, ինչը հանգեցրել է տարածքների անօրինական սեփականաշնորհման:

Դժվար է պատկերացնել ավելի ակնհայտ ու միտումնավոր վրիպում, բայց քննիչ Կարեն Հակոբյանը ոչ Արմենակ Հարությունյանի, ոչ Գեւորգ Խուրշուդյանի եւ ոչ էլ նույն հատակագիծը ստորագրած ու, այսպես կոչված, վրիպումները «աշխատանքային մեծ ծանրաբեռնվածության» պատճառով չնկատած Միշա Ասլանյանի (ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ինժեներական ենթակառուցվածքների բաժնի պետ) գործողություններում դիտավորություն չի նկատել, այլ նման գործելակերպը բնութագրել է ընդամենը «անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք»:

Քննիչի նման հումանիզմի դրսեւորմանը, ըստ էության, նպաստել է այն, որ մասնավորապես, ըստ նախաքննության, Թանգամյանի եւ վերոնշյալ երեքի միջեւ հեռախոսազրույցներ չեն կայացել: ՀՀ Քր.օր.-ի 308-րդ (ՙՊաշտոնեական լիազորությունները չարաշահելը՚) հոդվածի 1-ին մասի փոխարեն քննիչը կիրառել է 315-րդի (ՙՊաշտոնեական անփութությունը՚) 1-ին մասը, որի դեպքում էլ Հարությունյանի, Խուրշուդյանի եւ Ասլանյանի համաձայնությամբ կիրառվել է 2009-ին ԱԺ-ի ընդունած համաներման որոշումը: Այսպիսով` գործը կարճվել է:

Անօրինական եզրակացության եւ գլխավոր հատակագծի հիման վրա 2008-ի սեպտեմբերին Ղափանցյան փողոցի պուրակի 506 քառ.մ տարածքը քաղաքապետ Զախարյանը առաջարկել է գնել Ցոլակ Թանգամյանին:

Քաղաքապետի գլխավոր խորհրդական Հ. Մուրադյանը պուրակի համար պայքարող բնակիչներին ուղղված գրության մեջ նշել է. «Ցոլակ Թանգամյանին` որպես կառուցապատողի, նշված շինությունը սահմանված գներով, իսկ զբաղեցրած հողամասը կադաստրային արժեքով ձեռք բերելու համար արվել է առաջարկ, եւ նրա կողմից տրվել է գրավոր համաձայնություն»:

Մուրադյանը ակնհայտորեն խճճվել է. շինություն համարվող մետաղե կրպակը ապամոնտաժվել էր դեռ գարնանը` տեղադրումից շատ չանցած, էլ ի՞նչ վաճառքի մասին է խոսքը, ի՞նչ է նշանակում «սահմանված գներով», որը վճարելու կարիք էլ չկար, ու՞ր են գոյություն չունեցող կրպակի գնման գումարները:

Բնակիչներից Լաուրա Խալաթյանը Զախարյանի որոշման դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկված հայցում գրել է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով` 300 քառ.մ-ից ավել տարածքը պետք է ոչ թե ուղղակի ձեւով վաճառվեր, այլ հանվեր աճուրդի, որը պիտի կայանար սեփականաշնորհման խնդրանք-հայտարարությունից ոչ պակաս, քան 15 օր հետո, այնինչ Թանգամյանի դիմումից 14 օր անց վաճառվել է նրան:

Խալաթյանի հավաստմամբ` 506 քառ.մ ծառաշատ տարածքը վաճառվել է 1 քառ.մ-ը 7000 դրամ կադաստրային արժեքով, այսինքն` ընդհանուր 3,5 մլն դրամով, մինչդեռ աճուրդի մեկնարկային գինը կկազմեր 20-22 հազար դրամ, ու ընդհանուր գինը կլիներ նվազագույնը ավելի քան 10 մլն դրամ:

Իր հերթին` Ցոլակ Թանգամյանը 20 օր անց` 2008-ի հոկտեմբերին, տարածքը վաճառել է ոմն Դավիթ Հարությունյանի: Ըստ քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանի` ՙԺառանգություն՚ խմբակցությանը ուղղված 2009 թ. գրության` քաղաքապետարանը պիտի առաջարկություն աներ նոր սեփականատիրոջը` տարածքի կոմունիկացիոն գծերի տեղափոխման համար:

Իսկ պուրակի համար կռիվ տվող բնակիչների գործը` ընդդեմ քաղաքապետարանի ու Ց. Թանգամյանի, այժմ ընթացքի մեջ է վարչական դատարանում (դատ.` Արթուր Առաքելյան):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter