HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ Քերոբյանի` եթե Գագիկ Ծառուկյանի գործարանը չհրաժարվեր մթերումից, խնդիրներ չէին լինի

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս տարի խաղողի մթերման հարցում առաջացած խնդիրներում անուղղակիորեն մեղադրեց Գագիկ Ծառուկյանին:

Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում շարունակվում է 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոսեց խաղողի մթերման խնդիրների մասին` հետաքրքրվելով, թե արդյոք նախարարությունը պարզել է այդ ամենի պատճառները:

Պատգամավորի խոսքով` կան սեփականաշնորհված գինու գործարաններ, որոնք չեն աշխատում, արդյոք նման դեպքերի համար Կառավարությունը որևէ տնտեսական քաղաքականություն որդեգրել է, թե ոչ:

«Եթե խոշոր մթերողներից մեկը վերջին պահին չհրաժարվեր մթերումից, էս տարի ևս չէինք լսի խաղողի մթերման մասին: Խոսքը պարոն Գագիկ Ծառուկյանի գործարանի մասին է, որը հրաժարվեց էս տարի մթերումից: Իր գործն է, իր բիզնեսը, բայց քանի որ գիտեինք, որ տարվա սկզբին ֆինանսավորել է գյուղացիներին, պայմանագրեր կնքել՝ ամառը կամ աշնանը խաղող մթերելու, դրա վրա մենք հաշվարկներ էինք արել»,- ասաց նախարար Քերոբյանը:

Նրա խոսքով` վերջին պահին մթերումից հրաժարվելը որոշակի լրացուցիչ աշխատանքներ է պահանջել նախարարությունից, և կարողացել են խնդիրը կարգավորել:

«Զանգեր շատ են եղել, բայց ճանապարհ փակելը երկու կամ երեք էպիզոդ է եղել: Ես ինքս էլ բազմաթիվ գյուղացիների եմ հանդիպել»,- ասաց նա:

Այս պատասխանից պատգամավորը զարմացավ` ասելով, որ Գագիկ Ծառուկյանը բավականին հարուստ մարդ է, և հնարավորություն ունի գնել օրինակ բոլոր գինու գործարանները, ուստի առնվազն տարօրինակ է մթերման խաղողից հրաժարվելը:

Քերոբյանի խոսքով` նախարարությունը մեծ փոփոխություններ է նախատեսում ընդհանուր խաղողագործության ոլորտում:

«Հենց հիմա ավարտական փուլում է գինեգործության զարգացման հնգամյա ծրագրի մշակումը: Պլանը, որը որոշել է գինու և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, առաջիկա հինգ տարում հնգապատկել գինու արտադրությունը Հայաստանում: Այսօրվա 12 միլիոն լիտրի փոխարեն արտադրել 60 միլիոն լիտր գինի»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` աշխարհում մի շարք երկրներ նման հաջող ճանապարհ անցել են, և ամենաոգեշնչողը Նոր Զելանդիայի օրինակն է:

«Պատրաստվում ենք էդ ճանապարհը անցնել, վերջացնելուց հետո կոնյակագործության հնգամյա ռազմավարությունը կգրենք»,- ասաց Քերոբյանը:

Ինչ վերաբերում է պատգամավորի նշած չօգտագործվող գործարանների հարցին նախարարն ասաց, որ դա մեծ վնաս է տալիս տնտեսական ակտիվությանը:

«Օրինակ գյուղերում տեսնում ես չօգտագործվող գոմեր, բայց կողքը՝ մարդիկ, ովքեր գոմ ունենալու խնդիր ունեն: Մեր գործարար միջավայրի բարելավման ծրագրում կա կետ, որով փորձելու ենք չօգտագործվող գույքերի նկատմամբ ճնշումը մեծացնել: Լինի դա մանկական աշխարհ, որը Երևանի կենտրոնում է, թե չօգտագործվող գործարան: Որոշակի գործընթացներ ենք իրականացնելու, որ «ստիպենք» սեփականատերերին օգտագործել էդ գույքը»,- եզրափակեց Քերոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter