HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ազատվել են քաղաքական պահանջի առկայության պայմաններում, բայց իրավական գործընթացներով

Ազատված քաղբանտարկյալների մասին ասում է Դավիթ Հարությունյանը

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը սովորական է համարում այն, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող դատապարտված անձինք իրենց համարում են քաղբանտարկյալ ու ազատվելուց հետո հայտարարում, որ ազատ են արձակվել քաղաքական ճնշումների արդյունքում: «Բնականաբար, սա քաղաքական պայքարի տարր է, շատ բնական է, որ նրանք պիտի այդպես ասեն,- նշում է Հարությունյանն ու հավելում, որ նման ճնշումներ չկան,- նրանք ազատվել են քաղաքական պահանջի առկայության պայմաններում, բայց իրավական գործընթացներով»:

Բանախոսն ասում է, որ համաներումը որպես կանոն պայմանավորված չէ ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությամբ. «Իմ կարծիքով` անթույլատրելի է համաներումը դարձնել սովորական, մեր կյանքին բնորոշ ինստիտուտ: Համաներման վերաբերյալ հիմնական դերակատարում ունի մեկ մարդ` երկրի նախագահը, որը նախաձեռնում է գործընթացը»: Դ. Հարությունյանը նաեւ դրական վերաբերմունք ունի առավելագույն պատժաչափը 15-ից 20 տարի դարձնելու օրենսդրական նախաձեռնությանը:

Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ում ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարի մասին Հարությունյանն ասում է, որ դա սխալ քայլ է, ինչը ցույց է տվել փորձը. «Նման հանձնաժողովի ստեղծումը համարել ու համարում ենք անիմաստ, ինչի մասին անընդհատ խոսել ենք ԵԽԽՎ-ում: Ես չեմ կարող բացառել, որ ԵԽԽՎ-ի բյուրոն, այնուամենայնիվ, ստեղծի նման հանձնաժողով: Մենք դեմ ենք լինելու դրան, եւ այդ դեպքում գիտենք մեր անելիքները, ինչը, սակայն, հիմա չեմ բացահայտի»:

Որոշ ԶԼՄ-ում հայտնված լուրերը մեր պաշտոնյաների ունեցվածքների մասին, որոնց հանրահավաքում անդրադարձել է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանը` նշելով, որ եթե չեն հերքում, ուրեմն ընդունում են, Դավիթ Հարությունյանը մեկնաբանում է այսպես. «Կան լրատվամիջոցներ, որոնց հետ բանավեճի մեջ մտնելն անիմաստ է, ինձ համար վիրավորական է նրանց հետ շփվելը: Ինչ վերաբերում է այդ ծիծաղելի հայտարարություններին, ես չեմ էլ փորձում արդարանալ, իմ գործունեությունը բաց է եղել հասարակության համար, բայց որեւէ դատական գործընթաց չեմ նախաձեռնելու»:

ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը վերջերս խոսել էր կոալիցիայի ներսում քաղբանտարկյալներին ազատելու քննարկման մասին, որի մասին ՕԵԿ-ականներն ու ՀՀԿ-ականները ասել էին, որ ոչինչ չգիտեն: Պարզվում է` թեմայից անտեղյակ է նաեւ Դավիթ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter