
Վանաձոր խոշորացված համայնքում ընտրապայքարին կմասնակցի 10 քաղաքական ուժ
Դեկտեմբերի 5-ին սպասվող Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 10 քաղաքական ուժ:
Խորհրդարան անցած ուժերից մասնակցելու են իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» և «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցությունը: ՔՊ համամասնական ցուցակը գլխավորում է Լոռու գործող մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը: «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Վահե Դոխոյանը:
Վանաձորի արդեն նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գալիք ընտրություններին մասնակցում է «Մամիկոն Ասլանյան» դաշինքով, որի կազմում, ինչպես ամիսներ առաջ էինք գրել, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է: Դաշինքի մաս է նաև նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Մամիկոն Ասլանյանը 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո շարունակում էր անդամակցել ՀՀԿ-ին, սակայն այս ընտրություններից առաջ որոշել է սառեցնել անդամակցությունը և մասնակցել որպես անկուսակցական գործիչ: Ասլանյանը մեզ հետ զրույցում կոչ արեց այս հարցում որևէ ենթատեքստ չփնտրել: Ասաց` որոշել է այս ձևաչափով մասնակցել, որպեսզի հասարակության շրջանում լայն կոնսոլիդացիա ապահովվի:
Մասնակցության հայտ են ներկայացրել նաև այս պահին Վանաձորի առաջին փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը և փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը: Նրանք ընդգրկված են «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» (ՀԱՍԿ)-ի համամասնական ցուցակում:
Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այս անգամ ԼՀԿ-ի ցուցակը գլխավորում է ոչ թե Քրիստ Մարուքյանը, որը ներկայիս ավագանու անդամ է, այլ` նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը:
Նախորդ գումարման խորհրդարանական ուժերից մասնակցության հայտ է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղի նախկին տնօրեն, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Էդգար Բոջուկյանը:
Ընտրապայքարին կմասնակցի նաև Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Ցուցակը գլխավորում է կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:
Այս ընտրություններին մասնակցող մյուս ուժերն են՝ «Հանրապետություն», «Ալյանս» և «Ապրելու երկիր» կուսակցությունները: «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Վազգեն Թորոսյանը: «Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորում է Կարեն Էդարյանը, իսկ նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը` Արտավազդ Ալավերդյանը:
Քանի որ խոշորացման ծրագրով Վանաձորին են միանալու Գուգարք, Շահումյան և Դարպաս բնակավայրերը, այս համայնքների բնակիչները եւս կմասնակցեն քվեարկությանը:
Մեկնաբանել