HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի ղեկավարած պատվիրակությանը, որում ընդգրկված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և այլ պաշտոնյաներ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը և ներկայացրել հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ չնայած առկա մարտահրավերներին Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը:

Զրուցակիցները երկուստեք շեշտել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը: Բարձր է գնահատվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ փոխվարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը և կարևորել դրա շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացումը:

Մհեր Գրիգորյանն առանցքային է համարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և վերադարձը հայրենիք:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության ու երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter