HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԻ նախարար. «Նոր շենքերի կառուցման համար պարտադիր պայման է նաև թաքստոցների առկայությունը»

2022 թվականին Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն 13 միլիարդ 975 միլիոն 752 հազար դրամ է, որից 12 միլիարդ 520 միլիոն 800 հազար դրամը համակարգի աշխատակիցների աշխատավարձերի ֆոնդն է, իսկ մնացածը` համակարգի ստորաբաժանումների և հիմնարկների ընթացիկ պահպանման ծախսերը: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի բյուջետային քննարկմանն ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն իր խոսքում նշեց, թե ամբողջ բյուջեի ծախսային մասը հստակ չէ, որը խնդիրների է հանգեցնելու: Պատգամավորի կարծիքով` հետագայում հնարավորություն չի լինելու գնահատել, թե կոնկրետ որևէ ծրագրի ուղղությամբ ինչ գումար է ներդրվել, և որքան է պետության համար օգտակար եղել այդ ծրագիրը: Զաքարյանն անդրադարձավ սեյսմիկ ծառայության խնդրին` ասելով, թե Հայաստանում կան բազմաթիվ շենքեր, որոնց տարեթիվը 70-80 կամ ավելի տարի է, նա հետաքրքրվեց, թե արդյոք կա հստակ ծրագիր` Հանրապետության ամբողջ շենք-շինությունների սեյսմակայությունը ստուգելու, թե նախարությունն առաջնորդվում է պահի հրամայականով:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն արձագանքեց, թե նման աշխատանքների իրականացումը համապատասխան կազմակերպության հայտով է պայմանավորված, իսկ նախարարությունը ծրագրային միջոցառումների ժամանակ առաջնորդվում է առաջնահերթությամբ` դպրոցների ու մանկապարտեզների սեյսմիկ խոցելիությամբ:

«Երևանում այս տարի ամբողջովին իրականացրել ենք այն դպրոցների ու մանկապարտեզների սեյսմակայունությունը, որոնք երկրաշարժից հետո խնդիրներ ունեին, շարունակական իրականացնում ենք այդ աշխատանքները»,- ասաց նախարարը:

Զաքարյանը կրկին հետաքրքրվեց, թե կա արդյոք պետական հստակ ծրագիր երկրի ամբողջ տարածքում շենք-շինությունների անձնագրավորում իրականացնելու և հասկանալու, թե ինչ իրավիճակ կա: Պատգամավորը նշեց, որ պատրաստվում է գրավոր դիմել Կառավարությանը` այդ ծրագրի իրականացման համար պահուստային ֆոնդից գումար հատկացնելու առաջարկով:

Անդրանիկ Փիլոյանն ասաց, որ խնդիրը քննարկել են նաև Քաղաքաշինության կոմիտեի հետ, և պարտադիր է մինչ նոր շենքերի կառուցումը կոմիտեի կողմից սեյսմակայունության գնահատման իրականացումը: Նրա խոսքով, եթե նախկինում Երևանում մինչև 7 բալ երկրաշարժի հավանականությունն էր արդիական, ապա այժմ վտանգը մինչև 8 բալ է:

«Դրա հետ կապված շենքերի սեյսմակայունության չափորոշիչները փոխվել են, նոր շենքերի կառուցման համար պարտադիր պայման է նաև թաքստոցների առկայությունը»,- ասաց Փիլոյանը:

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք պետական բյուջեի միջոցներով սահմանամերձ դարձած Հանրապետության մի շարք համայնքներում թաքստոցներ կառուցվելու են, թե ոչ: ԱԻ նախարարն արձագանքեց` այդ հարցին դռնփակ նիստին կպատասխանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter