HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Քերոբյանի` Հայաստանը չի կարողանում «սահուն կերպով կլանել» բոլոր ներդրումային ծրագրերը

2022 թվականի պետական բյուջեի նախագծի հանձնաժողովային քննարկումները շարունակվում են: Այսօր քննարկումներ են Տնտեսական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ոչ իրատեսական համարեց Կառավարության կանխատեսած 7% տնտեսական աճը: Նա դիմեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և հետաքրքրվեց` արդյոք Կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման, թե հայ-թուրքական սահմանի բացման ակնկալիքով է կանխատեսել նման ցուցանիշ: Ապա հարցրեց, թե սահմանի բացման տնտեսական ազդեցության գնահատական արվել է, թե ոչ:

Նախարարն արձագանքեց` տնտեսական աճի ցուցանիշում հայ-թուրքական սահմանի բացումը՝ որպես կանխատեսում, ներառված չէ, ուստի դրա վերաբերյալ խոսակցությունները Վահան Քերոբյանը ժամանակավրեպ համարեց:

«Կառավարության ծրագրով առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք ավելացնել ներդրումների չափաբաժինը մինչև ՀՆԱ-ի 25%-ը, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների չափաբաժինը` ՀՆԱ-ի մինչև 6 %-ը: Ասել, որ մեր երկիրը կարողանում է սահուն կերպով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը, սխալ կլինի: Մեր ներդրումների աջակցման կենտրոնում ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք խոչընդոտների են բախվում, մեր ամենօրյա աշխատանքի մասն է նախ օգնել, որ դրանք հասնեն իրենց նպատակներին և ուղղել այն օրենսդրական կարգավորումները, որոնց պատճառով դրանք առաջացել են»,-ներկայացրեց Վահան Քերոբյանը:

Ըստ Քերոբյանի` էկոնոմիկայի մի փոխնախարարի գրեթե ամբողջ գործառույթը գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներն են, և մասնավորապես  համապաատասխան օրենսդրական աշխատանքների մշակումը:

Քերոբյանը տնտեսական աճի ապահովման կարևոր բաղադրիչ համարեց կապիտալ ծախսերը:

«Նման թիվ Հայաստանի պատմության մեջ չի եղել, և իհարկե եթե բարեհաջող կերպով իրականացնենք, մեր տնտեսական աճն ավելի քան իրատեսական կլինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման հարցին, Քերոբյանն ասաց, որ սպասում են հարուցված քրեական գործի հանգուցալուծմանը: Դրանից են կախված հետագա քննարկումները:

«Եթե նույնիսկ էս պահին բոլոր հարցերը կարգավորվեն, հանքը կսկսի աշխատել լավագույն դեպքում 12 ամիս»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter