HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

2022-ին Քաղաքացու օրվա միջոցառումների համար կհատկացվի 40 մլն դրամ

Հայաստանի Անկախության 30-ամյակի միջոցառումներին պետբյուջեից գումար չի ծախսվել: Այս մասին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վստահեցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Պետական բյուջեով այս տարի Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել: Որտեղ հնարավորություն ունենք, գործընկերների հետ իրականացնում ենք ծրագիր, որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի բյուջեի վրա»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

2022-ի բյուջեով Քաղաքացու օրվա տոնական միջոցառումների համար հատկացվելու է 40 մլն դրամ:

Այս հարցի վրա ուշադրություն հրավիրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ ամեն տարի այդ տոնը պետք է նշվի։

«Ասեմ ավելին, հնարավորության դեպքում այդ բյուջեն պետք է ավելացնենք, որովհետև, ի տարբերություն ձեր իշխանության տարիների՝ քաղաքացին մեր գերագույն արժեքն է, և քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը քաղաքական կյանքում: Այո՛, մենք չենք կարող նշել օլիգարխի տոն ու չենք նշելու, մենք չենք նշելու բյուջեից գումարներ հափշտակողների տոն, սա այլ արժեհամակարգ կրող քաղաքական ուժերինն է։ Մենք նշելու ենք քաղաքացու տոնն ու ավելի մեծ շուքով»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Աղվան Վարդանյանն էլ հակադարձեց՝ եթե իշխանությունները կարողանում են 400-450 մլն դրամ հայթայթել ու նշել Անկախության օրը, ապա դժվար չէր լինի 40 մլն էլ հայթայթել Քաղաքացու օրվա համար:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2019թ․ ապրիլի 9-ին ընդունել է Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter