HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դ. Հարությունյանը դեմ է 100-տոկոսանոց համամասնական ընտրություններին

Դա, ըստ նրա, կհանգեցնի ԱԺ-ում կուսակցական ֆունկցիոներների առկայության:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ երկօրյա քննարկումները հաջող են ընթացել: Ըստ նրա` կային բավականին հետաքրքիր նոր մտքեր, որոնց անպայման պետք է անդրադարձ կատարվեր:

Հարցին, թե ինչու ԸՕ-ի փոփոխությունների նախագծի մշակմանը խորհրդարանական ընդդիմությանը մասնակից չեն դարձրել, ՀՀԿ խմբակցության անդամ Հարությունյանը նշեց. «Դա տեղի է ունենալու, բայց որպեսզի սկսվի ցանկացած քննարկում, անհարժեշտ է մի նյութ, անհրաժեշտ է որ մեկն իր վրա վերցնի սեւագիր աշխատանքը, որի վերաբերյալ քննարկում սկսվի: Սկսելու համար անհարժեշտ էր նախագիծ ունենալ: Երկու տարբերակ կար. առաջին` քննարկման առարկա դարձնել այսօրվա ԸՕ-ն, որը կարծում ենք` լի է թերություններով, որոնք պետք է վերցվեն, երկրորդ` ստեղծել մի նոր ԸՕ, որի վրա էլ ծավալել բանավեճը: Հենց այսպես էլ արեցինք»: Հանձնաժողովի նախագահը հավաստիացնում է, որ ԸՕ-ի փոփոխությունների նախագծի վերաբերյալ լսելու են եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական ընդդիմության, եւ քաղաքացիների կարծիքները: Մինաժամանակ նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի փետրվարին նախագիծն առնվազն առաջին ընթերցմամբ քվեարկվի:

«Ես չեմ կարող երաշխիք տալ` ընդդիմությունից որեւէ առաջարկ կընդգրկվի՞, թե՞ ոչ, բայց որպես հանձնաժողովի նախագահ` կարող եմ ասել, որ իսկապես շատ հետաքրքիր առաջարկներ հնչել են, որոնց մի մասը, իմ կարծիքով, հավանաբար քվեարկության արդյունքում կընդգրկվի ԸՕ-ում»,- ասաց Դ. Հարությունյանը:

Վերջինս շեշտում է, որ օրենքը չի կարող լուծել բոլոր հարցերը. «Ինչքան էլ գրենք, որ բաց քվեակրությունն արգելված է, եթե տեղի է ունենում նման բան, ապա դա խախտում է: Բայց կան բազմաթիվ դրույթներ, որոնք ենթակա են կարգավորման, որպեսզի մենք կարողանանք խուսափել խնդիրներից: Օրինակ` ընտրական շրջանում գովազդային վահանակների բաշխման անհամաչափության խնդիր կար, փորձել ենք անդրադարձ կատարել դրան: Քաղաքական գովազդի վահանակների ցանկը կտրվի ԿԸՀ-ին, որն էլ կորոշի, թե ինչպես հավասարապես բաշխել թեկնածուների միջեւ: Նմանատիպ բազում հարցեր կան, բայց դա չի նշանակում, որ ընտրական օրենսդրությունը ի վիճակի է արմատապես փոխել իրավիճակը: Այն կարող է ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի ավելի որակյալ ընտրություններ անցկացվեն»:

Նոր փոփոխություններով նախատեսված է, որ բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) ղեկավար պաշտոնները պետք է բաշխված լինեն ըստ խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածության: «Թերեւս դա ամենաօբյեկտիվ չափանիշն է, որով կարելի է ղեկավարվել»,- ասում է Հարությունյանը:

Իսկ ահա 100-տոկոսանոց համամասնական ընտրությանը բանախոսը դեմ է. «Ես հակված եմ այսօրվա միջանկյալ տարբերակին: 100-տոկոսանոց համամասնական ընտրությունները շատ հաճախ բերում են խորհրդարանում կուսակցական ֆունկցիոներների առկայության: Իհարկե, կան նաեւ ավելի բարդ ու կատարյալ մոդելներ, բայց մենք դեռեւս պիտի պատշաճ մակարդակի ընտրություններ ապահովենք ավելի պարզ մոդելներով, հետո նոր անցնենք բարդին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter