
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Հանդիպմանը կարեւորվել է միջխորհրդարանական բազմակողմ համագործակցությունը, որին իր նպաստը կբերի միջխորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ գործակցությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել Ազգային ժողովում ձեւավորված հայ-իտալական բարեկամական խմբի ծրագրերին:
Կողմերը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ այլ անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը ընդգծել է Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւի կարեւորությունը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Հանդիպմանը արձանագրվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում հայ-իտալական արդյունավետ համագործակցությունը:
Մեկնաբանել