
Քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը տեղեկություն է ստացել, որ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել: Նախարարն այս լուրը հայտնեց խորհրդարանում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը:
«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք առաջին մահը քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ)՝ կորոնավիրուսով պայմանավորված, եթե ինձ ճիշտ են զեկուցել: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան: Բայց նախնական, առերևույթ տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ հրատապ միջոցներ են քննարկում որպեսզի գոնե ժամանակավոր սահմանափակեն որոշակի շարժը և ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը:
«Ապագայում էլ մտածում ենք, թե ինչպիսի համակարգային մոտեցումներով նաև 2022-ին այս խնդիրը կարգավորենք: Մինչև այսօրը թերևս ավելի պաշտանված են եղել փակ հաստատությունները, քանի որ այնտեղ ռեժիմն ավելի օգտակար է եղել համաճարակի դեմ, սակայն հիմա վիրուսի ավելի ագրեսիվ լինելու պատճառով նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարը չհայտնեց, թե մահվան դեպքը, որ քրեակատարողական հիմնարկում է եղել:
Մեկնաբանել