HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ քսանյակի երկրները պայմանավորվել են խոշոր բիզնեսի եկամտի առնվազն 15 %-ով հարկման շուրջ

Աշխարհի քսան խոշոր տնտեսությունների առաջնորդները հավանություն են տվել միջազգային համաձայնագրին, համաձայն որի խոշոր բիզնեսի եկամուտը կհարկվի առնվազն 15 %-ով։ Այդպիսով, Մեծ քսանյակի երկրները ցանկանում են հասնել նրան, որ միջազգային ընկերությունները ավելի շատ հարկ մուծեն, այլ ոչ թե խուսափեն՝ եկամուտները հայտարարագրելով օֆշորներում։

Առնվազն 15 % հարկման համաձայնագիրը համաձայնեցվել է քսանյակի բոլոր առաջնորդների հետ՝ Հռոմում ընթացող G 20-ի գագաթնաժողովի ընթացքում։ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռավար էին միացել գագաթնաժողովին։ 

Նախատեսվում է, որ ի սկզբանե ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված առնվազն 15 % հարկման նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի 2023 թվականից։ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը նշել է, որ այս համաձայնագիրը պատմական կլինի համաշխարհային տնտեսության համար։ Նրա կարծիքով, համաձայնագրի արդյունքում, ամերիկյան ձեռնարկությունները և շարքային աշխատակիցները, ընդհանուր առմամբ, շահած դուրս կգան, չնայած ամերիկյան մեգաընկերություններն ստիպված կլինեն ավելի շատ հարկերը վճարել։

Հռոմում Մեծ քսանյակի գագաթնաժողովին կհաջորդի Գլազգոյում կայանալիք կլիմայական գագաթնաժողովը, որտեղ երկրները կքննարկեն կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում հոկտեմբերի 30-ին մեկնարկել էր G 20-ի («Մեծ քսանյակ») գագաթնաժողովը, որը կլինի վերջինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ։ Սա քսանյակի առաջնորդների առաջին տետատետ հանդիպումն էր՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր։ Երկօրյա գագաթնաժողովի հիմնական թեմաներն են կորոնավիրուսի համավարակն ու համաշխարհային տնտեսության ներկայիս իրավիճակը։

G 20-ի երկրները մտադիր են մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը ողջ աշխարհում ապահովել բնակչության 70 %-ի պատվաստման իրականացումը։ Դեռևս հստակ չէ, թե ինչպես նրանք կհասնեն այդ նպատակին, այդ իսկ պատճառով, գագաթնաժողովի մասնակիցները, մասնավորապես, կքննարկեն զարգացող երկրներում պատվաստումների խթանման գործընթացը։ Պուտինը մասնակիցներին կոչ է արել արագացնել կորոնավիրուսի պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման գործընթացը։

Մեծ քսանյակի գագաթնաժողովը անցնում է անվտանգության խիստ կանոնների պայմաններում։ Վերջինիս ապահովման համար ներգրավվել են մոտ 5 000 ոստիկան և զինծառայող։ Հանդիպման վայրը հսկվում է նաև ուղղաթիռներով։ Միայն վերջերս Հռոմում բախումներ էին տեղի ունենում ոստիկանները և ցուցարարների միջև, որոնք բողոքում էին աշխատավայրերում կորոնավիրուսի խիստ սահմանափակումների դեմ։ Մեծ քսանյակին անդամակցում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ և Եվրամիությունը։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter