HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գնել Սանոսյան. «Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները»

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այն կարծիքին է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն անհրաժեշտություն են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

«Անկախ նրանից` այդ պրոցեսում կլինեն ցավոտ հատվածներ, թե ինչ, բայց որ հստակեցման կարիք կա, կարծում եմ` համաձայն եք: Մենք պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները, դա լավ է, թե վատ, այլ հարց է, բայց պետք է լինի հստակ, ու մեր առջև նպատակ դնենք այդ սահմաններում հզորանալ»,- ասաց նա:

Նախարարն օրեր առաջ է Սյունիք գնացել, նախ Տաթև-Աղվանիով, ապա վերադարձել Գորիս-Կապան միջպետական ճանապարհով: Ասում է հիմնանորոգված Տաթև-Աղվանի ճանապարհը պետք է դիտարկեր, դրա համար է այդպես գնացել: Իսկ Գորիս-Կապան ճանապարհով վերադառնալիս որևէ ռեալ վտանգ չի նկատել: Ասում է` չի էլ ֆիքսել, որ ոստիկանները կամ սահմանապահներն ուղեկցել են մեքենաներին:

Դիտարկմանը, թե ստացվում է՝ Կառավարությունն այդ միջպետական ճանապարհին այլընտրանքային ճանապարհ է կառուցել և այդ կերպ հրաժարվում է Մ2-ից, նախարարը չհամաձայնեց:

«Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այն մեր ճանապարհն է` բացառությամբ երկու հատվածի, որոնք վիճարկվում են»,- ասաց նա: Նախարարը հիշեցրեց նաև, որ Կառավարությունը կառուցել է այլընտրանքային այլ ճանապարհներ ևս, որոնցով հնարավոր է մեկնել Շուռնուխ, Որոտան: Ըստ Սանոսյանի` մտադրություն կա վիճարկվող ոլորաններին շրջանցող ճանապարհներ ևս կառուցել: Տաթև-Լծեն ճանապարհն էլ հիմնականում կառուցվում է նրա համար, որ բեռնատարները ոլորաններով չերթևեկեն, բացի այդ` ավելի քիչ հեռավորությամբ Սիսիան մեկնեն:

Սանոսյանը այդպես էլ չհստակեցրեց, թե սահմանագծումն ու սահմանազատումը խորհրդային որ թվականների քարտեզներով են իրականացվելու, սակայն ընդգծեց` պետք է իրավական հստակ կարգավիճակ ունենա և ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

«Խաղաղ ապրելու ու զարգանալու համար կարևոր դերակատարում ունի սահմանների հստակեցումը, որ անընդհատ սահմանային վեճեր չունենանք, ինչ-որ մեկի մեքենային չհարվածեն: Այդ երևույթից (նկատի ունի սահմանագծում, սահմանազատում, հեղ.) պետք չէ վախենալ, խուսափել, նույնիսկ եթե մեկ-երկու տեղով էլ ցավոտ բան լինի, ավելի լավ է ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, որ սա է մեր սահմանը, քան անընդհատ ինչ-որ միջադեպեր ունենալ»,- ասաց Սանոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter