
Էրեբունիում տղամարդը խեղդամահ է արել կնոջն ու վնասել իրեն
Ոստիկանությունը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13.50-ին, Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Սուվորովի փողոցի թիվ 56 տանը տղամարդը սպանել է կնոջն ու վնասել իրեն։
Ահազանգին արձագանքած Էրեբունու ոստիկանները մեկնել են Սուվորովի փողոցի նշված տուն։
«Տղամարդը խոհանոցում է եղել, դուռն էլ՝ փակ։ Օպերատիվ խմբի գործողությունների շնորհիվ նա բացել է դուռը։ Խոհանոցում արյան հետքեր են եղել, հատակին՝ կնոջ դին։ Նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով 52-ամյա տղամարդը խեղդել էր 46-ամյա կնոջը, ապա խոհանոցային դանակով վնասել իր ձեռքը ու մեծ քանակությամբ արյուն կորցրել։
Տղամարդը քրեական հետախույզների ուղեկցությամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է ձախ նախաբազկի ստորին երրորդականի կտրած վերք, ջլերի և նյարդանոթային խրցերի վնասում։ Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական մարմնին։
Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել