HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ազգային նպատակներին հասնելու ուղիներն այսօր այլ են

Ասում է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը

Այսօր «Արմատ» ակումբում տեղի ունեցավ Գրիգոր Ջանիկյանի «Հայերի դատը Փարիզում» գրքի ներկայացումը լրագրողներին, որը պատմում է 1981-ին ԱՍԱԼԱ-ի 4 մարտիկների ձեռնարկած «Վան» գործողության եւ դրան հաջորդած դատավարության մասին: Ներկա էին նաեւ գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը եւ մասնակից Հակոբ Ջուլֆայանը:

1981-ին 21-23 տարեկան բեյրութցի 4 հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը, Արամ Բասմաճյանը եւ Գեւորգ Գյուզելյանը, տարբեր ճանապարհներով Բեյրութից հասել էին Փարիզ` իրենց հետ տանելով բավականաչափ զենք-զինամթերք: Պայմանավորված ժամին մտել էին Փարիզի կենտրոնում գտնվող թուրքական հյուպատոսարան, պատանդ վերցրել մոտ 60 հոգու եւ հայտարարել, որ բռնություն չեն գործադրելու, դա քաղաքական գործողություն է: Նրանց հիմնական պահանջը Արեւմտահայաստանի ազատագրությունն էր: Բանակցությունները տեւել էին մինչեւ գիշերվա ժամը 12-ը: Այդ ընթացքում` փոխհրաձգության ժամանակ, վիրավորվել էին Վազգեն Սիսլյանը եւ Հակոբ Ջուլֆայանը: Մյուս երկուսը շարունակել էին գործողությունը եւ փոխհամաձայնությունից հետո պատանդներին ազատ արձակել, ու առաջին հերթին պահանջել ապահովել հիվանդանոցում գտնվող երկու ընկերների անվտանգությունը եւ իրենց նկատմամաբ քաղաքական դատ կիրառել:

Գրիգոր Ջանիկյանն ասում է, որ դատավարության փաստաթղթերի գաղտնազերծումից հետո ինքը ֆրանսիական արդարատության գերագույն ատյանից ստացել է դատավարության 15 հատորները, թարգմանել ու պատրաստել այս գիրքը:

«Առանց չափազանցության ասում եմ, որ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո այսպիսի դատ Եվրոպայում եւ աշխարհում չէր եղել,- ասում է գրքի հեղինակը:- Այդ դատն իր ընդգրկումով Թեհլերյանի դատավարությանը գերազանցում է հետեւյալ պատճառներով: Դատին մասնակցում էին բոլոր չորսի մայրերը: Նրանք դատարանում ասել են, որ իրենց որդիները պայքարել են ազնիվ, վեհ նպատակի համար: Դատավարության ընթացքում նամակներ են գրել Շառլ Ազնավուրը, Անրի Վեռնոյը: Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի տիկինը` Մելինե Մանուշյանը, հիվանդ վիճակում եկել է դատարանի դահլիճ եւ ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում իր ամուսնու նկարը Փարիզում փակցված էր որպես ահաբեկիչ, պատերազմից հետո նա դարձել է ազգային հերոս, այդպես էլ այս տղաները կարող են հերոսներ դառնալ: Դրանից հետո դատարանի նախագահը արգելել է ահաբեկիչ բառն օգտագործել դատի ընթացքում: Տղաները ստացել են իրենց պատիժները, բայց դուրս են եկել ձեռքները վեր պարզած: Ֆրանսիայի բանտում երիտասարդները հեռակա ուսանել են Սորբոնի համալսարանում, ինչի համար էլ նրանց պատժի ժամկետը կիսվել է: Թուրքիայի կառավարության կողմից նրանք դատապարտված էին մահվան ու կարող էին միայն հայրենիք վերադառնալ: Վազգեն Սիսլյանը մինչեւ հիմա շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը: Հակոբը ապաստանել էր Կանադայում, որտեղ իմացել էին նրա անցյալի մասին ու վտարել այնտեղից, հիմա նա ապրում է Հայաստանում: Խմբի փոխհրամանատար Գեւորգ Գյուզելյանը հայրենիք վերադառնալուց հետո կազմավորել է «Մեծն Մուրադ» ջոկատը, մասնակցել Արցախյան պատերազմին, իսկ ահա Արամ Բասմաճյանը ազատվելուց քիչ առաջ իրեն կախել էր: Ֆրանսիայի հայությունը նրան թաղել է Պեր Լաշեզ գերեզմանոցում` Անդրանիկի հարեւանությամբ: Այժմ ես այս գիրքը տպագրել եմ այն հույսով, որ մեր նոր սերնդին պիտի ոգեկոչի, որ Արեւմտահայաստանի ազատագրությունը ցնորք չէ ու պիտի շարունակվի մինչեւ հաղթական ավարտ»:

Գիրքը հրատարակվել է անցյալ տարի, մշակույթի նախարարության աջակցությամբ, 500 օրինակով: Հեղինակը պատմում է, որ Իսահակյանի անվան գրադարանում կայացած շնորհանդեսին գրքի տպաքանակն անվճար բաժանվել է մասնակիցներին. «Եթե մեկը պատրաստ լինի վերահրատարակել, մենք պատրաստ ենք»:

«Հետքի» հարցին, թե արդյոք ահաբեկչությունը արդարացված միջոց է Հայ դատին հասնելու համար, Վազգեն Սիսլյանն ասում է. «Առաջինը պիտի հաշվի առնենք մեր ժողովրդի կարծիքը: Բարեբախտաբար, սփյուռքի 99 տոկոսը այդ գործողություններին կողմ էր, եւ Սովետական Հայաստանում էլ հոգեպես շատ լավ էին զգում: Չեմ համարում, որ դրանք ահաբեկչական գործողություններ էին: Դա Եվրոպայի ու Ամերիկայի պրոպագանդան է իրավազրկված ժողովուրդների իրավունքները պաշտպանելու ուրիշ ելք չթողնելուց հետո: Հենց դատարանում դատավորը արգելեց տեռորիստ բառի օգտագործումը: Իսկ եթե մեր նպատակներին հասնելու միակ ճանապարհը տեռորիզմն է, ես չեմ ամաչում դրանից»:

Գրիգոր Ջանիկյանն էլ նշում է, որ դատի ժամանակ ֆրանսիացի դատապաշտպանները փաստարկել են, որ տղաների գործողությունները ոչ մի կապ չունեն ահաբեկչության հետ. «Ես երկար մտածում էի, թե ինչպես պիտի կոչվի նրանց արածը: Վերջապես գտա ճիշտ բառը. նրանք արդարամարտիկներ են: Բոլոր նրանք, ովքեր պայքարում են ազգային նպատակների համար, արդարամարտիկներ են»:

«Ինչու՞ այսօր էլ չեն կիրառվում ԱՍԱԼԱ-ի պայքարի նմանատիպ մեթոդները». «Հետքի» այս հարցին «Վան» գործողության հրամանատար Վ. Սիսլյանը պատասխանում է. «Այսօր ունենք պետություն, ունենք քաղաքական ճանապարհներ, ժամանակներն ու ռազմավարությունը փոխված են, ունենք ազգային բանակ: Բայց մենք նույն զինվորն ենք: Մեր իրավաբան Լենգլերը ասել էր. «Եթե հայ ժողովուրդը պետություն չունի, այսքան ժողովուրդը իրավու՞նք էլ չունի բանակ ունենալու, այս տղերքն են այդ բանակը»: Աշխարհը մեզի պարտադրել էր պայքարելու այդ միջոցը, մենք չամաչեցինք»:

Նա շեշտում է նաեւ, որ այսօր մեր իշխաննությունները շատ մեծ պարտականություն ունեն ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ. «Մեր ազգաբնակչությանը պիտի ավելի հուսադրեն: Հայաստանը սփյուռքի ու ներքին բնակչության նկատմամբ իր կարեւոր դերը չի ստանձնում: Այսօր ներքին պրոբլեմ կա: Հայ բնակիչը չի զգում, որ ինքն իր հայրենիքում է: Դա գալիս է ղեկավարներից: Այսօր դրսի հացի փնտրտուք կա, հիասթափության խնդիր կա»:

Բանախոսները միակարծիք են Արցախի հարցում: «Ոչ մի սանտիմետր հող թշնամուն հետ տալ պետք  չէ, դրանք մեր պատմական հողերն են, ու վերջ: Իշխանությունները շատ-շատ անելիք ունեն բացի իրենց անձնական շահերի մասին մտածելուց»,- ասում է Վազգեն Սիսլյանը:

«Մեր գաղափարն այն է, որ զիջելու տեղ չունենք: Զիջել, բանակցել բառերը մեզ մի քիչ խորթ են,- իր հերթին նշում է Հակոբ Ջուլֆայանը,- ի՞նչ զիջենք, Նախիջեւանն արդեն զիջել ենք: Մենք ենք պահանջատերը, մենք ենք պահանջում: Ղեկավարությունն այսօր պիտի հայրենասիրական ոգի ունենա, ոչ թե ճառախոսություններով, այլ իրենց մեջ պիտի լինի դա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter