HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԵԱՀԿ գագաթնաժողովում ԼՂ-ի մասին փաստաթուղթ չի ընդունվի

Կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը

Ըստ քաղաքագետի` ԼՂՀ պաշտպանության բանակի վերջին զորավարժությունները բավականին մեծ նշանակություն ունեին ԼՂ-ի շուրջ քաղաքական եւ ինֆորմացիոն ֆոնին: Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ աստրախանյան հանդիպումը, այժմ էլ կասպյան հնգյակի ու Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպումները, ՌԴ նախագահի գալիք այցը Ադրբեջան, քաղաքագետի կարծիքով, մեկ գլխավոր նպատակ ունեն. պատրաստվել ԵԱՀԿ տարեվերջյան գագաթնաժողովին:Մինասյանը նշում է, որ այս հանդիպումների նպատակը ԼՂ հարցը լուծելը չէ, քանի որ մոտակա ժամանակներում այդ հարցի լուծման նախադրյալներ չկան:

«Իսկ ահա Հայաստանի նախագահի այցը ԼՂՀ եւ ՊԲ զորավարժությունները շարուկանությունն էին այս ամենի, որովհետեւ մի կողմից` Ադրբեջանը փորձում է շարունակել մշտական ռազմատենչ հայտարարությունները, մյուս կողմից` ռազմաքաղաքական տեսանկյունից զորավարժություններն աննախադեպ էին` զենքի ու տեխնիկայի օգտագործման, ստորաբաժանումների ներգրավման առումով»,- ասում է քաղքագետն ու հավելում, որ Ադրբեջանի ռեակցիան զորավարժություններին բավականին ուշագրավ էր, ինչը լուրջ ինֆորմացիոն եւ քաղաքական ֆոն ստեղծեց հակամարտության գոտում:

«Հետքի» հարցին ի պատասխան` Ս. Մինասյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական առումով զորավարժությունները լուրջ «մեսիջ» էին Ադրբեջանին, որը փորձում էր դրանք ներկայացնել որպես փոքրածավալ ինչ-որ զորավարժություն, այնինչ իրականությունը լրիվ այլ է: Իսկ զուտ ռազմական առումով կարեւոր էր ՊԲ-ի մարտունակության եւ պատրաստության ամրապնդումը:

Վերջին շրջանում ղարաբաղաադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազումը քաղաքագետը կապում է նրա հետ, որ Չայլուի դեպքից հետո հայկական ուժերը համարժեք պատասխան տվեցին, ինչից հետո Ադրբեջանը փորձեց կրկին դիմել դիվերսիայի, սակայն այդ փորձերը ձախողվեցին:

ԵԱՀԿ գագաթնաժողովից Ս. Մինասյանի սպասելիքները մեծ չեն. «Ես կզարմանամ եթե գագաթնաժողովում ԼՂ հակամարտության հետ կապված փաստաթուղթ ընդունվի: Ընդունվելու դեպքում էլ փաստաթուղթը կլինի ընդամենը նախորդների շարունակությունը, որը կֆիքսի տարածաշրջանում գործող ստատուս-քվոն` նպատակ ունենալով թույլ չտալ, որ էսկալացիա տեղի ունենա հակամարտության գոտում: Յուրաքանչյուր փաստաթուղթ, որի տակ կստորագրի Ադրբեջանի նախագահը, կպարտադրի շարունակել բանակցային խաղաղ գործընթացը, ինչը Ադրբեջանի համար չափազանց ցավալի, սակայն միգուցե անխուսափելի ձեւակերպում կլինի: Ռազմատենչ հայտարարություններ անող նախագահը հերթական անգամ ստիպված է լինելու մերվել իրավիճակի հետ ու շարունակել խաղաղ գործընթացը, որը պարտադրում են մեծ տերություններն ու ԼՂ հակամարտության գոտում շարունակվող ռազմաքաղաքական բալանսը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter