
ՍԱՏՄ-ն 30 սննդի օբյեկտներում հակահամաճարակային կանոնների խախտման 3 արձանագրություն է կազմել
Հոկտեմբերի վերջին հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները շարունակել են վերահսկողությունը սննդի շղթայում տնտեսավարողների մոտ COVID-19-ի դեմ սահմանված միջոցառումների կատարման նկատմամբ:
ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն՝ 30 օբյեկտներում իրականացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 3 արձանագրություն պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր:
ՍԱՏՄ-ն հիշեցնում է՝ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Մեկնաբանել