HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անձնագիր չեն տալիս, քանի որ չկա ծննդականը

Համլետ Հարությունյանի ընտանիքը 1992-ի դեկտեմբերին` վրաց-աբխազական պատերազմի ժամանակ, բռնագաղթել է Հայաստան: 1993-ին Հարությունյանները հաշվառվել են «Նաիրի» հյուրանոցում, որտեղ ապրում են առ այսօր: 2001-ին Համլետը մահացել է, երկու որդիներն ու աղջիկը մնացել են կնոջ` Լիդայի հույսին:

Նույն տարում Լիդան ՀՀ անձնագիր է ստացել, հետագայում քաղաքացի են դարձել նաեւ նրա ավագ որդին ու դուստրը, սակայն կրտսեր տղան` 21-ամյա Գագիկը, առ այսօր չունի անձնագիր` չնայած 2007-2009 թթ. ծառայել է հայկական բանակում:

Տիկին Լիդան պատմում է, որ Գագիկը բանակ գնալուց առաջ դիմել էր Նորք-Մարաշի անձնագրային բաժանմունք` անձնագիր ստանալու համար ու ներկայացրել էր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում` ծննդականի բնօրինակը: Սակայն անձնագիրը ստանալու համար բաժանմունք էր գնացել ոչ թե նշանակված օրը, այլ ավելի ուշ` զորակոչվելուց առաջ:

Նրան ասել են, որ անձնագիրը կստանա զորացրվելուց հետո: 2009-ի նոյեմբերին Գագիկն ավարտել է ծառայությունը, սակայն մինչ օրս անձնագիր չունի: Բանն այն է, որ կորել է նրա ծննդականը:

Մայրն ասում է, թե բնօրինակը եղել է անձնագրային բաժանմունքում, սակայն աշխատակիցները կորցրել են, իսկ իրենք կանգնել են խնդրի առաջ:

Տիկին Լիդան դիմել է բաժանմունքի պետ Քնարիկ Հովհաննիսյանին, վերջինս խոստացել է օգնել, այդ նպատակով դիմել է ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանին:

Վերջինս էլ, տիկին Լիդայի պատմելով, նշել է, որ հարցը կարող են լուծել դատարանի միջոցով: Սակայն տիկին Լիդան զարմանում է, թե այդ ինչպես պիտի դատարանը լուծի հարցը, եթե ինքն ու Համլետը ամուսնացել են Աբխազիայում, ամուսնության եւ երեխաների ծննդյան վկայականներն էլ տվել է այդ երկրի Գալիի շրջանի ՔԿԱԳ գրասենյակը:

Ընդ որում` Լիդա Մադոսյանը դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, որ վերջինիս միջոցով Գալիի շրջանից կրկին ծննդական վերցնեն, սակայն դեսպանատանն ասել են, որ այդ տարածքները ռազմական գործողությունների ժամանակ մեծապես տուժել են, ու հիմա իրենք չեն կարող գտնել այն տարիների փաստաթղթերը:

Իրավաբան Արթուր Մարգարյանն ասում է, որ Գագիկի պարագայում պետք է գործի «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, ըստ որի` «ՀՀ քաղաքացիություն ստանում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը, որը ծագումով հայ է եւ բնակություն է հաստատել ՀՀ-ում»:

Այս դեպքում, Մարգարյանի հավաստմամբ, ծննդյան վկայականի առկայությունը պարտադիր է, բայց քանի որ այն կորել է, եւ տիկին Լիդան էլ տարբեր ուղիներով, այդ թվում` ՌԴ դեսպանատանը դիմելով, փորձել է վերականգնել այդ փաստաթուղթը, ինչը չի հաջողվել, մնում է մեկ ճանապարհ` դիմել դատարան, որն իրավասու է լուծել նման հարցեր:

Իրավաբանը մեջբերում է Քաղ.դատ.օր.-ի 192-րդ հոդվածը. «Դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը»:

Դատարանի վճիռը անձնագրային բաժնի համար հիմք կհանդիսանա Գագիկին ՀՀ անձնագիր տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter